Ցեխից չեն հանելու, այլ 100 հազարավոր մարդկանց գցելու են ցեխի մեջ  
copy image url

Ցեխից չեն հանելու, այլ 100 հազարավոր մարդկանց գցելու են ցեխի մեջ  

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 12:50 14-03-2025
Վիրավորական արտահայտություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ի կառավարության նիստում։ Նրա բնորոշմամբ՝ ՀՀ գյուղերում մարդիկ ցեխի մեջ են։

Ինչո՞ւ է Փաշինյանը կարծում, թե գյուղացին ցեխի մեջ է, և Փաշինյանը կարո՞ղ է նրան ցեխից հանել։

Կառավարությունը մարտի 13-ի նիստում մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր․ «Կասեցնել 2021 թվականից տարեցտարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ, և արդեն իսկ անտանելի է դարձել հատկապես անապահով խավի քաղաքացիների համար: Այսինքն, նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը»։

Նիկոլ Փաշինյանը ընդարձակ ճառով փորձեց պաշտպանել կառավարության հակասոցիալական դիրքորոշումը։ «Եվ սա, այո՛, քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք մարդկանց ցեխի միջից հանելով՝ մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում՝ որոշելու և շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներին պետք է, որ մարդը մնա ցեխի մեջ»,- ասել է Փաշինյանը, նշելով, որ գույքահարկից հավաքված գումարը ուղղվում է համայնքի զարգացմանը։

Փորձագետները կարող են ասել, որ սա էժան մանիպուլյացիա է։

Այս օրենքից մեծապես տուժելու է քաղաքային բնակչությունը։ Քաղաքացիները, չկարողանալով վճարել բարձր գույքահարկը, ստիպված վաճառելու են տները կամ վարձակալության հանձնելու, տեղափոխվելով գյուղ ու ընկնելով, Փաշինյանի ասած՝ ցեխի մեջ։

Եթե գյուղերում գույքահարկը բարձրանա, ապա մարդկանց մի մասը պարզապես չի կարողանա վճարել։ Իսկ պատասխանատու մարդիկ պարզապես կարտագաղթեն ու գյուղը կդատակրկվի։ Հետևապես՝ ենթադրելի է, որ շատ գույքահարկ չի հավաքվի, գյուղերը չեն բարեկարգի, ու գյուղացին կմնա ցեխի մեջ։

Եթե որոշ գյուղերում հաջողվի գույքահարկ հավաքել, ուղղել համայնքի զարգացմանը, համայնքը բարեկարգել, ենթակառուցվածներ ստեղծել, ապա համայնքում անշարժ գույքը կարճ ժամանակ անց կթանկանա։ Գույքահարկն էլ, բնականաբար՝ կբարձրանա։ Արդյունքում սոցիալական բեռ կավելանա անապահովների համար, որոնք ստիպված կվաճառեն տները կամ վարձակալության կհանձնեն, կմեկնեն ավելի լքված ու անբարեկարգ գյուղ ու կընկնեն, Փաշինյանի ասած՝ ցեխի մեջ։

Այս կանխատեսելի հետևանքները, ենթադրաբար, գիտակցում են նաև ՔՊ-ական կառավարության անդամներն ու ղեկավարը։ Մեծ գիտելիք պետք չէ հասկանալու համար, որ հարկերը բարձրացնելն արդարացված է, երբ գործազրկությունն ու աղքատությունը դինամիկ կրճատվում են, բոլորը աշխատելու, բարիք ստեղծելու առաքելության մեջ են, բարեկեցությունն անշեղորեն աճում է, սոցիալական լայն ծրագրեր են իրականացվում, որ անապահով մարդիկ չճնշվեն բարձր հարկերի տակ։ ՔՊ-ական կառավարության սխալների կամ անգործության պատճառով հասարակությունն այսօր երկփեղկված է, ատելության թանձր մթնոլորտ է, գործազրկությունն ու աղքատությունը երկնիշ սարսափելի թվեր են։ Ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու, կառավարության հանդեպ վստահությունն ավելացնելու, աշխատանքային ընդհանուր փիլիսոփայություն արմատավորելու փոխարեն՝ ՔՊ-ական կառավարությունն ընտրում է բյուջեն լցնելու ամենակարճ ճանապարհը՝ հարկերը բարձրացնելը։ Այս իրավիճակում գույքահարկը բարձրացնելու արդյունքում երկրում ավելանալու են աղքատ թաղամասերն ու աղքատ գյուղերը, որտեղ մարդիկ ոչ մի հարկ էլ ի վիճակի չեն լինելու վճարելու, հետևաբար՝ ապրելու են, Փաշինյանի ասած՝ ցեխի մեջ։

Ի վերջո՝ թյուր է այն պնդումը, թե հարկերի բարձրացումը խթանում է տնտեսական ակտիվությունը։ Հակառակը՝ անտրամաբանական բարձր հարկերից մարդիկ փախչում են, և հասարակությունը քայքայվում է, երկիրն ընկնում ճգնաժամերի մեջ։

Սա է լինելու գույքահարկի բարձրացման հեռանկարը ՔՊ-ական կառավարության օրոք։ Եվ գույքահարկի շարունակական թանկացման հետևանքով 100 հազարավոր մարդիկ ոչ թե օգտվելու են որոշելու և շարժվելու ազատությունից, այլ հարկադրված շարժվելու են անցանկալի ուղղությամբ ու հայտնվելու «ցեխի մեջ»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:02 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ամուսինը հայտնել է, որ բուժքրոջ ներարկումից մոտ 1 րոպե անց կինը մահացել է․ shamshyan.com
14:47 5300 դոլար՝ մինչև 23 տարեկանը երեխա լույս աշխարհ բերելու դեպքում․ TASS
20:57 Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, բայց չի հրապարակի իր մերժած պլանը. Արման Մուսինյանի պատասխանը Փաշինյանին
16:51 Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը
18:33 «Սևան ազգային պարկ»-ի մոտ կայանված «Nissan»-ում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 
22:36 Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը
22:00 Առանձնատուն, 41 մլն դրամ, 67 հազար դոլար կանխիկ, 46․9 մլն դրամ եկամուտ․ Ռուբեն Մխիթարյանի ունեցվածքը
19:33 Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը հունից դուրս եկավ
20:15 Թուրքիան վերածվում է Ռուսաստանի և Ադրբեջանի. Le Monde
19:36 Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանը՝ իր և Սարիկ Մինասյանի նկարի մասին