«Ֆլեշ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Աբովյանի ծննդատուն» պետական ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձել 1,620,000 ՀՀ դրամ պարտք, որը գոյացել է վառելիքի մատակարարման դիմաց։

Պաշտոնական փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Աբովյանի ծննդատուն» պետական ՓԲԸ-ն հայտնվել է ֆինանսական լուրջ դժվարությունների մեջ՝ չկարողանալով մարել նույնիսկ իր ընթացիկ պարտավորությունները։ Ինչպես նշեցինք, խոսքը վերաբերում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին ունեցած պարտքին, որը հավասար է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մեկ ամսվա պարգևավճարին՝ մոտ 1.6 միլիոն դրամ։

Դատարան ներկայացված նյութերից երևում է, որ գործընթացը սկսվել է 2026 թվականի մարտին, և պարտքի չմարման պատճառով գործը տեղափոխվել է դատական հարթություն։ Նկատենք, որ ստեղծված իրավիճակը ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և բարոյական երանգ։ Հատկանշական է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո հնչեցվող հիմնական խոստումներից մեկը վերաբերում էր նախկինում ապօրինի հարստացման դեպքերի բացահայտմանը, և այսպես ասած՝ «թալանի» վերադարձին։ Սակայն այսօր, փաստացի, արձանագրվում է հակառակ պատկեր։ Ունենք մի իրավիճակ, երբ «հեղափոխականների» լեզվով ասած՝ անգամ «նախկին թալանչի» «Ֆլեշն» է դիմում դատարան՝ պետությունից իր գումարները հետ ստանալու համար։
Հիշեցնենք՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը գործարար Բարսեղ Բեգլարյանն է: «Ֆլեշ» ընկերության անունը տարիներ շարունակ կապվել է տարբեր աղմկահարույց պատմությունների հետ։ Ամենահայտնիներից Դիզելային վառելիքի գործն է՝ յուրացման մեղադրանքով։ Այս գործով անցնում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մեղադրանքի՝ 2013-ին պետական աջակցության ծրագրի շրջանակներում գյուղացիներին մատչելի դիզվառելիք տրամադրելու նպատակով պետբյուջեից վատնվել է շուրջ 489 միլիոն դրամ:
Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում էր Սերժ Սարգսյանին հափշտակության կազմակերպմանը դրդելու մեջ: 2024-ին դատարանը նրանց
արդարացրեց, սակայն 2025-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը
բեկանեց այդ որոշումը և գործն ուղարկեց նոր քննության: Թեև Բարսեղ Բեգլարյանի անձնական գույքի մասով դատական ակտի մասին թարմ տեղեկությունները սակավ են, նրա մերձավոր շրջապատի և գործընկերների նկատմամբ հարուցված են տասնյակ հայցեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու պահանջով:
Այստեղ առկա է ևս մեկ խնդիր. եթե ինչո՞ւ բուժհաստատությունը չի կարողացել մարել վառելիքի պարտքը։ Գուցե ֆինանսական կառավարումը գտնվում է թո՞ւյլ վերահսկողության ներքո, կամ տեղի են ունեցել անարդյունավետ ծախսե՞ր։

Պարզ չէ նաև, թե ի՞նչ դեր է ունեցել Առողջապահության նախարարությունն այս խնդրում։ Ենթադրելի է, որ նախարարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել բուհաստատությանը։ Իսկ գուցե նա՞ է դրդել Աբովյանի ծննդատանը, որ վերջինս չվճարի սպառած վառելիքի դիմաց, ինչպես ասում են՝ «գցի» «Ֆլեշ»-ին, քանի որ նրա տերը նախկինում նախկինների հետ էր։
Հասմիկ Մովսիսյան