copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:21 20-12-2021

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի պատվիրակությանը

Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին: Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունն ունեն հարուստ պատմություն։ Երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում, ըստ նորին սրբության, իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։

Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի և ակնկալիքների վերաբերյալ։ Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևոր է նկատել նաև երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանն արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։

Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդյունքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացման:

Ամենից շատ դիտված