Ներքին Արտաքին Միտք 5 ամիս առաջ - 10:56 24-05-2026

Թուրքիան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար. թյուրքագետ

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։

Ավելին՝ չի էլ պատրաստվում նման քայլի, և դա ունի շատ հիմնավոր ու պրագմատիկ պատճառ։

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է՝ օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ գործիքը ոչ այնքան ծառայում է բուն նպատակին (զուտ տնտեսական տեսանկյունից դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է), այլ պաշտոնական Անկարայի կողմից այն օգտագործվում է որպես քարոզչական ու հոգեբանական գործիք։

Բացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։

1991 թ. ի վեր մեզ անդադար համոզում են, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մենք տնտեսական բարեկեցության մեջ ենք ապրելու՝ այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակված սահմաններից։ Այս քարոզչական մանիպուլյատիվ թեզը, ցավոք, շատ ամուր կերպով նստած է հայ հասարակության ու նույնիսկ ազգային էլիտաների պատկերացումներում՝ դիտարկելով Թուրքիայի հետ բաց սահմանը որպես բացարձակ բարիք՝ առանց դրա իրական, գիտահեն ապացույցների։ Այս հարցում ամեն բան կառուցվում է կենցաղային տրամաբանության վրա. այս տրամաբանությունը սնուցվում է «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը», «21-րդ դարում փակ սահմաններ չկան» և այլ անհիմն պնդումներով։

Մինչդեռ այս թեզի քարոզի ու լայն տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է։ Այդ քարոզի տրամաբանությամբ Թուրքիայի կողմից արված պատերազմական քայլը դիտարկվում է զուտ տնտեսական և մի բան, որ «մեզ շատ է պետք»։ Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը։

Հենց սա է պատճառը, որ 2020 թ. պատերազմից հետո ՀՀ դե ֆակտո իշխանությունը ամեն օր նոր զիջումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, բայց սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը չի լուծվում։ Թուրքիան օգտագործում է սահմանների թեման որպես դիվանագիտական-քաղաքական ճնշման գործիք։ Պատահական չէ, որ արդեն 6 տարի կան միայն հայ-թուրքական անբովանդակ հանդիպումներ, քննարկումներ, բայց չկա սահմանների բացում։ Այս ամբողջ քարոզչության նպատակն է հայ հասարակության շրջանում ստեղծել կեղծ պատրանք, որ «հեսա-հեսա բացվելու է սահմանը» և «լավ ենք ապրելու»։ Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային արվում են նոր զիջումներ։

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը, դա վնաս է ոչ միայն առողջությանը, այլև՝ անվտանգությանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:59 Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք