Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:56 21-10-2025

Բանակի ժամկետը կրճատվում է, Վարդան Ղուկասյանը կալանավորվեց, ԱԺ-ում կրկին լարված էր․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 21-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Պարտադիր Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում: մ«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի», - նշեց նա: Ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ նախագիծն առաջարկել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է, թե պայմանագրային զինծառողների թիվն է աճել, և թվարկում՝ ինչ գրավիչ քայլեր են արել ու անում պայմանագրային զինվորական ծառայությունն ընդլայնելու համար, սակայն մյուս կողմից չեն դադարում այն ահազանգերը, որ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցնեը հիմանականում մարտական հերթապահություն են իրականացնում։

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց, իսկ համայնքի ղեկավարի նրա լիազորությունները կասեցվեցին: Հակակոռուպցիոն դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը քննել է ամբողջ գիշեր, որոշումն առավոտյան հրապարակվեց։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատավորի որոշման մանրամասներին դեռ ծանոթ չէր, սպասում են ամբողջական տեքստին, որպեսզի բողոքարկեն, ձեռքին միայն դատարանի երկու էջանոց որոշման մի թուղթ էր: Հակակոռուպցիոն կոմիտեն, իրենց պնդմամբ, կոռուպցիոն հանցագործության բացահայտման մասին երեկ հայտարարեց, սրան զուգահեռ ուժայինները մտան Գյումրիի քաղաքապետարան ու ժամեր անց ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին: Իրավապահները հայտարարում են, թե Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել: Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ: Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանը գործը քաղաքական հետապնդում է որակում՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Ղուկասյանի նկատմամբ հետապնդումները սկսվեցին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունւից հետո՝ այն մասին, որ Վարդան Ղուկասյանը պետք է քաղաքական կյանքից դուրս շպրտվի։ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազությունը։ Նշվում է, որ 2022 թվականի հունիսի 28-ին գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, Հակակոռուպցիոն դատարանը դատախազության հայցապահանջը բավարարել է մասնակի։ Նշվում է, որ հայցադիմումի մերժված մասով գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո՝ հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: 2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նույն թվականի նոյեմբերի 19-ին Գրիգորյանը մահացավ։

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին բանավեճ սկսվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ու իշխանական պատգամավորների միջև: Մկրտչյանը մեղադրեց իշխանություններին քրեական գործեր «սարքելու» մեջ, հայտարարեց, թե «շնորհակալ» պիտի լինել, «եթե ձեզ ծեծի են ենթարկել կամ խոշտանգել են, որովհետեւ նիկոլական բանդան կարող էր որոշել ձեր նկատմամբ կարել քրեական գործ, սարքել ահաբեկչություն»։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Մկրտչյանին: Վերջինս շարունակեց. «Նիկոլական բանդայի տրամաբանական շարունակությունն է, անգամ խոսքի նկատմամբ պրիմիտիվ հանդուրժողականություն չունեն»: Ռուբինյանը հորդորեց անջատել պատգամավորի խոսափողը, ապա իր հերթին հայտարարեց. «Ողջունենք տիկին Մկրտչկանի տիրոջը՝ Սերժին և իր բանդային, ձեռքով անենք»: Ապա ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը տեղից ինչ-որ բան ասաց, սակայն նրա խոսքը լսելի չէր: Մկրտչյանը ևս շարունակում էր արձագանքել: «Չափերդ մի անցի, ձենդ կտրի, աղջիկ ջան», - նրան դիմելով ասաց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: