Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 28-04-2026

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են, Կանդազը կալանավորվեց, ՌԴ-ում «Ջերմուկ»-ն արգելվեց․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 28-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ: «Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ: Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում նրա և մյուս գերիների պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու»,- ասել է Սահակյանը։ Ռուբեն Վարդանյանը այս տարվա փետրվարին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք ծանրագույն հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Մեղադրողը ցմահ ազատազրկում էր պահանջել: Նախկին պետնախարարի ընտանիքը Վարդանյանի վճիռը որակել էր «սարսափեցնող, թեև՝ ոչ անսպասելի»:

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ խափանման միջոցն ընտրելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ «գործի նյութ չկա»։ Ըստ Վարդևանյանի՝ վտանգավոր մարտավարություն է որդեգրել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ փաստացի քրեականացնելով նախընտրական ծրագրերի ներկայացումը։ «Այսինքն` պայմանական 300 հազար աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ մանրամասն ներկայացնելը վերածվում է հանցանքի, փորձում են այդ տիրույթում մեկնաբանել, «Ուժեղ Հայաստանի»` մատչելի բնակարանի ծրագիրը, ինչ է թե մարդը ավելի պարզ ներկայացնում է դա։ Այստեղ քրեական գործ ընդհանրապես չենք տեսնում։ Բայց հերիք չէ` քրեական վարույթ է նախաձեռնվել, ընդ որում` ապրիլի սկզբից, և ոչ մի ոչ պատշաճ վարքագծի տվյալ չեն տեսել Կանդազի մոտ, նաև կալանքի որոշում է կիրառվում, տեսակցության սահմանափակում է կիրառվում»,– ասել է փաստաբանը։ Նրա խոսքով` այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ սա նոր քաղաքական հետապնդում է։ Արթուր Ավանեսյանը երեկ էր ձերբակալվել, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։

Նիկոլ Փաշինյանն ու Արփինե Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկմանը ներկայացրել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման աշխատանքները: Ուշագրավ է, որ նոր կենսաչափական անձնագրերում պատկերված է Խոր Վիրապը, սակայն այն կողմից, որտեղից Արարատ լեռը չի երևում: Կարմիր երանգ ունեցող անձնագրում Արարատ լեռան չերևալը Փաշինյանն այսպես է մեկնաբանել. «Արարատի մարզից պատկերված է Խոր Վիրապը՝ որպես մեր քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը: Մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների և ինչի մասին շատ վաղուց խոսել ենք և խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի, մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է, արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը, և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի»: Նոր անձնագրերի երրորդ էջում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն է։ Նոր նմուշի անձնագրերում նաև աղավնիներ են պատկերված: Ըստ Փաշինյանի՝ սա խորհրդանշում է խաղաղությունը և երջանկությունը: Ներկայացված են նաև Արագած լեռն իր չորս գագաթներով, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Սևանա լիճը, Գառնու հեթանոսական տաճարը, Ջերմուկի ջրվեժը և այլ խորհրդանիշներ: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել «Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը»: Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը: Փաշինյանի խոսքով՝ այս նոր անձնագրերը կարևոր են նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան