Փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ,
Oragir.News-ը զրուցել է ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի հետ՝ հասկանալու հայոց լեզվի առջև ծառացած ներկա խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։
Նրա խոսքով՝ մայրենի լեզվի օրը խորհրդանշական է, սակայն իրականում այն պետք է լինի ամենօրյա ուշադրության կենտրոնում․ կարևոր է ոչ միայն արձանագրել ձեռքբերումները, այլև հասկանալ առկա բացթողումները։
Դիլբարյանը շեշտում է, որ հայոց լեզվի պահպանումը պետականության հիմնասյուներից մեկն է, և դրա արժեզրկումը կարող է հանգեցնել ազգային ինքնության թուլացման։
«Հայոց լեզվի պահպանությունն է՝ որպես պետականության հիմքի, որովհետև եթե մենք հայոց լեզուն զիջում ենք, որը ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, ապա մեր ինքնիշխանության առանց այն էլ այս պայմաններում խոցելի մակարդակը կարող է էլ ավելի նվազել։ Այդ տեսանկյունից լեզվի հարցը միայն մշակութային չէ, այլ նաև անվտանգային և պետականաշինական առաջնահերթություն»։
Նարինե Դիլբարյանը մտահոգիչ է համարում հատկապես հայկական տեղանունների կիրառության նվազումը՝ նշելով, որ Արցախյան պատերազմից հետո պետական և գիտական հարթակներում հաճախ չեն օգտագործվում հայկական անվանումները։
Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ ակադեմիական շրջանակներում շարունակվում է «Լեռնային Ղարաբաղ» տարբերակի կիրառությունը «Արցախ»-ի փոխարեն, իսկ մի շարք բնակավայրերի հայկական անվանումներ աստիճանաբար դուրս են մղվում շրջանառությունից։ «Մենք, ըստ էության, ոչ միայն տարածքներ ենք հանձնել, այլ նաև այդ տարածքների լեզվական հիշողությունը։
Երբ տեղանունը չի կիրառվում, այն ժամանակի ընթացքում դուրս է մղվում ոչ միայն պաշտոնական խոսքից, այլև հանրային գիտակցությունից»։
Դիլբարյանը կարևորում է նաև հայերենի կիրառությունը միջազգային հարթակներում՝ ընդգծելով, որ պաշտոնական ելույթներում անհրաժեշտ է առավել հաճախ օգտագործել մայրենի լեզուն՝ անկախ օտար լեզուների իմացությունից։ Նրա կարծիքով՝ միջազգային կազմակերպություններում հայերենով հնչող ելույթները կարող են էական դեր ունենալ լեզվի հեղինակության բարձրացման հարցում։ Միևնույն ժամանակ նա անդրադարձել է անձնանունների ընտրության միտումներին՝ նշելով, որ հատկապես աղջիկ երեխաների շրջանում աճում է օտարահունչ անունների կիրառությունը, ինչը կարող է պայմանավորված լինել սոցիալական ընկալումներով և որոշակի թերարժեքության բարդույթով։ Այդ համատեքստում Դիլբարյանը կարևոր է համարում, որ քաղաքացիական ակտերի գրանցման մարմինները ծնողներին առաջարկեն հայկական անունների ցանկեր՝ որպես կողմնորոշիչ։
«Եթե երեխայի անունը օտարահունչ է ընտրվում միայն այն համոզմամբ, թե դա նրան ապագայում առավել բարենպաստ հնարավորություններ կտա, ապա դա արդեն լեզվամշակութային ինքնության հարց է, որի շուրջ պետք է լուրջ մտածել»։
Անդրադառնալով երիտասարդ սերնդի՝ մայրենի լեզվի հանդեպ ունեցած վերաբերմունքին՝ նա նշել է, որ, չնայած բարբառային և ժարգոնային շեղումներին` ընդհանուր առմամբ նկատելի է հայերենի նկատմամբ ջերմ վերաբերմունք։
Նրա խոսքով՝ ընթերցանության մակարդակի աճը, մասնավորապես՝ հայերեն թարգմանական գրականության նկատմամբ հետաքրքրությունը, վկայում է լեզվի նկատմամբ պահպանվող հետաքրքրության մասին։
«Նկատելի է, որ հայերեն ընթերցանության մակարդակը բարձրանում է, հատկապես երիտասարդների շրջանում։ Սա ցույց է տալիս, որ լեզվի նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է, և անհրաժեշտ է այս միտումը խթանել՝ կրթական և մշակութային ծրագրերի միջոցով»։
Դիլբարյանը կարևորել է նաև հայերենի թվայնացման գործընթացը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է զարգացնել հայերենով աշխատող արհեստական բանականության գործիքները՝ լեզվի ժամանակակից կիրառությունն ապահովելու համար։