copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 15:11 08-06-2023

Հանրահավաքի օրակարգն է Հայաստանը դուրս բերել համակարգային ճգնաժամից․ Նարինե Դիլբարյան

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը կազմակերպել է հանրահավաք հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում։ Oragir.News-ի հետ զրույցում շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը ասել է, որ վաղվա հանրահավաքի նշանաբանն է «Նոր իշխանություն` հանուն Հայաստանի և Արցախի» և ամբողջ խնդիրը Հայաստանում պետական կառավարման նոր համակարգի ներդրմանն ուղված ջանքերի և առաջարկների համախմբումն է։

«Ակնհայտ է, որ այսօրվա հայաստանյան և արցախյան իրավիճակը թելադրված է սխալ կառավարվող, անարդյունավետ և վտանգավոր համակարգի գոյությամբ։ Ուստի հանրահավաքում բոլոր ելույթ ունեցողները ներկայացնելու են կառավարման համակարգի տարբեր ոլորտների իրենց տեսլականը»,-ասել է Նարինե Դիլբարյանը։

Դիլբարյանը նաև նշել է, որ այսօրվանից տեղադրելու են արկղ, որտեղ հավաքելու են քաղաքացիներից առաջարկություններ։ «Ամենաառաջին խնդիրն է ձևավորել ճիշտ, արդյունավետ և ազգային մտածողություն ունեցող կառավարիչների թիմ։ Այդ թիմի պատկերացումներն ենք ուզում համախմբել ժողովրդից, այսինքն ակնկալում ենք, որ մարդիկ թղթի վրա գրեն ոչ թե փրկիչների անուններ, ինչը մեզ մոտ տարածված է եղել, այլ իրենց կողմից վստահություն վայելող ոլորտային մասնագետ, թեկուզ տեխնոկրատ այն անձանց անունները, որոնք իրենց պատկերացմամբ կարող են Հայաստանը դուրս բերել այս դիվանագիտական, ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային, այսինքն համակարգային ճգնաժամից»,-ասել է Դիլբարյանը։

Հանրահավաքում ելույթ ունեցողները խոսելու են առանձին ոլորտներից։ «Եվ փաստորեն մենք զբաղվելու ենք նշելով, թե որքան վատն է այս իշխանությունը, կարծում եմ` դրա վերաբերյալ արդեն հարուստ թղթապանակներ կան և բոլոր հիմնավորումները ակնհայտ են, հասարակության մեծագույն մասը հասկանում է, որ այսպիսի ճանապարհով մենք դիվանագիտական, քաղաքական և պետական ծանրագույն պարտություններ ենք կրում, ուստի ելույթ ունեցողները խոսելու են ոլորտներում կատարվող անհրաժեշտ փոփոխությունների մասին, ներկայացնելու են իրենց ծրագրերը և հանրության արձագանքից էլ ակնկալում ենք իսկապես մշակել այն ճանապարհային քարտեզը, պարզ է՝ ամբողջական և մեծ համակարգային ծրագիր հանրահավաքներում անհնար է մշակել, բայց համենայն դեպս առաջնահերթ քայլ է այդ օրակարգը»,-ասել է Նարինե Դիլբարյանը։

Նարինե Դիլբարյանն ասում է, որ արդյունավետ ազգային մտածողություն ունեցող, փորձառությամբ օժտված մարդկանց թիմը Հայաստանը կարող է դուրս բերել այս համակարգային ճգնաժամից։

«Կփորձենք հավաքել հանրության մեջ վստահություն վայելող մարդկանց այդ ցուցակը և քանի որ մեր շարժման անունն էլ դրել ենք «Միասին», իսկապես հավաքական ջանքերով ուզում ենք բարձրացնել այն օրինական, սահմանադրական ալիքը, որով Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն»,-ասել է Նարինե Դիլբարյանը՝ եզրափակելով զրույցը։

Նշենք նաև, որ վաղվա հանրահավաքին ելույթ են ունենալու Հրանտ Բագրատյանը, Արամ Սարգսյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարո Վարդանյանը և այլ հանրային քաղաքական դեմքեր։