Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:45 05-03-2026

Իրանը հարվածե՞լ է Ադրբեջանին․ պատերազմի ընդլայնման վտանգը մեծ է

Ժամեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Իրանի զինված ուժերը հարվածել են Ադրբեջանի տարածքին, թիրախում եղել է Նախիջևանի օդանավակայանը։ Այս հարվածից հետո փորձագիտական քննարկումներ ծավալվեցին դրա հնարավոր ռազմական և քաղաքական հետևանքների վերաբերյալ:

Պաշտոնական Թեհրանն ավելի ուշ հերքել է այս տեղեկությունը՝ փոխարտգործնախարարի մակարդակով. «Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն»։

Oragir.News-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նշեց, որ նման միջադեպերը կարող են օգտագործվել տարածաշրջանային ճնշում և ռազմական պրովոկացիա ստեղծելու նպատակով։

«Լավ գիտենք, որ այսօր նպատակահարմար է այլ պետություններին ներքաշել կռվի մեջ, որպեսզի, ճնշումը և ռազմական գործողությունները ավելի հեշտ և արագ անցկացվեն»,- նշեց նա:

Հարցին, թե այս պարագայում ո՞ւմ են ձեռնտու Իրան-Ադրբեջան հակասությունները՝ փորձագետը պատասխանեց, որ Իրանի թիրախում հիմնականում ԱՄՆ ռազմական և տնտեսական օբյեկտներն են։ Ինչ վերաբերում է դեռևս կյանքի չկոչված «Թրամփի ուղուն», ադրբեջանագետը նկատեց. «Մենք ունենք այստեղ TRIPP նախագիծը, և եթե այն ավարտին հասցված լիներ՝ շատ հնարավոր է, որ Իրանի թիրախ դառնար նաև այն»:

Ինչ վերաբերում է Իրանի պաշտոնական հերքմանը, ապա Դավթյանը չբացառեց, որ սա կարող է լինել մտածված սադրանք, որից հետո Ադրբեջանն իր տարածքը կտրամադրի Իսրայելին՝ Իրանին ավելի արդունավետ հարվածներ հասցնելու նպատակով:

Փորձագետը հավելեց, որ այս միջադեպի նպատակը կարող է լինել միաժամանակ մի քանի ուղղություններով ռազմական սադրանք հրահրելն ու տարածաշրջանի պետությունների վրա վերահսկողություն հաստատելը:

Մանրամասները՝ տեսանյութում: