Պարտության խորհրդանիշները. ինչո՞ւ ՀՖՖ նախագահը հրաժարական չի տալիս
copy image url

Պարտության խորհրդանիշները. ինչո՞ւ ՀՖՖ նախագահը հրաժարական չի տալիս

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 05-11-2024
Հայաստանի ֆուտբոլային աշխարհում բողոքի ալիքը հասավ նոր մակարդակի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 14-րդ տուրի մի շարք խաղերի ընթացքում։ Ֆուտբոլասերները, ծխարձակող ջահերով ու բարձրաձայն վանկարկումներով, ներխուժեցին մարզադաշտ՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Այս բողոքի ակցիաները ստացան նաև որոշ ֆուտբոլային ակումբների աջակցությունը, սակայն մի շարք ակումբներ շարունակում են պաշտպանել Մելիքբեկյանին՝ կարծես ջնջելով կարծիքների հստակ սահմանները։

Ինչո՞ւ են ֆուտբոլասերները պահանջում ՀՖՖ նախագահի հրաժարականը, ինչո՞ւ է նա շարունակում պաշտոնավարել, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրա հեռացումը հայկական ֆուտբոլի վրա։

Ֆուտբոլասերները և որոշ ակումբներ դժգոհ են ՀՖՖ-ի ներկայիս աշխատանքի որակից և հայ ֆուտբոլի ընդհանուր վիճակից։ Վերջին տարիներին հայկական ֆուտբոլը զգալի առաջընթաց չի ունեցել, ինչը շատ երկրպագուների մոտ հիասթափություն է առաջացրել։ Հավաքականները և ակումբները չեն հասնում սպասված արդյունքներին միջազգային մրցաշարերում, ինչն ընկճում է հայ ֆուտբոլասերներին։

Շատերը բողոքում են, որ ՀՖՖ-ն չի գործում բավարար բաց ու թափանցիկ։ Երկրպագուները պահանջում են կառավարման քաղաքականության բացատրություններ և պարզաբանումներ՝ կապված ֆեդերացիայի բյուջեի ծախսերի, հավաքականների զարգացման ծրագրերի և այլ քաղաքական հարցերի հետ։ Ֆուտբոլասերները նաև դժգոհում են, որ ՀՖՖ-ն չի կատարում բավարար ներդրումներ ֆուտբոլի երիտասարդ սերնդի զարգացման համար։

Իսկ ինչո՞ւ հրաժարական չի տալիս ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը։

Չնայած բողոքի ալիքին և ֆուտբոլասերների ակնհայտ դժգոհությանը, Արմեն Մելիքբեկյանը հրաժարական չի տալիս։ Սա կարող է ունենալ մի քանի պատճառ։ Մի շարք ակումբներ և ֆեդերացիայի ներսի անդամներ աջակցում են Մելիքբեկյանին, և հնարավոր է, որ այս աջակցության շնորհիվ նա համոզված է, որ կարող է շարունակել իր պաշտոնավարությունը՝ չնայած հանրային դժգոհությանը։ Մելիքբեկյանը, հավանաբար՝ ձգտում է ավարտին հասցնել ընթացքի մեջ գտնվող փոփոխությունները, որոնք պահանջում են ժամանակ՝ արդյունքները տեսնելու համար։ Իսկ նրա հեռանալը, հավանաբար, կվնասի ընթացիկ բարեփոխումներին։

Իհարկե՝ հայկական ֆուտբոլի խնդիրները համակարգային են և միայն նախագահի փոփոխությամբ չեն լուծվի։ Սակայն ստեղծված իրավիճակում ֆեդերացիայի նախագահը կարող է ընդառաջ գնալ ֆուտբոլային հանրության, ֆուտբոլասերերի պահանջներին ու հրաժարական տալ։ Այդպիսով՝ նա կարող է հույս արթնացնել, որ հաջորդ ղեկավարը կարող է ավելի շոշափելի արդյունքներ ապահովել։

Կա խնդրի ֆինանսական կողմը։ Ֆեդերացիան հարկատուների միջոցներ է տնօրինում։ Այս առումով ևս արդար կլինի, որ հանրության պահանջով նա հրաժարական տա։

Խնդիրն ունի նաև քաղաքական աստառ։ Եթե ՀՖՖ նախագահը հրաժարական չի տալիս, ապա ենթադրելի է, որ նա վայելում է Նիկոլ Փաշինյանի աջակցությունը։ Վերջինս հայտնի է որպես պարտության խորհրդանիշ։ Այս առումով՝ Փաշինյանին ձեռնտու է, որ ՀՖՖ նախագահը նույնպես լինի պարտության խորհրդանիշ։ Այսինքն՝ վարչապետն ու ՀՖՖ նախագահը բնական դաշնակիցներ են։

Ի՞նչ կփոխվի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականից հետո։ Միանշանակ պատասխան չկա, կան ենթադրություններ։ Եթե Մելիքբեկյանը հրաժարական տա, ապա հնարավոր է՝ կփոխվի վարչական գործելաոճը։ Նոր ղեկավարը կարող է կենտրոնանալ ավելի բաց և թափանցիկ կառավարման վրա։ Հաշվի առնելով հանրային դժգոհությունները, նոր նախագահը կարող է ավելի համակարգված հաղորդակցություն ապահովել հասարակության հետ, ֆինանսական ծախսերի և որոշումների հարցում ապահովել թափանցիկություն։ Ենթադրվում է, որ նոր ղեկավարը կվերանայի մարզիչների ընտրությունը, երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման ծրագրերը և մրցավարների վերապատրաստումը։

Եվ ամենակարևորը՝ հույս կա, որ պարտության խորհրդանիշի հեռացումը կարող է վերականգնել ֆուտբոլասերների վստահությունը ՀՖՖ-ի նկատմամբ։ Նոր դեմքը կարող է դառնալ հանրային վստահության խորհրդանիշ, որը իրական բարեփոխումների դուռ կբացի։

Այնուամենայնիվ՝ հարկ է շիտակ ասել ֆուտբոլային երկրպագուներին, որ ՀՖՖ ղեկավարի փոփոխությամբ Հայաստանի ֆուտբոլի բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի։ Նույնիսկ խորքային բարեփոխումները արդյունք չեն տա։ Ինչքան էլ անհավատալի թվա, բայց հայկական ֆուտբոլի զարգացումն ուղղակի առնչվում է իշխանության վարած քաղաքականության հետ։ Քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր արտաքին, անվտանգային քաղաքականությունը, հուսալի դաշնակից չի դարձել ազատ աշխարհի համար, հայկական ֆուտբոլը Երևանից հեռու չի գնա, հայկական ֆուտբոլի ապագան կմնա վտանգված։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված