Ներքին 1 ժամ առաջ - 23:47 09-07-2026

Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում փորձում է փոխել քաղաքապետին։ Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են նաև տարբեր անուններ։ Թեև իշխանության ներկայացուցիչները չեն հերքում, որ Գյումրին կարող է նոր քաղաքապետ ունենալ, այնուամենայնիվ շարունակում են պահպանել ինտրիգը։

Իշխանության այս ցանկությունը նոր չէ. նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Գյումրիում պետք է անհապաղ իշխանափոխություն տեղի ունենա։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։

«Քաղաքի խնդիրները միայն մեր ավագանու անդամներն ու վարչապետը չէ, որ պետք է բարձրաձայնեին։ Վարչապետը Գյումրիում տեսել է, թե ինչ իրավիճակ է, ինչ խնդիրների առաջ է կանգնած քաղաքը, և բարձրաձայնել է դրանք։ Մենք գյումրեցիների խոսքը փոխանցել ենք ավելի լայն հանրային դաշտ։ Այն իրավիճակը, որ տիրում է Գյումրիում, անընդունելի է, և խնդրին պետք է օր առաջ լուծում տրվի, որպեսզի քաղաքը դուրս գա այդ վիճակից։ Հանրապետության երկրորդ քաղաքը փաստացի ամենամեծ խնդիրների առաջ կանգնած քաղաքներից մեկն է»,- ասել է մարզպետը։

Անդրադառնալով քաղաքային իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք քաղաքն ու իշխանությունը չեն զիջելու ՔՊ-ին, Առուշանյանը նշել է. «Իշխանությունը ՔՊ-ին չեն զիջում, իշխանությունը ժողովրդին պիտի զիջեն, որովհետև ՔՊ-ն ժողովրդի իշխանությունն է, լեգիտիմ ընտրված իշխանություն է։ Գյումրեցիները տեսնում են, թե ինչ վիճակ է Գյումրիում։ Քաղաքը վարի տալով՝ իշխանությո՞ւն են պահում։ Այն խնդիրները, որ մենք տեսնում ենք, շատ տարբեր են այն խնդիրներից, որոնք տեսնում են քաղաքացիները»։

Շիրակի մարզպետի գնահատմամբ՝ Գյումրին նույնիսկ իներցիոն կառավարման փուլից է դուրս եկել։

«Միայն աղբահանությունն ու փոսալցումը կառավարում չեն։ Կառավարումը լրիվ այլ բանի մասին է՝ քաղաքի մենեջմենթի և բազմաթիվ այլ գործընթացների, որոնք հաճախ տեսանելի չեն։ Իսկ աղբահանությունն ու փոսալցումը բոլորովին այլ հարթության խնդիրներ են։ Ճիշտ կառավարման պարագայում մնացած հարցերն ինքնըստինքյան լուծվելու են»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, թե կոալիցիոն կառավարման ընթացքում քաղաքում որևէ խնդիր չի լուծվել։

«2021 թվականին մենք կոալիցիոն կառավարում ենք իրականացրել, և ես այդ ժամանակ եղել եմ փոխքաղաքապետ։ Այդ ընթացքում քաղաքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել։ Քաղաքացիները տեսել են այդ աշխատանքը, որը, ցավոք, կիսատ է մնացել, որովհետև խզվել է հուշագիրը։ Գյումրիի 40 տարվա կուտակված խնդիրները մեկուկես տարվա աշխատանքի վրա բարդելն այդքան էլ ճիշտ չէ։ Բայց, միևնույն ժամանակ, մենք չենք խուսափում պատասխանատվությունից։ Մենք պատասխանատվություն ենք կրում Գյումրիի համար՝ որպես իշխող կուսակցություն, իսկ ես՝ որպես մարզպետ, անձամբ եմ պատասխանատվություն կրում և անում եմ ամեն ինչ, որպեսզի Գյումրին ավելի լավը դառնա։ Կան վարչապետի հանձնարարականները, մենք տարբեր քննարկումներ ենք ունենում, կառավարությունում բարձրաձայնում ենք տարբեր խնդիրներ»,- հակադարձել է Դավիթ Առուշանյանը։

Մարզպետը վստահեցրել է, որ կառավարության կողմից Գյումրիին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։ Դավիթ Առուշանյանը նաև հայտարարել է, որ հրաժարվել է մանդատից և շարունակելու է պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ։

«Ես մանդատից հրաժարվել եմ, շարունակելու եմ պաշտոնավարել որպես մարզպետ։ Ես Շիրակի մարզի բնակիչների կողքին եմ, որովհետև իրենք էլ իմ կողքին են կանգնած։ Եթե շարունակում եմ պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ, ապա կարելի է ենթադրել, որ երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից։ Բայց այստեղ միայն իմ աշխատանքը չէ. սա մեծ թիմի աշխատանք է՝ մարդկանց, ովքեր գործում են ի շահ մարզի և ի շահ քաղաքի»,- եզրափակել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի