Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այսօր՝ հուլիսի 23-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Տոնական օրվա առթիվ դերասանուհին հանդես է եկել ինքնաշնորհավորանքով ու հուզիչ տեսանյութով, իսկ նրա դուստրը՝ Լիլիթը, ցույց է տվել, թե ինչպես են մտերիմներն ու ընկերները կեսգիշերին անակնկալ մատուցել հոբելյարին:
Ինստագրամյան իր էջում հրապարակված տեսանյութին կից Լուիզան կատարել է իմաստուն ու ջերմ գրառում՝ ամփոփելով անցած ճանապարհն ու մաղթանքներ հղելով ինքն իրեն:
«Happy Birthday Luiza․ Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա, հաղթահարած ամեն փորձության ու դեռ չկորցրած հավատքի համար։ Մաղթում եմ ինձ առողջություն, հոգու խաղաղություն, սեր, նոր ուժ և այնպիսի մարդիկ կողքիս, որոնց հետ կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։ Թող այս տարին բերի նոր բեմեր, նոր հաջողություններ, անկեղծ ժպիտներ ու իրական երջանկություն։ Ընտանիքիս ու մտերիմներիս առողջություն։ Հ.Գ. Ամենալավը դեռ առջևում է»,- գրել է դերասանուհին:
Դերասանուհու դուստրը՝ Լիլիթը, նախ հրապարակել է լուսանկարներ՝ ցույց տալով, որ Լուիզայի ընկերները հենց կեսգիշերին են այցելել իրենց և շնորհավորել դերասանուհուն: Այնուհետև Լիլիթը հանդես է եկել չափազանց զգացմունքային ու սիրառատ շնորհավորանքով:
«Էսօր ամենաշքեղ, ամենասիրուն, հասկացող, աջակցող մամայի, ընկերուհու, հոգեբանի, բժշկուհու, ուսուցչուհու ծնունդն աաա։ Մամ ես գժվում եմ քո համար, շատ շատ քիչ եմ ասում, բայց համոզված եմ, որ դու գիտես։ Քո հետ ամեն վայրկյան ու իրավիճակ ամենահավեսն ա, ամենախնդալուն ա, ամենաուրախը, ամենաաբսուրդը, ամենասովորացնողը։ Գժվում եմ քո հետ խանութ գնալու, կինո նայելու, ներկայացում (ու ոչ միայն) վերլուծելու, տանը մնալու նոր բան սարքելու ու բոլոր իրավիճակների վրա ժամերով խորանալու համար»,- անկեղծացել է Լիլիթը:
Համացանցի օգտատերերը, գործընկերներն ու բազմահազար երկրպագուները ևս միացել են շնորհավորանքներին՝ Լուիզա Ներսիսյանին մաղթելով անսպառ էներգիա, ստեղծագործական նորանոր բարձունքներ ու անսահման երջանկություն:
Թամարա Քալանթարյան