Միտք 3 ամիս առաջ - 16:00 03-03-2026

Մրցապայքարն ազնիվ չի ընթանում, ՔՊ-ն խախտում է հավասարության նորմը

Քաղաքական ուժերի միջև հավասար մրցակցային պայմանների բացակայությունը ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնելու բավարար հիմք է։

Փետրվարի 28-ին ՔՊ-ն սկսեց ներկուսակցական քարոզարշավ Արարատի և Արմավիրի մարզերում։ Հաջորդ օրը՝ մարտի 1-ին, ներկուսակցական քարոզարշավ արեցին Լոռու և Տավուշի մարզերում։ Ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր անծանոթ մարդկանց հետ, փորձում դրական տպավորություն թողնել, համակրանք շահել, որը հետո կդառնա քվե։

Արարատի մարզում ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը վստահ փորձեց մտնել մի խանութ, սակայն խանութի տերը նրան դուրս հրավիրեց։ Եթե ներկուսակցական քարոզարշավ լիներ, ապա խանութի տերը ՔՊ-ական կլիներ։ Փաշինյանը նախօրոք կիմանար, որ այդ խանութում իր կուսակիցն է։ Եվ այս պարագայում նա դուռը վստահ կբացեր ու նրա հետ հանգիստ կզրուցեր, կլսեր նրան, համապաստախան հանձնարարություն կտար քարոզչություն կազմակերպելու մարտավարության մասին։ Բայց խանութի տերը Փաշինյանին դուրս հրավիրեց, ինչը նշանակում է, որ նա առնվազն՝ ՔՊ-ական չէր։

Նույնպիսի մի բան տեղի ունեցավ Դիլիջանում։ Փաշինյանը մտել էր բազմաբնակարան շենք ու թակում էր բնակիչների դռները։ Եթե ներկուսակցական քարոզարշավ լիներ, ապա Փաշինյանը կթակեր ՔՊ-ականների դռները։ Նրանք էլ նախօրոք պատրաստված կլինեին ու ժպիտով կբացեին դռները, ներս կհրավիրեին պարտայգենոսեին, կներկայացնեին իրավիճակը, կստանային հանձնարարարականներ, թե ինչպես ստեղծված անբարենպաստ պայմաններում կազմակերպեն կուսակցական աշխատանքը։ Սակայն մարդիկ դռները չբացեցին Փաշինյանի առաջ, ինչը նշանակում է, որ նրանք ՔՊ-ական չէին։

Հետևաբար՝ փետրվարի 28-ին ու մարտի 1-ին իրականացվածը ներկուսակցական քարոզարշավ չէր։ Ենթադրելի է, որ այն կապված էր հունիսի 7-ի ընտրությունների հետ։ Իսկ եթե այդպես է, ապա ոչ թե ներկուսակցական այլ ուղղակի քարոզարշավ էր, որն ըստ ԿԸՀ ժամանակացույցի՝ մեկնարկում է առաջադրված կուսակցությունների գրանցումից անմիջապես հետո։ Այս առումով՝ ՔՊ-ի կազմակերպած քարոզարշավը ԿԸՀ ժամանակացույցի խախտում է, հավասար մրցակցային պայմանների խախտում, ինչը հիմք է ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնելու համար։

Ներկայումս ակտիվ քարոզարշավ է վարում նաև Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը, որի վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ է։ Ազնիվ կլիներ, եթե Փաշինյանը ևս տանը մնար, չմասնակցեր քարոզարշավին, որ հավասարությունը պահպանվեր։ Իսկ եթե նա ուզում է անձամբ առաջնորդել դռնեդուռ քարոզարշավն, ապա կարող են ժամանակավորապես՝ մինչև հունիսի 7-ն ազատ արձակել Սամվել Կարապետյանին, Բագրատ Սրբազանին, մյուս պոտենցիալ մրցակիցներին, որ նրանք էլ դռնեդուռ քարոզարշավ անեն, և հավասար մրցակցության հետ կապված հանրային կասկածները ցրվեն, մարդիկ էլ չասեն, թե մրցակիցներիդ կալանքի տակ ես պահում, իսկ դու դռնեդուռ քարոզարշավ վարում։ Պատկերավոր ասած՝ եթե մրցակցիդ ձեռքերը կապես ու նրա հետ մրցագորգ ելնես, ապա մրցավարը կարձանագրի անհավասար մրցակցության փաստը, մրցակցությունը կորակի ոչ ազնիվ։ Ուստի՝ կարելի է ասել, որ ՔՊ-ի փետրվարի 28-ին ու մարտի 1-ին քարոզարշավը բարոյական առումով խոցելի էր։

Ի վերջո՝ լավ կլինի, որ կուսակցությունները ստորագրեն խարտիա կամ նման մի բան և միասնաբար պարտավորվեն միմյանց նկատմամբ ազնիվ ու հարգալից վարվել, չհայհոյել, միմյանց արժանապատվությունը չվիրավորել, չստել, ատելություն չտարածել, խստորեն պահպանել օրենքը, ԿԸՀ սահմանած ժամանակացույցը, նորմերը։ Ու եթե խարտիան ստորագրողները հարգեն իրենց խոսքն ու կնիքն, ապա ոչ մի դիտորդ կամ վստահված անձ հիմք չի ունենա խոսելու անհավասար մրցակցային պայմանների կամ մրցակցության բարոյական նորմերի խախտման մասին, կասկածի տակ չի դնի ընտրությունների արդարությունն ու օրինականությունը։ Իսկ եթե ՔՊ-ն շարունակաբար խախտի ժամանակցույցն ու նորմերը, ապա ոչ միայն դիտորդը կասկածի հիմք կունենա, այլև ժողովուրդը կհիասթափվի գալիք ընտրություններից։ Գուցե ՔՊ-ին հենց դա՞ է պետք, որ քաղաքացիները զզվեն ու չմասնակցեն հունիսի 7-ի ընտություններին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը