Հայ առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանությունների կողմից շարունակվող արշավի ֆոնին օրերս Մայր Աթոռը որոշեց Եպիսկոպոսաց ժողովը ոչ թե Էջմիածնում անցկացնել, այլ՝ Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը։ Մայր Աթոռից այս որոշումը հիմնավորում են Եկեղեցու դեմ սանձազերծված արշավով ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումներով․ կարծիքներ կան, որ ժողովի անցկացումը խոչընդոտելու նպատակով մի շարք հոգևորականներ Հայաստան ժամանելուն պես կարող են ձերբակալվել, որպեսզի վերջիններս նույնպես միանան հանրության լայն շերտերի կողմից տիրադավ անունը ստացած հոգևորականներին ու պահանջեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը։
Եկեղեցին «բարենորոգելու» և Վեհափառ հայրապետին «հանգստի կոչելու» առաքելություն որդեգրած տիրադավների խորհուրդը, որի կազմում է նաև իրեն Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ կոչող Նիկոլ Փաշինյանը, արդեն իսկ կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը: Խորհուրդը հայտարարել է, որ իր կազմում գտնվող հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին, մյուս եպիսկոպոսներին էլ հորդորել է հետևել նրանց օրինակին: Վերջիններս պնդել են, թե իբր արտերկրում ժողով անցկացնելու որոշումը կայացրած Գերագույն հոգևոր խորհուրդն «անվավեր կառույց է, քանի որ դրա լիազորությունների ժամկետն ավարտված է»։
Երեկ էլ Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքը գրել էր, որ «Գերմանիայի և Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել՝ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու նպատակով»: Հ1-ի լրատվական ալիքի հիշյալ հրապարակման մեջ առկա է նաև ակտիվ հղում, որով անցնելով հնարավոր է ստորագրահավաքի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ և միանալ դրան։
Երբ հայտարարությանն ավելի մանրամասն ենք ծանոթանում, տեսնում ենք, որ դրանում տեղ են գտել մի շարք քաղաքական գնահատականներ։ Մասնավորապես՝ նշվում է, որ կասկածներ կան, թե Վեհափառի եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը «գտնվում է հնարավոր լրտեսության կասկածի և ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի տակ»։ Բացի այդ, նշվում է, որ Հայաստանում 2025-ին երեք եպիսկոպոսներ են ձերբակալվել տարբեր հանցագործությունների պատճառով։ Տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, ինչը իրականությանը չի համապատասխանում, իսկ Միքայել Սրբազանին էլ 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը ներկայումս բողոքարկման փուլում է։
Ստորագրահավաք-պահանջագիրը, որն ուղղված է Սանկտ Պյոլտենի թեմին, Ավստրիայի եպիսկոպոսաց ժողովին, Ավստրիայի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններին և Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը, ստորագրված է Այլին Բերդուդ-Մերինոյի և վերջինիս ղեկավարած «MUNK» նախաձեռնության անունից, ուստի՝ փորձեցինք հասկանալ, թե ո՞վ է Այլին Բերդուդ-Մերինոն․
Մասնավորապես՝ Այլին Բերդուդ-Մերինո Մելքոմյանը 2021-2022 թվականներին աշխատել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում՝ համակարգելով սփյուռքի բարեգործության ոլորտը։ Ուսումնասիրելով վերջինիս ֆեյսբուքյան էջը՝ պարզեցինք, որ նա այժմ իր ողջ եռանդով միացել է Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին, պարբերաբար՝ երբեմն նաև օրը մի քանի անգամ, կիսվում է իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներով, որոնց նպատակը եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունները լեգիտիմացնելն է։ Հրապարակումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․



Ուսումնասիրեցինք նաև Այլին Բերդուդ-Մերինո Մելքոմյանի ղեկավարած «MUNK» նախաձեռնության ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը, որի անունից տարածվել էր Հ1-ի լրատվականի հրապարակած հայտարարությունը։ Թվում էր, թե հիշյալ հարթակները, որոնց հայտարարության հղում է կատարել Հանրայինը, պետք է բազմահազարանոց լսարան ունենային, քանի որ հայտարարությունը վերագրվում էր Գերմանիայի և Ավստրիայի ողջ հավատացյալներին, սակայն մեզ մի փոքր «հուսախափություն» էր սպասվում․ «MUNK» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը, որը հիմնադրվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին, ուներ ընդամենը 22 հետևորդ, ինստագրամյանը՝ 23, մինչդեռ 2018 թվականի տվյալներով Գերմանիայում 27․275 հայ է ապրում, Ավստրիայում՝ 3642։

Բացի այդ, նախաձեռնությունը, որը միտված է Արցախի, Հայաստանի և սփյուռքահայ կանանց արմատների պաշտպանությանը, վերջին մեկ ամսում իր 22 հետևորդների համար բացառապես քաղաքական բովանդակություն է տարածել, որի թիրախում կրկին Հայ առաքելական եկեղեցին ու անձամբ Վեհափառ հայրապետն է։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակ հետապնդող ֆեյսբուքյան հարթակը ողջ ծավալով լծվել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին, երբ նույն իշխանության պաշտոնավարման օրոք Արցախն ամբողջովին հայաթափվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ «Արցախն Ադրբեջանի տարածք է»։
Այսպիսով՝ հերթական անգամ ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից սնվող և գործունեություն ծավալող Հանրային հեռուստատեսությունը ևս լծվել է հակեկեղեցական արշավին ու փորձում է ցանկացած կերպ լեգիտիմացնել այն։ Թեպետ բոլոր իշխանությունների օրոք էլ Հ1-ը պետական քարոզչության անբաժան մասն է կազմել, արտահայտել գործող իշխանության տեսակետը (շատերն են հիշում Հայլուրի Հայաստան հայտնի ձևակերպումը), այնուամենայնիվ այս դեպքում գերազանցել է անգամ ինքն իրեն ու պարզագույն մանիպուլյացիա կատարել․
Փաստացի՝ Հ1-ի լրատվական ալիքի կողմիք Գերմանիայի և Ավստրայի ավելի քան 31 հազարանոց համայնքին է վերագրվել մի հայտարարություն, որի հեղինակը 22-23 հետևորդ ունեցող «MUNK» նախաձեռնությունն է։ Ստացվում է, որ, ըստ Հ1-ի հրապարակման, Ավստրիայում և Գերմանիայի հայ համայնքը միայն Այլին Բերդուդ-Մերինո Մելքոմյանն է՝ իր ղեկավարած նախաձեռնությամբ հանդերձ, որի հետևորդների թիվը 2 տասնյակը մի փոքր է գերազանցում։
Վստահաբար կարող ենք պնդել, որ եթե որևէ ընդդիմադիր լրատվամիջոց նման հրապարակում կատարեր, ապա ՔՊ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները այն մեդիատեռոր կորակեին, կդատապարտեին, կընդգծեին, որ լրատվական դաշտը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, իսկ փաստեր ստուգող հարթակներն էլ իրար հերթ չտալով կաղաղակեին, որ հիշյալ լրատվամիջոցը մանիպուլացնում ու ապակողմնորոշում է հանրությանը։ Լավատեսորեն ակնկալում ենք, որ թե՛ ՔՊ-ականները, թե փաստեր ստուգող հարթակները այս դեպքում ևս նույն կերպ կգործեն։
Դավիթ Գույումջյան