Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:51 26-01-2026

Սամվել Կարապետյանը երաշխավորում է, Ավինյանը դժգոհ չէր, ՔՊ-ականների նոր պաշտոնները. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 26-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Դատարանն այսօր մեկ ամսով երկարացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը: Ըստ մեղադրանքի՝ կալանքի տակ պահվող Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքը անհիմն է համարում: Այսօր մեկնարկած դատական նիստում դատախազը միջնորդել էր երեք ամսով երկարացնել Մկրտիչ սրբազանի կալանքը՝ պնդելով, թե կա ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կազդի վկաների վրա: աստաբան Ռոման Ահարոնյանն էլ հակադարձել էր դատախազին, պնդել, որ առաջին իսկ կալանքի հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաները։ «Հիմա, երբ գործը դատարանում է, տեսնում ենք, թե ինչ ապացույցներ են։ Մեղադրանքի կողմը խաբել է դատարանին, թե գործ ունեն անելու, կորզում են կալանքը։ Սրբազանն ապօրինի կալանքի տակ է։ Դատակոչված չէ ոչ մի վկա, ո՞ւր են այդ վկաները», - նշում էր փաստաբանը, շեշտելով՝ կալանքն անհապաղ ենթակա է վերացման: Դատարանը մեկ ամսով երկարացրեց Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը։ Դատարանը թույլատրեց քահանային մասնակցել պատարագներին՝ բացառելով շփումն այլ անձանց հետ։ Տեր Գարեգինը մեղադրվում է Մկրտիչ սրբազանին օժանդակելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:

Բարերար Սամվել Կարապետյանը, ով ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ ուղերձ է հղել։ Ուղերձում Կարապետյանը նշել է՝ անցած ամիսներին առաջ եկած երկու կարևոր հանգամանք կա, որոնց մասին ցանկանում է խոսել։ «Նախ, սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունը ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը։ Երկրորդ հանգամանքը։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին՝ ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության։ Մնացածը՝ սուտ խոսքեր են։ Մնալ իշխանության ամեն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա,- ասել է Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով՝ թույլ չեն տալու այդ ամենը: Կարապետյանը նշել է նաև, որ երաշխավորում է իր տնտեսական ծրագրի 5 կետերի իրագործումը. «300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում, 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք՝ բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ»։ «Ժամանակը մոտ է։ Անելու ենք՝ մեր ձևով»,- ուղերձն այս բառերով է եզրափակել բարերարը։

Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցում անտառպահպանման աշխատանքներ հնարավոր կլինի իրականացնել, երբ Ադրբեջանի հետ այդ հատվածում սահմանազատում կիրականացվի։ 2025 թ. աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Մամուլում պարբերաբար ահազանգեր են լինում այն մասին, որ Սյունիքի մարզում՝ «Շիկահողի» արգելոցի տարածքում, ադրբեջանական կողմը մասսայական ծառահատումներ է անում իր դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար։ Այդ նպատակով մոտ 60 հա անտառ է հատվել` կտրվել է առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ։ Մաթևոսյանի խոսքով` բնապահպանական հարցերը եղել են, կան ու կլինեն կառավարության և իր ղեկավարած նախարարության առաջնային խնդիրներից մեկը, սակայն կա շատ ավելի կարևոր օրակարգ` խաղաղության օրակարգը։ «Այս տեսանկյունից հարցին պատասխանելով` ասեմ` երբ կավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները, և սահմանազատում կլինի առնվազն այդ տարածքում, ապա հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վերհանելու, քննարկումներ կազմակերպելու։ Ես հույս ունեմ, որ արդեն խաղաղության պայմաններում մենք կունենանք հնարավորություն հարևան երկրի հետ իրականացնելու անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում»,– հայտարարեց նախարարը։


Մանրամասները՝ տեսանյութում: