Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, և հայկական կողմը բավարարել է Բաքվի վերջին 2 պահանջները․ հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշել ԵՄ դիտորդներին և հրաժարվել Ադրբեջանի դեմ միջպետական հարցերին։ Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը չի կարող իրավազոր համարվել, քանի որ դրա տեքստը կազմվել է Հայաստանի վրա գործադրված ճնշման ներքո։
Oragir.News-ը միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ճնշման պայմաններում կազմված պայմանագիրը կարո՞ղ է իրավազոր համարվել, ինչին ի պատասխան՝ նա նշեց․ «Ո՛չ, չի կարող, պարզապես այստեղ ամբողջը մեկնաբանության խնդիր է, թե ինչ է նշանակում ճնշել։ Եթե խոսքը վերաբերում է բռնությանը, օրինակ՝ Սահմանադրության նորմ է ընդունվում, որով ասենք պետականացվում է բռնի տեղահանված անձանց գույքը, այդ օրենքն ինքնին արդեն լեգիտիմ չէ, նման մոտեցում կա միջազգային իրավունքում։ Միջպետական պայմանագրի համատեքստում պետք է փորձել անալոգիա անցկացնել, որովհետև լայն դաշտ է բացվում, թե ինչ է նշանակում բռնություն։ Եթե ռազմի դաշտում մի պետություն պարտվում է և կոնտրիբուցիա՝ ռազմատուգանք է վճարում, դա մեկնաբանվում որպես բռնություն։ Դա նախատեսված է միջազգային հումանիտար իրավունքով, և դրա նախադեպերը շատ կան։ Այսինքն՝ այստեղ բռնություն հասկացության մեկնաբանության խնդիրը կա»։
/Արա Ղազարյան, միջազգային իրավունքի մասնագետ/Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ բռնությունը հիմնականում մեկնաբանվում է որպես ֆաշիզմի հիման վրա կատարված գործողություն, ցեղասպանություն, բռնի տեղահանում և այլն։ Այս համատեքստում հայ-ադրբեջանական սպասվելիք խաղաղության պայմանագրին անդրադառնալով՝ Արա Ղազարյանն ընդգծեց՝ ակնկալվում է, որ պետություններն իրենց կամքով են այդ համաձայնագիրը կնքում, և եթե պետությունը պարտվում է պատերազմում, դա դեռ չի նշանակում, որ իր առջև դրված պահանջներն անօրինական են։
«Այլ բան է, որ այդ պետության առաջ պահանջ է դրվում, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը կամ Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիային։ Որպես օրինակ՝ կարող եմ բերել Կիպրոսից բռնի տեղահանված 230 հազար հույներին, որոնց գույքի հետ կապված Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիան, 11 տարի հետո ազգայնացրեց։ Այս օրենքը համարվեց անօրինական, որովհետև այն բռնության հիման վրա ընդունված օրենք էր և արդարացնում էր բռնությունը։ Եթե այս համաձայնագրում էլ նման դրույթ լինի, որը կարդարացնի բռնությունը, ապա դա համաձայնագիրը միջազգային իրավունքի առումով կդարձնի անօրինական, բայց դժվար թե նման դրույթ լինի»,- շեշտեց նա։
Oragir.News-ի հարցին՝ Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները և գործադրվող ճնշումը կարո՞ղ են հիշյալ համատեքստում մեկնաբանվել՝ Արա Ղազարյանը պատասխանեց, որ դա իրավական մեկնաբանությունից դուրս է, գտնվում է քաղաքական դաշտում․ «Այլ բան է, որ դա արտահայտվի փաստաթղթում, բայց որպես կանոն կողմերը չեն արտահայտում դա փաստաթղթում, դա մնում է կուլիսների հետևում։ Մնում է տեսնել, թե դա ինչպես է կիրառվելու։ Փաստաթղթում նման դրույթներ չեն լինի, նման բան տեսնո՞ւմ եք օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, որը նույնպես համաձայնագիր էր։ Այդ ամեն ինչը դիվանագիտական չեզոք ձևակերպումներով կարտահայտվի»։
Արա Ղազարյանը hավելեց՝ համաձայնագրերը որպես կանոն ունենում են նախաբան, և նախաբանը միանշանակ պետք է հարգանք արտահայտի միջազգային իրավունքի նկատմամբ, ընդգծի ուժի կիրառման անթույլատրելիությունը և այն։ Նրա խոսքով՝ նախաբանը այն ուղենիշն է, որ համաձայնագրով բռնություն չի քարոզվում, գործադրված բռնությունը չի արդարացվում։ «Նախաբանը փակում է այդ ամենը, կարծում եմ այս համաձայնագիրը նման ինչ-որ նախաբան կունենա։ Վստահ եմ՝ կիրառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանալու, ու արդեն կիրառության վերաբերյալ շատ գործընթացներ կլինեն՝ թե՛ միջազգային ատյաններում, թե՛ ներպետական։ Պետք է տեսնել, թե ինչպես է այն կիրառվում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան