Ներքին 5 ամիս առաջ - 20:07 17-06-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն և թեմական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության և ժողովուրդների միջև երկխոսության խթանման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ կազմակերպության կողմից գործադրվող ջանքերին՝ ի նպաստ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հիմնահարցերի բարձրաձայնման և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացման ուղղությամբ՝ հատկապես մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, կրթադաստիարակչական և ազգապահպան առաքելության մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին իր ծառայությունն է իրականացնում ի խնդիր հայորդիների հոգևոր կյանքի զորացման, ազգային միասնության ամրապնդման և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության այցի նպատակը և վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը՝ զորակցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին և ըստ ամենայնի նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները