Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:10 25-06-2026

Ինչու են արևմտամետները սատարում ռուսամետ Փաշինյանին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քաղաքական վարքաբանության ամենաանհեթեթ պատկերներից մեկն այն է, որ արևմտամետ որոշ կուսակցություններ սատարում են ռուսամետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչո՞ւ են արևմտամետները ռուսամետ Փաշինյանին սատարում։

2018-2022-ին Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր։ ՔՊ-ականները պարծենում էին, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են։ Բոլորը տեսնում էին, որ Փաշինյանն ինքնամոռաց սպասարկում է ռուսական շահերը։ Նա նույնիսկ Սիրիա զորք ուղարկեց։

Իրավիճակը փոխվեց 2022-ի սեպտեմբերի 15-ի ՄԱԿ ԱԽ նիստից հետո, երբ ՌԴ-ն չճանաչեց ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Դրանից հետո Հայաստան-Արևմուտք գործակցությունն ակտիվացավ։

Ռեալ քաղաքականության տեսանկյունից հիմք չկա ենթադրելու, որ Փաշինյանը դարձի է եկել, դարձել անկախության և ժողովրդավարության ջատագով։ Ճիշտ է, հիմա նա ինքնամոռաց չի սպասարկում ռուսական շահերը, սակայն ռեալ քայլ չի արել ռուսական ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Օրինակ՝ դուրս չի հրավիրել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան, լյուստրացիա և դեսովետիզացում չկա, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսվել, նույնիսկ Հունիսի 14-ն են կազմակերպված ուրանում։ Այս առումով Փաշինյանն ու արևմտամետ գործիչներն ընդհանուր քաղաքական և մշակութային ընկալումներ չունեն։ Այսինքն՝ նրանց գործակցությունը քաղաքական ընդհանուր առաջնահերթությունների վրա հիմնված չէ։

Ասում էին, թե 2022-ին Հայաստանի վերաբերյալ գաղտնի գործարք է կնքվել Արևմուտքի և Կրեմլի միջև, ըստ որի՝ ՌԴ-ն հրաժարվել է ՀՀ-ում ունեցած ազդեցությունից։ Այս վարկածի օգտին է վկայում այն, որ ՀՀ-ն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ խորացնում է հարաբերությունները։ Եվ ըստ այս վարկածի՝ ՀՀ-ում 2026-ին պետք է ձևավորվեր արևմտամետ իշխանություն, ռուսամետ Փաշինյանին պետք է փոխարինեին անկախության և ժողովրդավարության ջատագովները։

Ահա այստեղ Փաշինյանն ու նրա կրեմլյան հովանավորները ձիով քայլ արեցին։ Փաշինյանը արևմտամետ որոշ ուժերի ու գործիչների դարձրեց իր սատելիտները։ Այսպես նա ազատ աշխարհին ցույց տվեց, որ ինքն արևմտամետների լեգիտիմ առաջնորդն է, ամենամեծ ժողովրդականություն վայելող արևմտամետը։ Այս իրավիճակում Արևմուտքը ստիպված գործակցեց երբեմնի ռուսամետ Փաշինյանի հետ, քանի որ արևմտամետների մի մասը սատարում է Փաշինյանին, իսկ մյուսները մեծ ժողովրդականություն չեն վայելում, որ ազնիվ մրցապայքարում հաղթեն Փաշինյանին, իրականացնեն անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ։ Այսինքն՝ Փաշինյանը արևմտամետների հետ ընկերություն է անում նրանց հետ ասոցիացվելու, ռեալ այլընտրանքը չեզոքացնելու և իր իշխանությունը պահպանելու համար։

Այս պատկերն ավելի անհույս դարձնելու համար Փաշինյանը արհեստականորեն գրգռեց ռուսամետ ուժերին, նրանց դարձրեց իր հիմնական ու գլխավոր մրցակիցը։ Ինչպես քոռերի մեջ միաչքանին սուլթան է, այնպես էլ Փաշինյանը վառ ռուսամետների ֆոնին ժողովրդավար, անկախական ու արևմտամետ երևաց։ Ռուսամետ ուժերը Փաշինյանի հետ մրցապայքարում ռեալ այլընտրանք չեն, և նրանց հաղթանակը ոչ ոք չէր ճանաչի։ Այս մասին գիտեին բոլորը։ Դրա համար 2025-ի ամռանը ՀՀ-ում Փաշինյանի իշխանությունը քրեական հետապնդում սկսեց գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ, նրան ստիպեց զբաղվել քաղաքականությամբ, ստեղծել կուսակցություն, մասնակցել ընտրություններին, հավաքել 23 տոկոս, մտնել ընդդիմադիր գործչի կերպարի մեջ և այլն։ Արդյունքում՝ արևմտամետ ուժերը խաղից դուրս մնացին։ Իսկ Արևմուտքը շտապեց շնորհավորել վառ ռուսամետների ֆոնին արևմտամետ երևացող Փաշինյանին, քանի որ չէր կարող ճանաչել ռուսամետների հաղթանակը։ Այսինքն՝ արևմտամետներին թիմակից և ռուսամետներին ընդդիմություն դարձնելով, Փաշինյանն ապահովեց իր՝ միջազգայնորեն ճանաչված հաղթանակը։

Արևմտամետ ուժերը պատասխանատվության բաժին ունեն նաև զանգվածային ընտրակաշառքի և ընտրակեղծիքների մեջ։ Եթե արևմտամետները մեծ կոալիցիա կազմեին, անողոքաբար քննադատեին ոչ թե արհեստականորեն ակտիվացված ռուսամետ ընդդիմությանն, այլ Փաշինյանի ռուսամետ կուրսը, մեծ հավակնություններով մասնակցեին հունիսի 7-ի ընտրություններին և լուրջ տոկոս հավաքեին, ապա ազատ աշխարհի երկրները չէին շտապի ճանաչել Փաշինյանի հաղթանակը, քանի որ կտեսնեին ռեալ այլընտրանք՝ ի դեմս արևմտամետ կոալիցիայի։ Այսինքն՝ արևմտամետները, Փաշինյանին սատարելով, անուղղակի նպաստել են, որ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի, կեղծարարության վերաբերյալ ողջամիտ կասկածները հասնեն դատարաններ։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված բախտակից երկրների օրինակը հուշում է, որ ՀՀ-ն ևս անկախության և ժողովրդավարության ջատագովների, արևմտամետների պայքարի շնորհիվ վաղ թե ուշ ազատվելու է ռուսական ազդեցությունից։ Այնինչ՝ հիմա նրանք արհեստականորեն պառակտված են, որոշները սատարում են ռուսամետ կուրս վարող Փաշինյանին։ Այդպիսով ձգձգում են ռուսական ազդեցությունից փաստացի ազատման և լիարժեք անկախացման օրը, մեծացնում ռուսական գոտում «օլոմբա» մնալու հետ կապված անվտանգային ռիսկերը։

Կարճ ասած՝ արևմտամետները կարող են իրականությանը համարժեք վարք դրսևորել, իրական հավակնություն ներկայացնել, դադարել ռուսամետ Փաշինյանին սատարելուց և հույս ներշնչել, որ Հայաստանը դուրս կգա «օլոմբա» վիճակից, օրինապես կազատվի հակաքաղաքակրթական շահեր սպասարկողներից, կդառնա ազատ ու երջանիկ մարդկանց պետություն, ազատ աշխարհի ներդաշնակ մասը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը