Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 05-05-2026

Մակրոնն էլ է Փաշինյանին աջակցում, ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս կգա՞, Քըլըչն իրեն տանն է զգում․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 5-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունում է, որ բացահայտ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Նա այդ մասին խոսեց այսօր Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Օտարերկրյա լրագրողներից մեկը հարցրեց` Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Մակրոնի բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ՞ ընտրությունների գործընթացին։ «Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները․ այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Ես ցուցաբերում եմ աջակցություն այն գործընկերոջը, որին վստահում եմ ավելի քան 8 տարի, անում եմ այն, ինչ արել եմ Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն։ Բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները՝ տեղեկատվության մանիպուլյացիան ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելով և փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ երկրների ղեկավարներ աջակցել են Մոլդովային, այստեղ չի կարելի խոսել միջամտության մասին, սա բաց երեսով միջամտություն է, մինչդեռ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը»,- ասաց Մակրոնը։ Նրա խոսքով՝ ինքը ոչ թե փորձում է կեղծել այդ ժողովրդավարությունը, այլ մասնակցել դրա կառուցմանը։ Փաշինյանն ու Մակրոնը այսօր նաև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Բացի այդ, Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր։ Այս պահի դրությամբ Փաշինյանն ու Մակրոնը մեկնել են Գյումրի, որտեղ Ֆրանսիայի նախագահի պատվին մեծ համերգ է կազմակերպվել։

Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից, եթե հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ինքը վերարտադրվի։ «․․․Հայաստան-Եվրամիության հարաբերությունների տեսակետից ահռելի պոտենցիալ կա, ես համոզված եմ, որ մենք շատ լուրջ, ռազմավարական նշանակություն նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել և արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում և պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- Bloomberg-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց Փաշինյանը։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ նկատել է, որ Հայաստանն ու Եվրոպան այսօր ավելի մոտ են, քան երբևէ։ «Սա ոչ միայն մեզ միավորող հարուստ պատմությունն ու մշակույթն է, այլև այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև: ՀՀ-ն և ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ եղել են: Մենք առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման հարցում, ինչպես նաև ներդրումային հոսքերի ապահովման ուղղությամբ. մեր ներդրումային ծրագրով արդեն նախատեսված է 2.5 մլրդ եվրո: Այս գագաթնաժողովով հարաբերությունները նոր մակարդակ են թևակոխում: Հայաստանն իսկապես ապահովում է ամենակարճ երթուղին Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր, սակայն այժմ դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման»,– ասաց նա՝ շեշտելով՝ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ՝ կրիտիկական հումքի տեսակետից:

Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, նրա անունը Արտյոմ է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա