Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 12-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի 5-րդ օրվա «հերոսները» Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն էին։ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվեցին նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշեց՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այսուհետ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ Փաշինյանի, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։ Հիշեցնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կողմեը դեռ 2022-ի հուլիսի 1-ին պայմանավորվել էին ցամաքային սահմանը բացել դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց և 3-րդ երկրների քաղաքացիների համար, որն առ այսօր կյանքի չի կոչվել։ Նախորդ տարվերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարեց, որ 2026-ի սկզբին Հայաստանի հետ կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլեր կլինեն, որոնք սակայն առ այս պահը չեղ եղել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անընդունելի է համարում ցանկացած արտաքին միջամտություն ՀՀ ներքին քաղաքականությանը։ «Ինձ համար անընդունելի է ցանկացած երկրի միջամտություն Հայաստանի գործերին։ Ոչ միայն ՌԴ-ի, այլև բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,– դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ընդունում ՌԴ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն Ուկրաինայի ճանապարհն է բռնել։ Սամվել Կարապետյանը պատասխանեց նաև քաղաքացիության հետ կապված հարցերին՝ չհստակեցնելով, թե Կիպրոսի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել։ «Առավոտյան արթնացա, զանգեցի Արամ Վարդևանյանին։ Ես լիովին վստահում եմ նրան և այս հարցի հետ կապված ինչ փաստաթուղթ տալիս է՝ ստորագրում եմ»,- կես–կատակ կես–լուրջ ասաց Կարապետյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ընտրվելու դեպքում որտե՞ղ է տեսնում Նիկոլ Փաշինյանին, Կարապետյանը կարճ պատասխանեց` «թմբուկ նվագելիս»։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պետ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին։ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ընտրությունը վառ վկայությունն է Վրաց Եկեղեցուն ու ժողովրդին բերած Ձեր տարիների նվիրյալ սպասավորության։ Մեր աղոթքն է, որ Ամենակալ Տերն Իր առատ շնորհներով մշտապես զորավիգ լինի Ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ՝ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ վրաց ժողովրդին։ Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերը՝ խարսխված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և հարուստ հոգևոր ու պատմական ժառանգության վրա, վստահ ենք, Ձեր Պատրիարքության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել մեր Եկեղեցիների, ժողովուրդների և պետությունների գործակցության համար»։ Նորին Սրբությունը Շիո Երրորդ Կաթողիկոս-Պատրիարքին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արգասաբեր հովվապետական ծառայություն՝ ի փառս Աստծո, և ի բարօրություն Վրաց Եկեղեցու ու հավատավոր վրաց ժողովրդի։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան