Ինչո՞ւ Երևանն ընդունեց Բաքվի վերջին առաջարկները
copy image url

Ինչո՞ւ Երևանն ընդունեց Բաքվի վերջին առաջարկները

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 14-03-2025
Մարտի 13-ը ՀՀ դիվանագիտության պատմության մեջ հիշարժան ամսաթիվ է լինելու, քանի որ ավարտվեցին հայ-ադրբեջանական բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ընդունել է Ադրբեջանի վերջին առաջարկությունը չհամաձայնեցված 2 կետերի վերաբերյալ։ Ինչո՞ւ ՀՀ-ն ընդունեց այս պայմանները, և ի՞նչ հետևանքներ կունենան դրանք ապագայում։

Ուշագրավ է, որ հայկական կողմն առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Սակայն պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ, ընդգծելով՝ «Բաքուն սպասում է, որ Հայաստանը փոփոխություններ կանի իր Սահմանադրության մեջ»։

ՀՀ-ն տևական ժամանակ չէր համաձայնվում ԵՄ դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու վերաբերյալ ռուս-ադրբեջանական պահանջներին, այն կապում էր սահմանազատման, ՀՀ-ից զավթված հատվածները վերադարձնելու հետ։ ԵՄ դիտորդները նաև զսպում են ռուս-ադրբեջանական հնարավոր ագրեսիան Սյունիքի ուղղությամբ։ Հիմա, ՀՀ-ն համաձայնվել է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ կետին, որի արդյունքում ՀՀ-ն մնալու է ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիայի դեմ միայնակ։

Ենթադրելի է, որ այս ռիսկային զիջմանը ՀՀ-ն համաձայնվել է արտաքին ճնշման ներքո։

Հաջորդ կետի վերաբերյալ ՀՀ համաձայնությունը՝ հետ վերցնել հայցերը միջազգային դատարաններից, փշրում է արդարություն հաստատելու ժողովրդի հույսերը։ ՀՀ-ն կորցնում է նաև լծակներ, որոնք կարող էին օգտագործվել որպես դիվանագիտական զսպման մեխանիզմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ գործողությունների դեմ։ Այսպիսի զիջման ՀՀ-ն չպետք է գնար, քանի որ Ադրբեջանի՝ մարդկության դեմ հանցագործությունները կարող են մնալ անպատիժ։ Հետևաբար՝ Փաշինյանն այսպիսի զիջման կարող էր գնալ շատ մեծ ճնշումների տակ։

Աներկբա է, որ խաղաղության պայմանագրի կենսունակության համար անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ։ Հակառակ պարագայում չբարեկամները կարող են խախտել պայմանագիրը ցանկացած փոքր միջադեպի պատճառով, օրինակ՝ սահմանի ուղղությամբ արձակված կրակոցի պատրվակով։ Ենթադրելի է, որ Մոսկվան և Արևմուտքը համաձայնվել են Հայաստանի հարցում, և չբարեկամները հրաժարվել են Սյունիքի ուղղությամբ ագրեսիա իրականացնել։ Այսինքն՝ բազմակողմ երաշխավորներ կան, որոնք, ենթադրաբար՝ կհայտնվեն վերջին պահին։

Ուշագրավ է նաև Սահմանադրության փոփոխման մասին Բայրամովի ընդգծումը։ Եթե պայմանագիրը ստորագրվի նախքան ՀՀ նոր սահմանադրության ընդունումը, ապա կհաստատվի ենթադրությունը, որ ԱՄՆ-ՌԴ համաձայնություն կա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հետևում։

Միջազգային հանրության համար խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը նշանակալի իրադարձություն է։ Արդեն մի քանի երկրներ ողջունել են հայ-ադրբեջանական բանակցությունների ավարտը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան է դառնալու։ Եվրոպական երկրները կարող են այն օգտագործել տարածաշրջանային տնտեսական ծրագրերի զարգացման համար։ Կարող է գործարկվել Հարավ-Հյուսիս ուղևորափոխադրումների մեգանախագիծը, որը մեծ շահույթ կարող է բերել ՀՀ-ին, եթե նա իրավունքները չզիջի ռուսներին։

Կարճ ասած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ավարտը մոտեցրեց խաղաղության պայմանագիրը ստորագրելու օրը, որը, հավանաբար, տեղի կունենա առաջիկա ամիսներին ու կբավարարի բոլորին։ Ադրբեջանը այն կներկայացնի որպես Երևանին պարտադրած հերթական կապիտուլյացիան, Փաշինյանը՝ որպես խաղաղության դարաշրջանի բացում, Թրամփը կպարծենա, թե իր շնորհիվ է կնքվել, իսկ ՌԴ-ն մասամբ կպահպանի իր ազդեցությունը տարածաշրջանում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:02 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ամուսինը հայտնել է, որ բուժքրոջ ներարկումից մոտ 1 րոպե անց կինը մահացել է․ shamshyan.com
20:57 Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, բայց չի հրապարակի իր մերժած պլանը. Արման Մուսինյանի պատասխանը Փաշինյանին
14:47 5300 դոլար՝ մինչև 23 տարեկանը երեխա լույս աշխարհ բերելու դեպքում․ TASS
16:51 Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը
18:33 «Սևան ազգային պարկ»-ի մոտ կայանված «Nissan»-ում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 
22:36 Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը
22:00 Առանձնատուն, 41 մլն դրամ, 67 հազար դոլար կանխիկ, 46․9 մլն դրամ եկամուտ․ Ռուբեն Մխիթարյանի ունեցվածքը
19:33 Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը հունից դուրս եկավ
20:15 Թուրքիան վերածվում է Ռուսաստանի և Ադրբեջանի. Le Monde
19:36 Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանը՝ իր և Սարիկ Մինասյանի նկարի մասին