Մամուլ 1 ժամ առաջ - 08:38 24-06-2026

Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. Անհարմար հարցեր․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից մեկում արձանագրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացրել պետական պաշտոնյաների և խոշոր բիզնեսի հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուսումնասիրված փաստաթղթի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարի անունով հայտարարագրվել է 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը, ըստ հայտարարագրի, տրամադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

Թեև փաստաթղթում նշվում է, որ այցը պաշտոնական և աշխատանքային բնույթ է կրել, հրապարակված տվյալները, միևնույն ժամանակ, մի շարք անհարմար հարցեր են առաջացնում։

Նախ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնավոր ընկերությունից ստանա մասնավոր ավիաթռիչքի ծառայություն։ Եթե միջոցառումն իսկապես պետական նշանակության էր, և նախարարի մասնակցությունը պայմանավորված էր պաշտոնեական պարտականություններով, ապա տրամաբանական կլիներ, որ ուղևորության ծախսերը կատարվեին պետական բյուջեից կամ այլ պաշտոնական ընթացակարգերով, այլ ոչ թե ներկայացվեին որպես «նվեր»։ Ինչի՞ դիմաց՝ նվեր։

Երկրորդ՝ որքան էլ հայտարարագրում նշված արժեքը կազմի 567 հազար դրամ, դժվար է պատկերացնել, որ Լոնդոն իրականացված մասնավոր ավիաթռիչքի իրական շուկայական արժեքը սահմանափակվում է հենց այդ գումարով։ Սա ևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի՝ ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել արժեքը, և արդյոք այն արտացոլում է իրական ծախսերը։

Երրորդ՝ խոսքը վերաբերում է մի ֆինանսական կառույցի, որը գործում է Հայաստանի ֆինանսական համակարգում և մշտապես գտնվում է պետական մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների տիրույթում։ Նման պայմաններում նույնիսկ օրինական ձևակերպված նվերը կարող է առաջացնել շահերի բախման, ազդեցության կամ արտոնյալ հարաբերությունների վերաբերյալ հանրային կասկածներ։

Ամենակարևոր հարցը, սակայն, քաղաքական և բարոյական հարթության վրա է. արդյո՞ք հանրային բարձր պաշտոն զբաղեցնող նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է ընդունի նման բնույթի ծառայություններ մասնավոր հատվածից, նույնիսկ եթե դրանք հետագայում պատշաճ կերպով հայտարարագրվում են։

Կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարագրեր լրացնելը չէ։ Այն նաև հանրային վստահության պահպանման խնդիր է։ Երբ քաղաքացիները տեսնում են, որ նախարարները մասնավոր ինքնաթիռներով մեկնում են արտասահմանյան միջոցառումների՝ բիզնեսի հաշվին, բնականաբար, առաջանում է հարց՝ որտե՞ղ է ավարտվում պաշտոնական համագործակցությունը, և որտե՞ղ է սկսվում ազդեցության ռիսկը։

ԿԿՀ-ի հրապարակած ձևաթուղթը փաստում է, որ նվերը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով։ Սակայն հայտարարագրումն ինքնին չի վերացնում հանրային հետաքրքրությունն ու անհրաժեշտությունը՝ ստանալու ամբողջական պատասխաններ այն մասին, թե ինչ պայմաններում է կազմակերպվել թռիչքը, ինչու է ընտրվել հենց մասնավոր ավիացիայի տարբերակը, և արդյոք պետությունը չէր կարող ապահովել պաշտոնական այցի ծախսերը սեփական միջոցներով։

Հանրությունը սպասում է ոչ միայն փաստերի արձանագրմանը, այլ նաև դրանց լիարժեք բացատրությանը։ Իսկ մինչև այդ, «նվեր» ձևակերպմամբ մասնավոր ինքնաթիռով Լոնդոն կատարած թռիչքը շարունակում է մնալ հարցականներով լի պատմություն»։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են

Ձեզ գուցե հետաքրքրի