Փաշինյանը նոր կաթողիկոս է ուզում, ՀՀԿ-ն իշխանության չի ձգտում, Իրանը խափանել է միջանցքը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 21:05 10-06-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 10-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը այսօր վաղ առավոտից շարունակել է իր հակեկեղեցական արշավը․ նա ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև ստեղծել Համակարգող խումբ: Ըստ նրա՝ այս խմբի անդամ կարող են դառնալ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»։ «Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկ մարդիկ, թե՛ հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»,- գրել է նա։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ իր վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ, իսկ հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է, որ ՀՀԿ-ն իշխանության չի հավակնում, իսկ իմփիչմենթի պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության։ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ կարողանալու են փողոցում էլ զանգվածներ հավաքել: «Փողոցն էլ է գեներացվելու, բա առանց փողոցի ո՞նց կլինի», - ասաց Հանրապետականի ղեկավարը: Անդրադառնալով վարչապետի իրենց թեկնածուի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին բացասական կարծիքներին, Սարգսյանն ասաց, թե նա ի վիճակի է պայքարել. - «Դավիթ Համբարձումյանն ի վիճակի է պայքար մղելու: Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն հակազդեցության էր արժանանալու, և ես ասել եմ այդ մասին, որ մեր դեպքում հակազդեցությունը մեծ է: Ով ուզում է, միայն թե իշխանափոխություն լինի: Սա ճահիճ է, ճահիճ»: Սարգսյանը նաև նշեց, որ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա հավելեց՝ վաղն այս հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև բանակցություններ կլինեն։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խայտառակություն է որակել Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ իրականացվող արշավը։ «Այդ խայտառակության հանդեպ ես ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ. պարզ չի՞, որ ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որեւէ խոսակցություն»,- ասաց նա։ Սարգսյանն ընդգծել է, որ կաթողիկոսին պաշտպանելու հարցում իրենք կհետեւենք Վեհափառ հայրապետի հորդորներին ու նրա դիրքորոշմանը. «Ես կարծում եմ որպես առիթ Երևի Շվեյցարիայում Վեհափառ հայրապետի ելույթն էր, այդ միջոցառումն էր, բայց ամբողջովին տեղավորվում է իր հնարած «նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ։ Այսինքն Հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմությամբ, Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելով, սա նույն շղթայի տարբեր օղակներն են, այստեղ զարմանալու բան չկա»,– ընդգծեց Սարգսյանը։

Հայկական կողմը Վրաստանից դեռևս որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման շուրջ առաջացած խնդիրների առնչությամբ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից: Վրաստանը թեև տարանցիկ երկիր է, բայց ապրիլի վերջից սկսել է ստուգել իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները: Ըստ ալկոհոլ արտադրողների՝ այդ ստուգումներն արդեն ամիսներ են տևում, ինչի հետևանքով հայկական խմիչքները ռուսական շուկայից դուրս են մնում, ընկերություններն էլ՝ ֆինանսական վնասներ կրում: Արդյոք այդ ստուգումները վրացական մաքսակետում շարունակվելու են ու կրկին ձգձգվելու են մատակարարման ժամկետները, այս հարցին էլ գերատեսչությունից պատասխանել են, թե «ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն էլ ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, թե արդյոք կկրկնվեն դրանք, թե՝ ոչ»: Պատասխանից պարզ չի դառնում՝ փաստացի ապօրինի՞ են այդ ստուգումները, թե՞ պարզապես իրենց այս ամիսների ընթացքում չի հաջողվել պատասխան ստանալ: Նախարարությունից նաև փոխանցել են՝ ալկոհոլ տեղափոխող շուրջ 30 բեռնատար հատել է ռուսական սահմանը, մի քանի տասնյակ մեքենաներ Լարսի անցակետում են սպասում իրենց հերթին, ևս մի քանի տասնյակ էլ դեռևս նույն տեղում է, աշխատանքներ են իրականացվում դրանց տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: