Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի է ունեցել «Մենք կանք» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել են արցախցիները։
Միջոցառման շրջանակներում նախ բացվել է արցախյան մոտիվներով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են բռնի տեղահանումից հետո իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսած արցախյան ընկերությունների արտադրանքը, ձեռքի աշխատանքները։
Իսկ երեկոյան տեղի է ունեցել մեծ համերգ, որին մասնակցել են արցախյան համույթները և երգիչ-երգչուհիները։
Oragir.News-ի տեղեկություններով, մարզահամերգային համալիրի տնօրինությունը միջոցառման անցկացումը թույլատրելու համար պայման է դրել կազմակերպիչների առաջ։ Պահանջել են միջոցառման ընթացքում ոչ մի տեղից չկախել Արցախի դրոշն ու զինանշանը, չհնչեցնել հիմնը։ Կազմակերպիչներն ընդունել են պայմանը, ինչից հետո էլ կայացել է միջոցոռումը։
Նշենք, որ Արցախի դրոշներ միայն եղել են մասնակիցների ձեռքերում։