Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:50 06-08-2025

Բաքվում Ռուբեն Վարդանյանին են դատում, Երևանում՝ զոհվածի հորը, Լոպեսը ՀՀ-ից կուժ է տարել․Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 6-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ՝ այսօր դատարանը շարունակել է հարցաքննել Արցախի պետնախարարի պաշտոնն ընդամենը երեք ամիս զբաղեցրած Վարդանյանի գործողություններից իբրև թե տուժած Ադրբեջանի քաղաքացիներին և նրանց իրավահաջորդներին: Դատարանում որպես տուժող ներկայացվող ադրբեջանցիների մեծ մասը պնդում է, որ տուժել է Արցախի հայկական ստորաբաժանումների հրետակոծությունների հետևանքով։ Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Պատանդների շարքում են Արցախի 8 պաշտոնյաները, որոնց Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, ադրբեջանական հիմնականում պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։

Երևանում էլ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշել է, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։ «Հիշեցնեմ, որ, ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում․․․ 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։ Կարող ենք արձանագրել, որ Գարիկ Գալեյանը կլինի առաջին անձը՝ ով նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնեմ, որ Գարիկ Գալեյանին պետությունը մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով։ Հիշեցնեմ, որ պետությունը խուլիգանություն չէր համարել Կասկադ համալիրում Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը։ Հիշեցնեմ, որ օգոստոսի 17-ին Գարիկ Գալեյանի հերոս որդու՝ Մխիթարի ծննդյան օրն էր և նա չէր կարող չլինել Եռաբլուրում։ Բան չասի, թող ձեր բալեքը ողջ լինեն»,- հայտնել է փաստաբանը։

Շուրջ մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխել է։ Նա արդեն երրորդ օրն է աշխատանքի է գնում էլեկտրոնային թևնոցով: Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 18-ին է փոխել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կազմակերպելու համար մեղադրվող Ազատյանի խափանման միջոց տնային կալանքը: Պաշտոնյան այժմ վարչական հսկողության տակ է, կիրառվել է գրավ և բացակայելու արգելք, սահմանափակվել է նրա շփումը գործով անցնող կողմերի հետ: Ազատյանը շաբաթական մեկ անգամ պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն: Ըստ մեղադրանքի՝ Արամ Ազատյանը որպես պաշտոնատար անձ երկու անգամ զգալի չափերով կաշառք է ստացել ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց, ինչպես նաև դրդել է այլ պաշտոնատար անձի կատարել պաշտոնեական կեղծիք։ Ազատյանը չի ընդունում այս մեղադրանքը: Նախորդ տարի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում խուզարկություններից հետո կալանավորված Արամ Ազատյանը հետո 30 միլիոն գրավի դիմաց տնային կալանքում էր: Նա մոտ երկու ամիս մնաց տնային կալանքում, ավելի քան տասն ամիս էլ՝ կալանավայրում: Այս գործով կալանավորվել էին նաև Արամ Ազատյանի երկու տեղակալները: Մեղադրանք էր առաջադրվել ևս 8 մարդու: Արամ Ազատյանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022-ին, իսկ 2023-ի հոկտեմբերին Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է այդ պաշտոնում։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի դատավարությունը շարունակվում է, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 8-ին:

«Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի գործով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աղվան Արշակյանի առողջական վիճակը «Արմավիր» ՔԿՀ–ում վատացել է։ Նա կալանքից առաջ քաղցկեղի հետ կապված վիրահատություն է տարել։ Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ վերաքննիչ քրեական դատարանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել են Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները։ Պաշտպանը հայտնել էր, որ 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ուշացումով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել: «Կդիմենք ՄԻԵԴ, որովհետև իրավունքի պաշտպանության ներպետական մեխանիզմները չեն գործում»,– ասաց Հարությունյանը` պնդելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։ Աղվան Արշակյանի գործին ուղիղ եթերում անդրադարձել է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հիշեցրել, որ մինչև օրս չի կատարվել առողջական վիճակի հետ կապված փորձաքննությունը։ «Եթե անգամ այստեղ «խոշտանգում» տերմինը չենք կարող օգտագործել, ապա խոշտանգումից մի փոքր մակարդակով ցածր կա «անմարդկային վերաբերմունք» տերմինը։ Սա անմարդկային վերաբերմունք է։ Իրավապահները հերթական կարմիր գծերն են հատում։ Հավանական է, որ քննչական, դատախազական մարմինները գնացել, փորձել են վերադասների հետ այս հարցը կարգավորել, բայց վերևներում ինչ-որ մի տեղ չեն թողել։ Չգիտեմ՝ ինչքան վերևներում։ Վերևներում որոշել են տանջել 26-27 տարեկան էդ երեխուն»,– ասել է Մելիքյանը։ Հիշեցնենք` Աղվան Արշակյանը 2 ամսով կալանավորվել է «Հեղաշրջման գործով»։