«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոններից հետ կանչելու մասին։
Հետ կանչվածների թվում են Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, Արգենտինայում դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բուլղարիայում դեսպան Ծովինար Համբարձումյանը, Իսրայելում դեսպան Արման Հակոբյանը և Նիդերլանդներում դեսպան Վիկտոր Բիյագովը։ Պաշտոնից հետ է կանչվել նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` մոտ օրերս աղմկահարույց, ավելին՝ «ցնցող» ռեպորտաժներով բացահայտումներ են սպասվում։
Առանցքում, աղբյուրի պնդմամբ, նախկին կարկառուններ են, այդ թվում՝ հոգևորականներ։
Ասել է թե՝ փորձ է արվելու լռեցնել «ալիևյան սահմանադրության» շուրջ աղմուկը»։
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձից հետո ձևավորված քաղաքական և փորձագիտական արձագանքները ցույց են տալիս, որ նոր Սահմանադրության շուրջ ոչ միայն չի առաջացել հանրային կամ քաղաքական համաձայնություն, այլև ավելի են հստակեցվել ու սրվել երեք առանցքային հակադրություններ՝ պետական ինքնության, խաղաղության պայմանների և իշխանության լեգիտիմության շուրջ։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը փաստացի մերժել են վարչապետի առաջարկած սցենարը՝ հանդես գալով թե՛ քաղաքական հակափաստարկներով, թե՛ գործընթացի այլընտրանքային տրամաբանությամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի՝ Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի հետ կապված։ Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պահանջում է այն վերադարձնել կառավարությանը։
Սա միակ տեղն է, որտեղ Արցախի հանձնումից հետո վտարանդի մեր հայրենակիցները հավաքվում, քաղաքական, սոցիալական հարցեր էին քննարկում, եւ շենքում մի արցախցի ընտանիք էր նաեւ բնակվում: