Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մարտի 15-ից մինչև 28-ն է՝ժամը 24-ը։ Այս նորմը սահմանել է ԿԸՀ-ն։ Արդար մրցապայքարը հարգողն ու ընտրակեղծարարությունը սկզբունքորեն մերժողը չի խախտում այս նորմը, ժամանակից շուտ չի սկսում քարոզարշավը, անհավասար մրցակցային պայմաններ չի ստեղծում, կասկածի տակ չի դնում ընտրությունների օրինականությունը։
Չնայած՝ քարոզարշավը մեկնարկելու է մարտի 15-ին, սակայն մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարաքար ու Գյումրի, զբոսնել փողոցներում, հանդիպել թիմակիցների հետ, ելույթ ունեցել, քննադատել մրցակիցիներին։ «Գյումրիում ելույթ ունեցա առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով»,- գրառմամբ հրապարակված ելույթն ամբողջապես նախընտրական տրամաբանության մեջ է։ Ենթադրելի, որ դիտորդները կարձանագրեն ֆալստարտը, քարոզարշավի ժամկետի խախտումն ու անհավասար մրցակցային պայմաններ ստեղծումը։
Նախընտրական քարոզարշավի տարածված ձևերից մեկը կուսակցությունների ներկայացուցիչների քարոզչական ելույթներն են, երբ նրանք հրապարակավ գովերգում են իրենց թեկնածուին ու պախարակում մրցակիցներին։ Այսպիսով՝ ընտրողներին տրամադրում են իրենց օգտին և մրցակիցների դեմ։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մրցակիցներին համարել է թալանչի, առնետ, թացը չորի հետ խառնելով, բոլորի մասին վատ բաներ ասել։ Նրա այս ելույթը հատվածաբար հրապարակվել է։ Եթե սա քարոզարշավ է, ապա ընտրախախում է, քանի որ ժամկետն է խախտվել։
Նկատենք, որ Գյումրիում Փաշինյանի զբոսանքին ու կուսակցականների հետ հանդիպմանը մասնակցում էին Կառավարության անդամները, Շիրակի մարզպետը, քաղաքի և հանրապետության բազմաթիվ պաշտոնյաներ։ Ինչո՞ւ էին մեծ ու փոքր ՔՊ-ական պաշտոնյաները հավաքվել ու միասին զբոսնում Գյումրիի փողոցներում քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ, ուժի ցուցադրություն կազմակերպում քաղաքում, փորձում տպավորություն ստեղծել, թե ՔՊ-ն Գյումրիում շատ աջակիցներ և հաղթելու շանս ունի։ Սա վարչական ռեսուրսի կիրառում չէ՞։ Եթե այո, ապա ընտրախախտում է։
Գյումրիում Փաշինյանի ելույթի պոպուլիստական բովանդակությունն ու տոնը ծանոթ են քաղաքացիներին։ Նա այսպիսի ելույթներ է ունեցել նախընտրական քարոզարշավների ժամանակ։ Չնայած՝ նրա ելույթը լսողները վարչական աշխատողներն էին, սակայն ելույթն ամբողջությամբ ատելություն էր մրցակիցների հասցեին։ Կուսակցության առաջնորդը, կարծես՝ դիրեկտիվ էր իջեցնում թիմակիցներին, թե ինչպես և ինչ տոնով ատեն ու վատաբանեն մրցակիցներին, ատելության այնպիսի սև ամպեր բարձրացնեն, այնքան ստվերեն նախընտրական բանավեճը, որ ոչ ոք ուշադրություն չդարձնի թեկնածուների ծրագրերին, գաղափարներին։ Այսպիսի մթնալորտում ապաքաղաքականացվում են ընտրությունները, վերածվելով միմյանց հայհոյելու մրցավազքի, որ ընտրողը ձայն տա ոչ թե նրան, ով ավելի լավ ծրագիր կներկայացնի, այլ նրան, ով ավելի անպարկեշտ բառերով կվիրավորի մրցակիցներին, ստվերում թողնելով ծրագիրն ու գաղափարը։ Այսպիսով՝ այլասերվում են ընտրություններն, ինչն ավելի վատ է քան ընտրակեղծիքը՝ լցոնումն ու «ալի բաբան» միասին վերցրած։
Ինչո՞ւ է ՔՊ-ն, քարոզաշավից 6 օր առաջ ամբողջ կուսակցությունով, անփողկապ վարչական աշխատողներով Գյումրի գնալով, ուժի տպավորիչ ցուցադրությամբ, ընտրությունների թեմայով քարոզչական ելույթով, մրցակիցների հասցեին ատելություն գեներացնելով, հիմնավոր կասկածներ առաջացնում։
«Եկեք գնանք, նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններին նախորդող շրջանների վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիթորինգ անենք: Խոսույթի 70-80 տոկոսը նվիրված է նրան, թե ինչպես են իշխանությունները կեղծելու ընտրությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ունեցած ելույթում։ Ընտրական տեխնոլոգները վաղուց գիտեն, որ սա մանիպուլյացիա է։ ՔՊ-ական իշխանությունը ընտրակեղծիքի մասին այս ակնարկով, քարոզարշավի ֆալստարտով, կիրակի օրն անփողկապ ռեսուրսի կիրառմամբ տպավորություն է ստեղծում, թե եթե այնքան «խիզախություն» ունի, որ այսօր կարող է ընտրախախտում անել, ապա կարող է կեղծել նաև մարտի 30-ի ընտրությունները։ Այսպիսի տպավորություն է ստեղծում, որ մրցակից կուսակցությունները հուսահատվեն, մրցունակ ծրագիր չներկայացնեն, լուրջ չպայքարեն ընտրողի քվեի համար։
Թաթուլ Մկրտչյան