Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 16:05 11-02-2026

Մոդուլային ատոմակայան Հայաստանում․ կարո՞ղ է արդյոք ԱՄՆ առաջարկը փոխարինել Մեծամորի ատոմակայանին

Վերջին տարիներին Հայաստանի էներգետիկ անվտանգության թեման կրկին ակտիվ քննարկման առարկա է դարձել։ Մեծամորի գործող ատոմակայանի շահագործման ժամկետների ավարտին մոտենալու ֆոնին տարբեր երկրներ առաջարկում են նոր միջուկային լուծումներ։ Այդ համատեքստում քննարկվում է նաև ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային ատոմակայանի (SMR — Small Modular Reactor) հնարավոր կառուցումը Հայաստանում։ Սակայն գլխավոր հարցը մնում է նույնը՝ ունի՞ արդյոք ԱՄՆ-ը նման փորձ։

Ինչ է մոդուլային ատոմակայանը

Փոքր մոդուլային ռեակտորները մինչև մոտ 300 մեգավատ հզորությամբ միջուկային բլոկներ են, որոնք նախագծվում են գործարանային մոդուլների սկզբունքով։ Դրանք պետք է լինեն ավելի արագ կառուցվող, համեմատաբար ճկուն և բարձր անվտանգությամբ։ Նման լուծումները հատկապես դիտարկվում են փոքր էներգահամակարգ ունեցող երկրների համար։

ԱՄՆ-ի փորձը SMR ոլորտում

ԱՄՆ-ը միջուկային էներգետիկայի պատմության առաջատար երկրներից է։ Երկրում գործում են տասնյակ մեծ հզորության ատոմակայաններ, և ամերիկյան կարգավորիչ համակարգը համարվում է աշխարհի ամենախիստ համակարգերից։ Սակայն փոքր մոդուլային ռեակտորների դեպքում իրավիճակն այլ է։

Ամերիկյան մի քանի ընկերություններ՝ NuScale Power, TerraPower, X-energy, մշակում են տարբեր տիպի SMR նախագծեր։

NuScale-ի նախագծային լուծումը նույնիսկ ստացել է ԱՄՆ միջուկային կարգավորողի հավաստագրում, ինչը կարևոր քայլ է տեխնոլոգիական վստահության տեսանկյունից։



TerraPower-ը և X-energy-ն արդեն սկսել են նախապատրաստական շինարարական աշխատանքներ ԱՄՆ-ում։




Սակայն կարևոր հանգամանք կա․ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ չկա շահագործվող փոքր մոդուլային ատոմակայան։ Բոլոր նախագծերը գտնվում են նախագծման, լիցենզավորման կամ կառուցման նախնական փուլերում։ Այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները դեռ չեն անցել ամբողջական գործնական փորձարկման փուլը իրական արտադրական շահագործման պայմաններում։

Ամեն դեպքում Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու հնարավորությունների ու իրատեսական լինելու մասին, Oragir.News-ը զրուցեց էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ, ով նշեց, որ որպեսզի շփոթ չառաջանա, պետք է հստակ արձանագրենք՝ այսօր աշխարհում գործարկվող փոքր մոդուլային ռեակտորների օրինակներ գրեթե չկան։ Բացառությամբ Չինաստանի և Ռուսաստանի՝ մնացած բոլոր երկրներն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ունեն միայն նախագծեր։

«Ռուսաստանի դեպքում՝ 2019-2020 թվականներից գործում է «Ակադեմիկ Լոմոնոսով» լողացող ատոմակայանը։ Դա փոքր հզորության, քաղաքացիական նշանակության կայան է։ Չինաստանն ունի փորձարարական, արդեն արտադրական շահագործման անցած մոդուլային ռեակտոր, և այս տարի նախատեսում է շահագործման հանձնել շուրջ 200 մեգավատ հզորությամբ 4-րդ սերնդի նոր ռեակտոր, որի կառուցումը սկսել էր 2021 թվականին։ Եթե ժամկետները չուշանան, ապա մոտ հինգ տարվա շինարարությամբ այն կգործարկվի»,- նշում է փորձագետը։

Ավետիսյանը նաև նշում է, որ մնացած բոլոր երկրները, ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այս պահին ունեն միայն նախագծեր։

«ԱՄՆ-ում, օրինակ, NuScale-ի ծրագիրը մի պահ առաջատար էր համարվում, բայց չափազանց թանկ ստացվեց և փակվեց՝ դեռ ամբողջությամբ չավարտված»։

Փորձագետը նաև նշում է, որ «կառուցել» բառը տեղին չէ, մոդուլային ռեակտորները ամբողջությամբ տեղում չեն կառուցվում, ինչպես ավանդական մեծ ատոմակայանները։ Դրանք հիմնականում արտադրվում են տվյալ երկրում՝ գործարանային պայմաններում, հետո տեղափոխվում և տեղակայվում ընդունող երկրում՝ լինի դա Հայաստան, թե այլ պետություն։

«Տեղում իրականացվող շինարարական աշխատանքները շատ ավելի փոքր ծավալի են։ Սա ոմանց համար առավելություն է, բայց իմ կարծիքով՝ նաև թերություն է, որովհետև այդքան աշխատատեղ չի ստեղծվում, այդքան տնտեսական ազդեցություն չի լինում ներսում, այդքան գումար չի մնում երկրում»։

Կարող է արդյոք մոդուլային ատոմակայանը փոխարինել Մեծամորի ատոմակայանին

«Մեծամորի գործող բլոկի նախագծային հզորությունը 408 մեգավատ է։ Վերջին վերանորոգումներից հետո այն կարողանում է ապահովել գրեթե ամբողջական բեռնվածություն։

Եթե մենք ուզում ենք ունենալ ոչ պակաս, քան 400 մեգավատ հզորություն, ապա պետք է հասկանալ՝ ինչ մոդուլի մասին է խոսքը։ Եթե, օրինակ, խոսում ենք 50 կամ 70 մեգավատ հզորությամբ մոդուլների մասին, ապա մեզ պետք կլինի առնվազն 5-8 մոդուլ։ Այստեղ արդեն առաջանում են շատ մասնագիտական հարցեր։ Եթե նույնիսկ մեկ մոդուլը տեսականորեն հաջողված է, ապա ինչպե՞ս են աշխատելու 4 կամ 5 մոդուլներ միասին․ առանձի՞ն, զուգահե՞ռ, համակցվա՞ծ ռեժիմով։ Ինչպե՞ս է ապահովվելու համակարգային կայունությունը։ Այս հարցերի ամբողջական գործնական պատասխանները դեռ չունենք»,- ասաց փորձագետը։

Ավետիսյանն իր խոսքը եզրափակելով նշեց, որ այս պահին որևէ մեկը չի կարող հստակ երաշխիք տալ թե՛ ժամկետի, թե՛ գնի, թե՛ արդյունավետության վերաբերյալ։

Ք․ Ս․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի