«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ TRIPP նախագծի իրականացումը ենթարկվելու է ԵԱՏՄ տարանցման կանոններին։
Թերթը նշում է, որ այս հայտարարությունը քաղաքական շրջանակներում քննարկումների տեղիք է տվել, քանի որ, ըստ որոշ գնահատականների, իշխանությունները փորձում են խուսափել հայ-ռուսական հարաբերությունների հետագա սրումից։
«Հրապարակ»-ը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, մինչդեռ ՀՀ կառավարության հաղորդագրությունում այդ հանգամանքը չի նշվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը։
Մեզ պատմեցին, որ հրդեհի պատճառը եղել է օդորակիչը, այն ճիշտ միացված չի եղել հոսանքին, որից էլ հրդեհ է բռնկվել։ Թեւոնյանների ազգակից, Արալեզի նախկին ղեկավար Մարտիկ Թեւոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, օդորակիչի լարից հրդեհ է բռնկվել, սեւացել են տան պատերը, այրվել են վարագույրն ու բազմոցը։ Նա նշեց, որ տան պատերը կանգուն են, միայն գույքային վնաս է եղել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրեական գործին միացվել է նաև նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի նկատմամբ վարույթը, և գործերը քննվելու են մեկ վարույթով։
Թերթի տեղեկություններով՝ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է Հովիկ Աբրահամյանին ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն ու պաշտոնեական լիազորությունների անցնելուն օժանդակելու համար, իսկ նրա որդի Հովհաննես Աբրահամյանը՝ շրջակա միջավայրին վնաս պատճառելու և պաշտոնեական հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն դատարանից թերթին հաստատել են, որ եղբայրների գործերը միացվել են մեկ վարույթի շրջանակում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունում ակնկալում են ընդդիմադիր պատգամավորների մի մասի աջակցությունը ստանալ և խորհրդարանում ապահովել սահմանադրական մեծամասնություն։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանը փորձել է նվազեցնել նման ռիսկերը՝ ապահովելով, որ խոցելի թեկնածուները հրաժարվեն մանդատներից մինչև խորհրդարան մտնելը։
«Փաստ» թերթը գրում է․ Երևանում ջրամատակարարման խնդիրները խորացել են, իսկ «Վեոլիա Ջրի» աշխատանքը չի համապատասխանում բնակիչների սպասումներին։
Թերթը նշում է, որ հուլիսի 1-ից ջրամատակարարման նոր գրաֆիկի պայմաններում գիշերային անջատումներ են նախատեսվում, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծում հատկապես ամառվա շոգին։
«Փաստ»-ը նաև պնդում է, որ իշխանությունները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում տարբեր ընկերությունների նկատմամբ՝ «Վեոլիա Ջրի» դեպքում չդիմելով այնպիսի կոշտ քայլերի, ինչպիսիք կիրառվել են այլ կառույցների նկատմամբ։