Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:10 18-02-2026

Փաշինյանն անշնորհակալ դուրս եկավ Հրայր Թովմասյանի հանդեպ

Անշնորհակալությունը վատ բան է, բարոյախոսների գնահատմամբ՝ շարքային անբարոյականություն։

Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց նա չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:

Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում 2020 թվականին Թովմասյանը վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր: Վճռաբեկի վերը նշված վճռից հետո Թովմասյանը դադարեց նաև ՍԴ դատավոր լինելուց։ ՍԴ դատավոր առաջադրելու հերթն այժմ Հանրապետության նախագահինն է, որն էլ մեկ ամսվա ընթացքում թեկնածու կառաջադրի խորհրդարանին:

Նախկինում՝ նախագահական կամ կիսանախագահական համակարգում նորմ կար՝ ՀՀ նախագահն ամերիկյան ավանդույթով առաջնորդվելով՝ 2 անգամից ավելի չէր առաջադրվում։ Հրայր Թովմասյանի կազմած սահմանադրությամբ այսպիսի նորմ չկա, այդ մասին ակնարկ էլ չկա։ Այս առումով՝ հանրային ակնկալիք կար, որ Նիկոլ Փաշինյանը երախտապարտ պիտի լիներ Հրայր Թովմասյանին, որը, կարծես՝ նրա հագով սահմանադրություն էր գրել, վարչապետին օժտելով լայն լիազորություններով, անվերջ վերընտրվելու և իշխանությունն անվերջ պահելու իրավունքով։

Այնինչ՝ Փաշինյանը ոչ միայն շնորհակալություն չհայտնեց, այլև նրա նախաձեռնած գործընթացի արդյունքում Թովմասյանը 2020-ի հունվարին պաշտոնանկ արվեց ՍԴ նախագահի պաշտոնից, իսկ 2026-ի փետրվարի 16-ին նաև ՍԴ դատավոր չէ։ Ավելին՝ Փաշինյանն ընդգծված անբարյացկամորեն ու անհարգալից էր վերաբերվում 2015-ի Սահմանդրությունը կազմողին։ Իսկ ԱԱԾ-ն Թովմասյանին հետապնդելու շրջանակում բերման էր ենթարկել և ԱԱԾ-ում պահել նրա հորը։

Նկատենք, որ Հրայր Թովմասյանը քաղաքական սկզբունքներ, մեծ հավակնություններ չի ցուցաբերել։ Նա հայտնի էր որպես լավ իրավաբան, սահմանադրագետ։ Ըստ Փաշինյանի՝ Թովմասյանը 2018-ին ծառայություններ է առաջարկել իրեն։ «Հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել ինձ և մերժվել»,- 2020-ի հունվարի 20-ին Կապանում հրավիրած ասուլիսում ասել է Փաշինյանը, մանրամասնելով,- «2018 թվականից սկսած, մայիսից սկսած, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»»։

Անկախ այն բանից, թե Փաշինյանի այս մեջբերված խոսքը ճիշտ է, թե սուտ, փաստն այն է, որ Հրայր Թովմասյանը Փաշինյանի համար շատ հարմար Սահմանադրություն է գրել, նա որևէ քաղաքական թիմում կարևոր դիրք չունի, վաստակաշատ իրավաբան է։ Եվ հետևաբար՝ Փաշինյանը երախտագիտությունից ելնելով՝ կարող էր մեդալ շնորհել Թովմասյանին և հրապարակավ շնորհակալություն հայտնել, որ նաև նրա կազմած սահմանադրության շնորհիվ իշխանության է հասել ու մնում։

Պարզ ասած՝ շնորհակալություն հայտնելու համար երբեք էլ ուշ չէ։ Հիմա էլ Փաշինյանը կարող է Թովմասյանին շնորհակալություն հայտնել։ Բայց Վճռաբեկ դատարանի փետրվարի 16-ի որոշումը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանը չի կարևորում Հրայր Թովմասյանի մեծ ներդրումը, մտադիր չէ երախտագիտություն հայտնել նրան, արժանվույն գնահատել նրա վաստակը։ Նկատենք, սակայն, որ ժողովրդի մեծ մասը անշնորհակալությունը վատ բան է համարում, անշնորհակալ մարդուն՝ վատ մարդ։ Եվ հետևաբար՝ Վճռաբեկի այս որոշումը բացասաբար կանդրադառնա Փաշինյանի վարկանիշի վրա, նա կարող է շատ քվեներ կորցնել հունիսի 7-ի ընտրություններում և կրկին ընդդիմադիր դառնալ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում