Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 20:30 27-05-2026

Փաշինյանը պնդում է՝ 8 մլրդ է վերադարձրել, զենքերը լավը չէին, Քոչարյանի կոշտ պատասխանը․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 27-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որով վարորդական իրավունքից զրկված անձինք հնարավորություն կստանան վերականգնել այն առանց քննության՝ անցնելով փորձաշրջան ու ստանալով 6 տուգանային միավոր: Վարորդական իրավունքից զրկված մի շարք անձինք պահանջել էին իրենց կրկին ղեկին վերադառնալու հնարավորություն տալ մայիսի կեսին՝ ընտրարշավի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանից, ով խոստացել էր լուծում գտնել և արժանացել վարորդների դրվատանքին: Արփինե Սարգսյանը կառավարության նիստում, խոսելով օրենքի ընդունման անհրաժեշտության մասին, ասաց՝ իրենք վարորդական իրավունքի վերականգնման մոդելն են փոխում և կենտրոնանալու են վարորդի վարքագծի փոփոխության վրա։ Նոր կարգավորմամբ՝ վարորդական իրավունքի վերականգնման համար քննություն չի պահանջվի։ Վարորդական իրավունքից զրկվելու ժամկետի ավարտից հետո քաղաքացիները կկարողանան դիմել, անցնել մեկ տարվա փորձաշրջան՝ 6 բալով և, եթե տարվա ընթացքում այս բալերը չզրոյանան, կկարողանան լիարժեք վերականգնել վարորդական իրավունքը։ Այս մեխանիզմից օգտվելու համար վարորդները պետք է 50 հազար դրամ պետական տուրք վճարեն։ «Մենք տալիս ենք խիստ սահմանափակ բալային միավորներ, իրավունքը վերականգնվում է։ Պայմանականորեն, եթե մեկ անգամ անձը հարբած վիճակում վարեց և 1-2 փոքր խախտումներ ունեցավ, 6 բալը սպառվում է, մենք անծայրածիր հնարավորություններ չենք տալիս ու տալիս ենք դա մեկ տարվա տրամաբանության մեջ», - ասաց նա։

Պաշտպանության նախարարությունից պարզաբանում են, որ բանակի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, որոնց պատճառով էլ զինանշանը փոխվել է։ «2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը։ Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը, այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը. սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար»,- հայտնել են ՊՆ-ից, ապա՝ հավելել․ « Նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում արձանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք, արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին, այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը»։

Կոտայքի մարզում քարոզարշավի իրականացնող Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ 8 միլիարդ թալանված, ստվերում գտնվող գումար է վերադարձել եմ Հայաստանի պետական բյուջե, որը ժամանակին հոսում էր ընդդիմադիրների գրպանները։ «Ո՞նց է հոսում ձեր գրպանը, թոշակների ձևով: Ես 8 տարի վարչապետ եմ, 7 տարբեր որոշումով անդրադարձել եմ թոշակին, նվազագույն թոշակը եռապատկել ենք: Ո՞նց է հոսում ձեր գրպանը, առողջության ապահովագրության տեսքով։ Սիրելի՛ երիտասարդ մայրիկներ, ձեր մինչև 18 տարեկան երեխեքի առողջապահական նվազագույն կարիքները հոգում է պետական բյուջեն։ Ձեր 65+ տարիքի ծնողների նվազագույն առողջապահական կարիքները հոգում է պետական բյուջեն»,- ասել է Փաշինյանը՝ պնդելով, որ պետությունը սիրում է քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենց ընտրելով քաղաքացին ընտրում է ինքն իրեն: «Այսօր նայում են, ասում են՝ արա, հլը նայեք, «պերաշկի» է ուտում։ Հիվանդնե՛ր, դուք սովորեք, ես «պերաշկի» ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ, ես ուտում եմ, որովհետև երեխեքն էլ են ուտում և ասում եմ՝ այս ընտրություններում «պերաշկի» ուտողները պետք է ընտրեն «պերաշկի» ուտողներին»,- ասել է Փաշինյանը շեշտելով, որ նախքան իրեն թոշակառուներն անգամ կարկանդալ և կարտոֆիլ ուտելու հնարավորություն չունեին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան