«Հայվեյզն» աշխատում է թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ
Հայաստանի օդային բեռնափոխադրումների ոլորտում այսօր առանձնանում է մեկ անուն՝ «Հայվեյզ», որը կարճ ժամանակահատվածում կարողացել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը, այլև դառնալ միջազգային շուկայում ճանաչելի ու վստահելի գործընկեր։ Ընդամենը մի քանի տարվա գործունեության ընթացքում «Հայվեյզը» ձևավորել է հաջողության պատմություն՝ հիմնված ռազմավարական մտածողության, որակի ու հուսալիության վրա։
Այսօր ընկերությունը Հայաստանի միակ քաղաքացիական բեռնատար ավիաընկերությունն է՝ սեփական օդանավային պարկով։ Այս տարվանից ընկերությունը սկսել է շահագործել երկրորդ ինքնաթիռը։ Կարևոր մի փաստ. ինքնաթիռները «Հայվեյզի» սեփականությունն են։ Ընկերության երկու բեռնատար օդանավերը Բոինգ 737-400 ԷՍ ԷՖ տիպի են։
Ավիաընկերությունն ապահովում է Հայաստանի օդային բեռնափոխադրումների զգալի մասը։
«Հայվեյզն» ակտիվորեն աշխատում է թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ՝ ներառյալ դեպի Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներ՝ հաշվի առնելով օդային բեռնափոխադրումների շուկայում առկա պահանջարկն ու ընկերության գործունեության զարգացման ռազմավարությունը։
Հիշեցնենք, որ «Հայվեյզ» ՍՊԸ-ն օդանավ շահագործողների վկայականը (ՕՇՎ) ստացել է 2024 թվականի փետրվարին՝ 16 տարի ժամկետով։
Նույն տարվա ապրիլից ընկերությունն արդեն ավելի քան 600 բեռնատար չվերթներ է իրականացրել՝ Մոսկվա, Թբիլիսի, Ակտաու, Ալմաթի և հակառակ ուղղություններով։
Կարճ ժամանակահատվածում «Հայվեյզը» կարողացել է բազմակի անգամ մեծացնել թռիչքների քանակը և փոխադրված բեռների ծավալը։ Միայն 2025 թվականին «Հայվեյզ» ավիաընկերության չվերթներով տեղափոխվել է ավելի քան 12 000 տոննա բեռ, իսկ 2026 թվականին այդ ցուցանիշը կարող է հասնել 20 000 տոննայի։
Ավիաընկերությունը նաև ամենամյա մասնակցություն է ունենում բազմաթիվ միջազգային ավիացիոն միջոցառումների՝ MRO Europe, MTB Aviation Asia, TIACA Air Cargo Forum, Central Asia Air Cargo Summit և այլն։ Ավիաընկերությունում գործունեության ընթացքում կարողացել են ձեռք բերել միջազգային գործընկերների վստահությունը և բարձր գնահատականը՝ հանդիսանալով IATA ICH (IATA Clearing House) մասնակից բեռնատար ավիաընկերություն։
«Հայվեյզը» 2024 թվականին «Վնուկովո» օդանավակայանի կողմից արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին, իսկ 2025 թվականին՝ «Առաջատար օտարերկրյա բեռնատար ավիաընկերություն» մրցանակին։ Ի դեպ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, 2025 թվականին «Հայվեյզը» Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում առաջատարն է եղել իրականացրած բեռնափոխադրումների քանակով։
«Հայվեյզը» դարձել է այս ոլորտում մասնագետների ոչ միայն աշխատանքի, այլ նաև մասնագիտական զարգացման հարթակ, ինչն էլ իր հերթին գործում է ի նպաստ հայկական ավիացիայի զարգացման և առաջխաղացման։ Ավիաընկերությունն ապահովել է մոտ 70 աշխատատեղ։
Ժամանակին մամուլում տեղեկություններ տարածվեցին Boeing ինքնաթիռը Իրան «առևանգվելու» մասին՝ այն կապելով «Հայվեյզի» հետ։ Ընկերությունը բազմաթիվ անգամներ հերքել է այդ ապատեղեկատվությունը։ 2021 թվականի փետրվարին առևանգվել էր «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդանավը։ Սա ճիշտ այն ժամանակն էր, երբ ՋԻ ԷՆ գրուպը բանակցում էր ավիաընկերության ձեռքբերման շուրջ։ Երբ գործարքն արդեն ընթացքի մեջ էր և հայտնի դարձավ օդանավի «առևանգումը», ՋԻ ԷՆ գրուպը չհրաժարվեց այդ գործարքից։
Հայաստանի համապատասխան մարմինները և ՋԻ ԷՆ ընկերությունների խմբի կազմում գտնվող «Հայվեյզի» պատասխանատուները միավորեցին ողջ ներուժն ու միջազգային կապերը և օդանավը հաջողությամբ վերադարձրեցին Հայաստան։
Այս դեպքերից հետո ընկերությունում առողջացման գործընթաց է սկսվել, իրականացվել է ռեբրենդինգ, ընկերությունն անվանափոխվել է «Հայվեյզի», գործի են դրվել բոլոր հնարավորությունները կայանալու համար։ Այսօր «Հայվեյզը» պարզապես բեռնափոխադրող չէ։ Այն Հայաստանի բեռնատար ավիացիայի դեմքն է միջազգային շուկայում, հուսալիության և որակի խորհրդանիշը։ Կարճ ժամանակում գրանցված հաջողությունները վկայում են մեկ բանի մասին՝ «Հայվեյզը» եկել է երկար ճանապարհ անցնելու և Հայաստանի անունը բարձր պահելու համաշխարհային ավիացիոն քարտեզում։
Տեղեկացնենք, որ «Հայվեյզը» հանդիսանում է ՋԻ ԷՆ ընկերությունների խմբի անդամ։ Ընկերությունների խմբի ձեռնարկությունները Հայաստանում գործում են մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև ավիացիա, սննդի արդյունաբերությունից մինչև ֆինանսական կառույցներ, շոկոլադի արտադրությունից մինչև ծխախոտագործություն, պահածոների արտադրությունից մինչև գինեգործություն, ռադիոհեռարձակումից մինչև տպագրություն։