Մամուլ 6 ամիս առաջ - 08:45 09-04-2026

Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացված գյուղական բնակարանաշինության ծրագիրը, որի նպատակն էր խթանել բնակեցումը և աջակցել տեղական բնակչությանը, ըստ գյուղացիների, փաստացի չի ծառայել իր հիմնական նպատակին։ Տեղացիները ահազանգում են, որ պետական սուբսիդիաները չեն հասել հենց այն ընտանիքներին, որոնց համար նախատեսված էին, իսկ բազմաթիվ կառուցված տներ այսօր դատարկ են մնում։ Գյուղերի բնակիչները «Փաստին» հայտնել են գյուղական բնակարանաշինության ծրագրի ձախողման մասին։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում առավել հաճախ են բարձրաձայնվում սոցիալական և տնտեսական ծրագրերի արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Տավուշից հնչող ահազանգերը նոր լույս են սփռում պետական ծրագրերի իրական ազդեցության վրա՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Տեղացիների փոխանցմամբ, սուբսիդավորման ծրագրի իրականացումն ուղեկցվել է անհասկանալի և ոչ թափանցիկ մեխանիզմներով։ Նրանց խոսքով, աջակցությունը բաշխվել է ընտրողական սկզբունքներով՝ հաճախ շրջանցելով առաջնային շահառուներին։ Արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք իրականում ունեն բնակարանային խնդիր և ապրում են սահմանամերձ գյուղերում, չեն ստացել անհրաժեշտ աջակցությունը։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է պարադոքսի. պետական միջոցներով կառուցված կամ ձեռք բերված բազմաթիվ տներ այսօր մնում են դատարկ։ Այն տարածքներում, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ունի ռազմավարական նշանակություն, ծրագիրը ոչ միայն չի նպաստել բնակեցման աճին, այլև փաստացի չի լուծել իր առջև դրված խնդիրները։

Տեղացիների գնահատմամբ, այս դեպքը հերթական անգամ ցույց է տալիս պետական համակարգի գործելաոճը, երբ նույնիսկ զարգացմանն ուղղված ծրագրերը զերծ չեն մնում շահերի բախումից և հաճախ ծառայեցնում են նեղ խմբային նպատակների։ Նրանց համոզմամբ, նման մոտեցումը ոչ միայն չի նպաստում գյուղերի զարգացմանը, այլև խորացնում է առկա խնդիրները՝ ավելացնելով անվստահությունը պետական ծրագրերի նկատմամբ։ Այս պատմությունը ևս մեկ անգամ առաջ է բերում կարևոր հարցադրում. որքանո՞վ են պետական ծրագրերը իրականում ծառայում հանրային շահին, և որքանո՞վ են դրանք վերահսկվում արդյունավետ ու արդար բաշխման տեսանկյունից։ Տավուշում դատարկ մնացած տները, ըստ էության, դարձել են այդ հարցի ամենախոսուն պատասխաններից մեկը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ