Ներքին 3 ամիս առաջ - 15:46 15-04-2026

Բանակում մահերը չեն դադարում, քանի որ իշխանությունը խրախուսում է քրեական ենթամշակույթը

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով բանակում ինքնասպանության դեպքերին, նշեց, որ նման երևույթները բազմագործոն բնույթ ունեն և կապված են ինչպես համակարգային խնդիրների, այնպես էլ բանակում ձևավորված միջավայրի հետ։

Նրա խոսքով՝ ինքնասպանության դեպքերը բանակում միայն մեկ պատճառով չեն պայմանավորված և դիտարկելի են նաև միջազգային փորձի համատեքստում։ Եվ նման երևույթները պայմանավորված են բանակի կառավարման և վերահսկողության արդյունավետությամբ։

«Քրեական ենթամշակույթի զարգացումը բանակում խոսում է բանակի ոչ արհեստավարժության, վերահսկողության պակասի, ինչպես նաև բանակի անմիջական գործառույթների թերացման մասին։ Ու Փաշինյանի և իշխանության կողմից ամեն կերպ քրեական ենթամշակութի խրախուսումն է նաև: Բանակը այն միջավայրն է, որտեղ քրեական ենթամշակույթը չպետք է լինի, այն պետք է առաջին հերթին արմատախիլ արված լիներ»,– ասել է նա։

Մադաթյանի խոսքով՝ առկա խնդիրները միայն բանակի ներսում չեն ձևավորվում, այլ կապված են նաև հասարակական միջավայրի հետ։

«Բանակը պետք է չդիտարկենք որպես առանձին միջավայր, այլ որպես մեր հասարակության պրոյեկտած միջավայր։ Այն, ինչ տեղի է ունենում հասարակության մեջ, պրոյեկտվում է բանակի վրա»,– նշեց նա։

Անդրադառնալով պատճառներին՝ հոգեբանը հավելեց, որ խնդիրները պայմանավորված են նաև կառավարման որակով և սպայական կազմի գործունեությամբ։

«Սա խոսում է ուղիղ գործառույթների չկատարման կամ թերացման մասին, խոսում է այսօրվա սպայական կազմի կամ ավելի բարձր օղակների ոչ արհեստավարժության մասին։ Սա, բնականաբար, նաև տեղի սպայական կազմի թերացումների արդյունք է։ Այլապես նման երևույթներ չեն լինում»,– ասաց Մադաթյանը։

Հոգեբանը խոսեց նաև բանակում հոգեբանական ծառայությունների արդյունավետության մասին՝ ընդգծելով դրանց ձևական բնույթը։

«Ժամանակին եղել է նման կուլտուրա, հոգեբանների ինստիտուտը ներդրվել է նախկինների ժամանակ, բայց էս իշխանության օրոք այդ կուլտուրան ձևական բնույթ է կրում։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հոգեբանները հաճախ ավելի շատ ձևական ներկայություն ունեն բանակում, իհարկե կան որոշ տեղեր, որտեղ ուժեղ մասնագետներ կան, բայց դա համակարգային լուծում չէ»,– նշեց նա։

Մադաթյանը միաժամանակ անդրադարձավ բանակում հոգևոր ծառայության ինստիտուտին՝ ընդգծելով դրա նախկին դերը։

«Վերջերս բանակը հրաժարվել է հոգևորականներից, որոնք նույնպես լուրջ հոգեբանական օգնություն էին ցուցաբերում։ Ես խնդրում եմ չթերագնահատել եկեղեցականների դերը, որոնք ուղիղ հոգեբանական ազդեցություն են ունեցել զինծառայողների վրա»,– ասաց նա և հավելեց, որ հոգևոր սպասավորների հեռացումը կարող էր բացասաբար ազդել զինծառայողների հոգեբանական վիճակի և բանակում տիրող մթնոլորտի վրա։

«Գնդերեցների ինստիտուտը բավական անկախ էր և կարողանում էր որոշ դեպքերում լրացնել այն բացը, որը երբեմն հոգեբանների համակարգը չէր կարող ամբողջությամբ փակել։ Եկեղեցականների դուրս բերումը բանակից ես համարում եմ խիստ բացասական մեր բանակի հոգեբանական վիճակի համար»,– ընդգծեց Մադաթյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 14-ին 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից