«Ես կարծում եմ, որ դեռևս վաղ է գնահատական տալ, թե արդյոք կենսունա՞կ է այս համաձայնությունը, թե՞ ոչ, մանավանդ ռուսական կողմը կարծես թե դեմոնստրացրեց իր վերապահումները և բացահայտ կերպով ներկայացրեց, որ եթե 30-օրյա ժամկետով խաղաղություն հաստատվի, ապա դա Ուկրինային վերազինվելու հնարավորություն կտա։ Այսինքն՝ այս դեպքում Ռուսաստանը նոր խնդրի առաջ կկանգնի, որովհետև այդ ժամանակաշրջանում հավանական է, որ Միացյալ Նահանգները կզինի Ուկրաինային նոր զինատեսակներով, ինչը նոր արհավիրքների պատճառ կարող է դառնալ, ռուսական կողմը համենայնդեպս նման պատճառաբանություններով է հանդես գալիս»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց միջազգայնագետ-քաղաքական վերլուծաբան
Դավիթ Կարապետյանը՝ գնահատելով Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով ուկրաինական կողմը համաձայնել է 30-օրյա հրադադար հաստատել՝ ամերիկյան աջակցության ամբողջական վերականգնման դիմաց, որը կներառի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։
Դավիթ Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ռուսաստանի համար այս տարբերակն անընդունելի է, քանի որ այն չի համապատասխանում իր շահերին ու բխում է բացառապես Ուկրաինայի շահերից։ Նա շեշտում է, որ ռուսական կողմն իր վերջնագիրն այնուհանդերձ ներկայցրել է առ այն, որ Ուկրաինայի 4 մարզերի՝ Դոնեցկի, Լուգենսկի, Խերսոնի և Զապորոժիեի ողջ տարածքը պետք է ամբողջությամբ անցնեն իր վերահսկողության տակ (ՌԴ զինուժը դրանց միայն մի մասն է վերահսկում այժմ-խմբ․), ինչից հետո միայն Մոսկվան կհամաձայնի պատերազմի դադարեցմանը։
«Այստեղ խոսում են նաև այն մասին, որ նախքան Վաշինգոտնից ամբողջական տեղեկատվություն ստանալը Մոսկվան չի ցանկանում վաղաժամ եզրակացություններ կատարել, որովհետև սպասում է լսել բանակցությունների վերաբերյալ ամերիկյան կողմի տեսլականը, իրենց մոտեցումները։ Սա է տեղի ունենում․ վերջնական կոնկրետ պայմանավորվածություններ չկան, խոսք է գնում ամերիկյան առաջարկի մասին՝ 30-օրյա հրադադար հաստատելու մասին, բայց ինչպես արդեն նշեցի, ռուսական կողմը հստակ ու վերջնական որոշում չի կայացրել, այն ինչ-որ խոսում են, դա դեռևս խոսակցությունների մակարդակում է։ Իհարկե նախագահ Թրամփն ակնարկում է, որ եթե Ռուսաստանը չգնա այդ համաձայնությանը, միևնույնն է՝ Միացյալ Նահանգները Ուկրաինային զինելու է, ինչը Ռուսաստանին կասկածի տեղիք է տալիս, որ համաձայնությունները կարող են անկենսունակ լինել և դրանք Ուկրաինային զինելու նպատակ են հետապնդում»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ Ռուսաստանը միտված չէ՞ հրադադար հաստատել՝ Դավիթ Կարապետյանը պատասխանեց, որ միտված լինելով հանդերձ Մոսկվան ունի իր վերապահումներն ու հիմնավորումները, որոնց մասին հայտարարում է։ Նա հիշեցրեց՝ ռուսական կողմի հայտարարությունների համաձայն ՌԴ-ն խաղաղության կգնա միայն այն դեպքում, երբ վստահ կլինի, որ 4 մարզերի ողջ տարածքից ուկրաինական ռազմական կոնտինգենտն ամբողջությամբ դուրս կբերվի, ինչպես նաև Ուկրաինան պաշտոնապես կհայտարարի, որ հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից։
Հարցին, թե Կուրսկում ծավալվող զարգացումները կարո՞ղ են ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների արդյունք լինել՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այստեղ տարատեսակ մեկնաբանություններ կարող ենք տալ, բայց տեսեք, նույն հաջողությամբ Ուկրաինայի նախագահը ներողություն է հայցում ԱՄՆ-ից՝ Վաշինգտոնում իր ցուցաբերած վարքագծի համար, պատրաստակամություն է հայտնել ստորագրել հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը, որը նրան առաջարկվել էր, ինչ-որ տեղ նաև որպես պահանջ էր ներկայացվել։ Այսինքն՝ այս համատեքստում Ուկրաինայի կողմից բավարարվել են ԱՄՆ-ի բոլոր ցանկությունները, ինչի արդյունքում էլ վերջինս այս պահի դրությամբ պատրատ է երաշխավորել 30-օրյա խաղաղությունը, եթե կարելի այսպես ձևակերպել։ Այստեղ էլ արդեն ընդդիմանում է Ռուսաստանը՝ հասկանալի պատճառներով»։
Հիշեցնենք՝ նախօրեին Սաուդյան Արաբիայում 9 ժամ տևած բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ համաձայնել է Ռուսաստանի հետ 30-օրյա զինադադարին՝ ամերիկյան աջակցության ամբողջական վերականգնման դիմաց, որը կներառի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարի առաջարկը վերաբերում է ոչ միայն օդում եւ ծովում, այլ նաեւ ռազմաճակատի ամբողջ գծով մարտական գործողությունների դադարեցմանը։
Կողմերը նաեւ պայմանավորվել են հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել հազվագյուտ մետաղների վերաբերյալ։