Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:25 27-08-2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը չի կործանում, Ալիևն էլի սպառնում է, Թորոսյանի նոր պաշտոնը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 27-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նա դա արել է ամերիկացի զրուցավար Պատրիկ Բետ-Դևիդի պոդկաստի շրջանակում։ «Գիտեք՝ Հոլոքոստը ճանաչվել է աշխարհի 193 երկրների կողմից։ Մի շարք երկրներում, եթե դու մերժես այն, կարող ես բանտում հայտնվել։ Եթե կա մի երկիր աշխարհում, որից ես պետք է ակնկալեի լինել հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում, Իսրայելն է։ Ինչո՞ւ դուք չեք ճանաչել հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը, որը թուրքերն են իրականացրել»,- հարցել է Բետ-Դևիդը։ Ի պատասխան Նեթանյահուն հայտարարել է, որ եթե չի սխալվում, իրենք դա արել են։ «Կարծեմ՝ Քնեսեթը համապատասխան բանաձև է ընդունել»,- ասել է Նեթանյահուն։ Բետ-Դևիդն ասել է, որ ակնկալում է դա հենց Նեթանյահուից լսել։ «Վստահ չեմ, որ դա հենց Իսրայելի վարչապետի կողմից է արվել»,- հավելել է նա։ «Ես հենց նոր արեցի դա»,- պատասխանել է Նեթանյահուն։ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի հայտարարությանը՝ այն որակելով որպես անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ։ «Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն իր այսօրվա ասուլիսում հայտնեց, որ ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին գրություն էր ուղարկել, որ կատարվի Ստոկհոլմի Արբիտրաժի միջանկյալ որոշումը: Նրա խոսքով՝ պատասխանում Մեսրոպյանը նշել էր, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, բայց հետո իրենց հայտնի է դարձել, որ Հանձնաժողովի նախագահը գրություն է ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավարին: Նա կարդաց հիմնական կետերը Նարեկ Կարապետյանի գրության, որոնցից ամենակարևորներից է՝ վերացնել հանձնաժողովի նախագահի՝ հուլիսի 18-ի մեգաորոշմամբ կիրառված կանխարգելիչ միջոցառումը՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելը: «Կառավարությունը պատասխանել է, որ պարտադիր է կատարման: Այսինքն, որոշումը կայացնելու պահից կատարման ենթակա է Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը»,- ասաց նա: Ղազինյանը նկատեց, որ ստացվում է մի իրավիճակ, որ Կառավարությունն իմտիացիա է ստեղծում, թե ընդունում է Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը, բայց Հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի:

Փաստաբանը միևնույն ժամանակ հայտնել է, որ Սամվել Կարապետյանը բացի ՀԷՑ-ի համար սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի, որը կոնկրետ թիվ է, 2015-ից մինչ այսօր տրամադրել է 11.6 մլրդ դրամ, որը ամսեկան կազմում է մոտավորապես 150 մլն դրամ։ «Հիմա ամիսը 150 մլն դրամ դեռ սեփականատերը տալիս է, իրենք 20 մլն կրճատել են և դա ներկայացնում են որպես բարեգործություն, որ 1000 աշխատող, որոնք 200 հազար են ստանում, տաս տոկոս ավելի են ստանալու: Արդյոք ավելի բարոյական չէր լինի այդ ամեն ինչն անելուց առաջ ասել՝ սա սեփականատիրոջ միջոցներն են, ոչ թե աշխատավարձային ֆոնդի միջոցներն են»,- ասաց նա: Ղազինայնը նշեց, որ սեփանակատերն անքակտելի իրավունք ունի իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշելով, չի ուզում տրամադրել այդ գումարը։ «Սամվել Կարապետյանը չի անում այդ քայլը այս բոլոր անարդար մեթոդներից հետո որպես պետականամետ մարդ: Այսինքն, նա դրանով չի պատժում կառավարչին, իշխանությանը կամ Հանձնաժողովին: Բացի այդ, իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում միանշանակ կրճատումներ պետք է արվեն: Այսինքն, այդ ֆոնդի չափով աշխատակիցներ պետք է կրճատվեին, որ աշխատավարձային ֆոնդի մեջ տեղավորվեն: Եվ երրոդ պատճառն այն է, որ ՀԷՑ-ը կգնա կործանման»,- պարզաբանեց նա:

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը 2021 թվականի օգոստոսից զբաղեցնում էր Նարեկ Մկրտչյանը, ով Խաչատուրյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Մինչ այս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ՔՊ-ական Լիլիթ Մակունցն էր: Նրան դեսպանի պաշտոնից հետո կանչելու հրամանագիրը ևս հրապարկված է նախագահի պաշտոնական կայքէջում: Օգոստոսի 22-ին էլ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի էր ունեցել հրաժեշտի ընդունելություն Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: