Ուղիղ եթեր
Միտք 2 ամիս առաջ - 16:05 12-03-2026

Ում պատվերով է Բալասանյանն ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ արել

Գրեթե բոլոր հայտնի քաղաքական գործիչներն արձագանքեցին Վիտալի Բալասանյանի՝ Միութենական պետությանը միանալու մասին օրեր առաջ արած աղմկահարույց հայտարարությանը։

Իսկապես՝ վրդովվեցնող է, որ փորձառու պետական, ռազմական գործիչն այսպիսի հակապետական հայտարարություն է անում։ Ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ այս հայտարարությունը հանցակազմ է պարունակում ՀՀ ՔրՕրի 422 հոդվածի հատկանիշներով, այն դիտարկում են որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ։

Եթե Վիտալի Բալասանյանի խոսքում ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ կա, ապա ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նրա նկատմամբ վարույթ չեն նախաձեռնում։

Նախ փորձենք պարզել, թե ո՞ր խոսքը կարելի է որակել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ։ Օրինակ՝ 1920-ին ՀՀ-ում մի խումբ մարդիկ հրապարակային կոչ էին անում, որ Հայաստանի Հանրապետությունը միանա սովետական Ռուսաստանին։ Այդ կոչը ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչ էր։ ՀՀ այդ օրերի իշխանություններն այդպիսի կոչ անողներին պատժում էին։ Օրինակ՝ Նժդեհն այդպիսի կոչ անողներին ձորն էր նետում։ Նրանց դեմ պատիժները խստացան 1920-ի Մայիսյան ահաբեկչությունից հետո, երբ մի խումբ ռուսական գործակալներ փորձեցին բռնությամբ տապալել օրինական իշխանությունը։ Հետագայում այս խմբակը դիմեց Ռուսաստանին, և վերջինս զորքով ներխուժեց Հայաստան, զավթեց մեր պետությունը, զրկեց մեզ ինքնիշխանությունից, հետո Հայաստանը մտցրեց Խորհրդային միության կազմ։

Այսպիսով՝ երբ մարդն ասում է, որ պետք է հրաժարվենք ՀՀ ինքնիշխանությունից, հոգուտ Ռուսաստանի կամ Խորհրդային միության, ապա այդ կոչը կարելի է որակել որպես ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ։

Վիտալի Բալասանյանը մարտի 8-ին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «Աշխարհի քաղաքական քարտեզները փոխվելու են մոտ ժամանակներս: Նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, թե որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են: Եվ մենք պետք է լինենք Միութենական կազմում, ոնց որ եղել է 100 տարի առաջ Խորհրդային միությունը»։

Իրավապահը պարտավոր է պարզել, թե հիմնավո՞ր են հանրային կասկածները, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունում ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ կա։ Նրա այս կոչը կարելի՞ է նմանեցնել բոլշևիկների՝ 1920-ի կոչերին։ Եթե պարզվի, որ այո, ապա ՔրՕրի համապատասխան հոդվածը պետք է կիրառվի, որ մյուսները ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր չանեն։

Պաատմությունը վկայում է, որ խորհրդային բռնազավթման արդյունքում հայ ժողովուրդը մեծ կորուստներ է կրել, դեգրադացվել, խեղվել։ Հազարավոր սպաներ են աքորվել, սպանվել։ Հարյուրավոր մտավորականներ, այդ թվում՝ Չարենցը, Բակունցը և այլք սպանվել են խորհրդային դահիճների ձեռքով։ Հայաստանը շատ հետ է մնացել այլ ազգերից։ Խեղվել է ժողովրդի սոցիալ հոգեբանությունը։ Եթե Հայաստանը դադարի պետություն լինելուց, դառնա միութենական ինչ-որ բան, ինչպես խորհրդային միության ժամանակ էր և ինչպես ասում է Վիտալի Բալասանյանը, ապա այսօրինակ աղետները կրկնվելու են. բարձրաստիճան սպաները, գեներալներն ու քաղաքական, պետական գործիչներ աքսորվելու են, սպանվելու, կացնահարվելու։

Իրավապահը պարտավոր է պարզություն մտցնել այստեղ։ Գուցե պարզվի, որ Վիտալի Բալասանյանը ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ չի արել, լրիվ այլ բան է նկատի է ունեցել։ Գուցե նրա պատկերացմամբ՝ Հայաստանը ոչ թե պիտի ռուսական գաղութ դառնա, այլ ստեղծվող Միության գերիշխողը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, նախկին խորհրդային երկրները պետք է հրաժարվեն իրենց ինքնիշխանությունից հօգուտ Հայաստանի, դառնան Հայաստանի գաղութները, ՀՀ վարչապետը կստանա արքայից արքա տիտղոսը, իսկ Հայաստանը կդառնա օվկիանոսից օվկիանոս։

Իսկ եթե պարզվի, որ Վիտալի Բալասանյանն ինքնիշխանությունց հրաժարվելու կոչ է արել, ապա պետք է համապատասխան հոդվածով պատասխանատվություն կրի։ Ամեն դեպքում իրավապահները պետք է քննեն հարցը, ոչ թե անտարբերության մատնեն, կարծես՝ ոչինչ էլ չի եղել։

Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունների անտարբերությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի պատվերով է այս հայտարարությունն արել որպես ակնարկ ուղղված Կրեմլին, թե ՔՊ-ն պատրաստ է հրաժարվել ինքնիշխանությունից, եթե Մոսկվան աջակցի Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում, ինչպես աջակցել է 2021-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից