Ներքին 3 ամիս առաջ - 09:57 26-02-2026

Մենք չէինք կարող ունենալ Աքրամ Այլիսլի, որովհետև մենք ցեղասպանություն չենք արել. Լուսինե Հովհաննիսյան

Հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կարող էի յուրքանչյուրին պատասխանել առանձին, որովհետև բոլորին ճանաչում եմ անձամբ, հրաշալի շփվում կամ բարևում եմ, Սիվիլնեթն էլ բազմաշերտ մտերմության տարածք է ինձ համար, բայց ուզում եմ գրել այսպես՝ հանրային, նախ՝ միանգամից կլինի, և հետո, թեման ամենահանրայինն է։

Հարգելի Արշալույս Մղդեսյանը հարցազրույց է անում Մարկ Գրիգորյանի հետ Աքրամ Այլիսլիի " Քարե երազներ" վեպի մասին, և հղում անելով լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառմանը, այն մասին, որ մենք չունեցանք Աքրամ Այլիսլի, հարցնում է Մարկ Գրիգորյանին՝ ունեցանք, թե չունեցանք։

Նրանք, ովքեր չեն կարդացել վեպը, ասեմ, որ Այլիսլին Նախիջևանի Ագուլիս-Այլիս գյուղից էր ծագումով, և գրում է իր մանկության գյուղի մասին, այդտեղ թուրքերի կողմից սպանված հայերի մասին, և ունի մի նախադասություն, որ բոլոր այն տներում, որտեղ հայ էին սպանել, և այսօր ադրբեջանցի է ապրում, հոգեկան հիվանդ ունեն ընտանիքում։

Մի շատ պարզ պատասխան ունի այս հարցը՝ մենք չէինք կարող ունենալ Աքրամ Այլիսլի, որովհետև մենք ցեղասպանություն չենք արել։ Բայց այսպես ոչ ոք չի պատասխանում։

Ղարաբաղյան շարժման առաջին վայրագ զանգվածային սպանությունը, կրնկնում եմ՝ Ղարաբաղյան շարժման առաջին վայրագ ցեղասպանությունը՝ էթնիկ հատկանիշով, կատարվել է Սումգայիթում՝ 1988-ի փետրվարի 26- 28-ը։ Հետո տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդը, պատշգամբներից ցած նետելը, փողոցներում այրելը, որի մասին Այլիսլին էլ է գրում։

Հայերի արած՝ գրավել, վառել, քանդելը թվագրությամբ տեղի է ունեցել դրանից հետո։

Այս՝ պարզ, տրամաբանություն թելադրող փաստը միշտ շրջանցվում է, և հավասարեցվում երկու ժողովուրդների "սխալները", և ի վերջո ամփոփվում պացիֆիստական "պատերազմը շատ վատ բան է" մտքով, որն, ինչպես կասեր " Բաղնիքդ անուշ" ռուսական ֆիլմի գլխավոր հերոսի մայրը, երբ տղայից հարցնում է հարսնացուի անունը, ու տղան ասում է՝ У нее удивительное имя- Надя" , մայրը պատասխանում է․ " Главное - редкое"։ Հիմա, ամեն անգամ "պատերազմը շատ վատ բան է" "գլավնոյե ռեդկոյե" միտքը, մեզ դարձնում է հավասար մեղավոր Սումգայիթ ու Բաքու անողների հետ։

Ինչու՞ ենք ամեն անգամ հավասարեցնում մենք մեր ձեռքով հայ-ադրբեջանական կոնֆլիկտում մեր մեղքը։

Փայլուն լրագրող և լավագույն հարցազրույյցավար Արշալույս Մղդեսյանը, մտավորական Մարկ Գրիգորյանը, Թաթուլ Հակոբյանը, վստահ եմ, որ ինձնից ավելի լավ են տիրապետում փաստերին, թվագրությանը, բարձր տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություններին։

Ամեն ինչ սկսվել է ինքնորոշման պահանջից, հաջորդել է Սումգայիթի ու Բաքվի ցեղասպանություն։

Սա է սկիզբը։ Մի շրջանցեք։

Մնացածը եղել է դրանից հետո, որի անունը եղել է պատերազմ, իսկ պատերազմը շատ վատ բան է, այնտեղ մարդ են սպանում, իսկ Սումգայիթն ու Բաքուն պատերազմի ժամանակ չեն եղել՝ 1988-ին և1990-ին էր։

Թոմաս դե Վաալի հետ հարցազրույցը նայել եմ ծայրեծայր և շատ ուշադիր, որովհետև Այլիսլիի գիրքը առաջիններից մեկն եմ կարդացել և ուզում էի լսել իրեն։ Այս մի քանի տողի համար նորից նայեցի Վաալի հարցազրույցի այդ հատվածը։Վաալը Այլիսլիին հարցնում է այն, ինչ Արշալույսը, Թաթուլը , Մարկը հարցնում են ու ուզում են պատասխան գտնել․ բա հայերը ունե՞ն այդպիսի գիրք։

Ուրեմն, ինքը՝ Այլիսին, Վաալին պատասխանում է այսպես․ " Մեր հիշողությունն ու հայերի հիշողությունը տարբեր են։ Հայերը դժվար թե կարողանան այսպիսի գիրք գրել, նրանց հիշողությունը թույլ չի տա, իրենցը ուրիշ է։ Չեմ կարող այդ թեմայով շատ ընդարձակվել"։
Ադրբեջանցի մարդը ասում է՝ ցեղասպանել ենք, հայերը չեն կարող այսպիսի գիրք գրել, եղբայր, չեն արել իրենք ցեղասպանություն, որ գրեն։

Իսկ մեր լրագրող-մտավորակններով ուզում ենք անպայման դնել այդ գոյություն չունեցող հավասարության նշանը։

Շնորհակալություն ուշադրության համար։

Իսկ որ պատերազմը շատ վատ բան է, բոլոր՝ պատերազմի մասին մի տող գրած գրողները հրաշալի գրել են։

Մեր խեղճությունից անդին խեղճություն ենք փնտրում՝ ամենատարրական թվագրությունը շրջանցելով։ Վստահ եմ՝ ակամա։