Ներքին 9 ամիս առաջ - 14:38 05-02-2026

Հայաստանում մահվան պատճառներներից առաջատարը սրտանոթային հիվանդություններն են

Հայաստանում ըստ 2022-2024 թվականների պաշտոնական վիճակագրության՝ որոշ տարիքային խմբերում արձանագրվում է մահացության դեպքերի նվազման միտում, բայց պատկերը մտահոգիչ է հատկապես տղամարդկանց ու տարեց բնակչության համար:

Նվազման միտումը նկատվում է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Եթե 2022-ին 100 հազար բնակչի հաշվով աղջիկների մահացության դեպքերը եղել են 48, տղաներինը՝ 72, ապա 2024-ին նվազել են՝ հասնելով համապատասխանաբար 45-ի և 61-ի:

15-ից 44 տարեկան տղամարդիկ նույնպես բարձր ռիսկային խմբում են. մահացության մակարդակն այս տարիքում զգալիորեն բարձր է տղամարդկանց մոտ: Օրինակ՝ 2022-ին կանանց մահացության ցուցանիշը կազմել է 50, տղամարդկանցը՝ 155: 2024-ին ցուցանիշը նվազել է՝ դառնալով 49 և 125, սակայն կրկին՝ ահռելի տարբերությամբ:

45-ից 64 տարեկանների մոտ նույնպես ցուցանիշները բարձր են, թեև կրկին 2024-ին դրանք նվազել են:

2024-ին տվյալներով՝ այս տարիքային խմբի կանանց դեպքում մահացության ցուցանիշը դարձել է 368, տղամարդկանց դեպքում՝ 1002՝ գրեթե 3 անգամ ավելի, քան կանանց մոտ:

Տարիքին զուգահեռ մահացության մակարդակը կտրուկ աճում է 65-ից 74 և 75 ու ավելի տարիքի մարդկանց դեպքում:

2022 թվականին 65-74 տարեկան կանանց մոտ մահացությունը կազմել է 1669, տղամարդկանց մոտ՝ 3584: 2024-ին արդեն՝ համապատասխանաբար 1295 և 2760:

Այս տարիքային խմբում մահացության հիմնական պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են:

Պատկերը միանգամից փոխվում է 75 և ավելի տարիքի մարդկանց մոտ. այստեղ թվերը կտրուկ ավելանում են:

Տարեց կանանց մոտ 2024-ին մահացության ցուցանիշը գրանցվել է 7302, իսկ տղամարդկանց մոտ 8015:

Այս տարիքային խմբի դեպքում նույնպես մահացության հիմնական պատճառներն են սրտանոթային հիվանդություններն ու ընդհանուր առողջական վիճակի վատթարացումը:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ կարելի է փաստել, որ Հայաստանում մահացության դեպքերի առյուծի բաժինը հենց սրտանոթային հիվանդություններից է, օրինակ՝ ինֆարկտը, ինսուլտը, քրոնիկ սրտային անբավարարությունը:

Ընդ որում՝ սա մահացության բացարձակ առաջատարն է գրեթե բոլոր տարիքային խմբերում, հատկապես՝ 45-64, 65-74 և 75+ տարիքի բնակչության շրջանում, հատկապես տարեցների մոտ մահերի թիվը 100 հազար բնակչի հաշվով հասնում է մի քանի հազարի:

Հայաստանում մահացությունների երկրորդ հիմնական պատճառը քաղցկեղն է:

Չարորակ ներագոյացությունները մեծ տեմպերով խլում են հատկապես միջին ու բարձր տարիքային խմբերում գտնվող մարդկանց կյանքերը:

Այս դեպքում նույնպես տղամարդկանց մահացությունը քաղցկեղից գերազանցում է կանանց մահացության դեպքերի թվին, ինչը կարող է կապված լինել ուշ ախտորոշման ու բժշկի ուշ դիմելու հետ:

3-րդ տեղում արտաքին պատճառներն են, որոնք ավելի շատ սպառնում են 15-44 տարեկան տղամարդկանց:

Օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից կամ դժբախտ դեպքերից մահացության թվերը որոշ տարիներին նույնիսկ գերազանցում են հիվանդություններից մահացությանը:

Վիճակագրությունը փաստում է, որ երիտասարդ տարիքում մահացության թիվն աստիճանաբար նվազում է, բայց տղամարդիկ ու տարեցները շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie