2025 թվականը հաշված օրերից պատմություն կդառնա։ Տարեմուտի շեմին ընդունված է ամփոփել ավարտվող տարվա ձեռքբերումներն ու կորուստները, ինչպես նաև սահմանել հաջորդ տարվա թիրախները, բնականաբար, իրատեսության սահմաններում։
ՀՀ իշխանություններն այս օրերին հայտարարում են, որ 2025 թվականը մեր նորագույն պատմության ամենախաղաղ տարին է՝ դա համարելով իրենց գրեթե ութնամյա կառավարման ամեանառանցքային ձեռքբերումը։ Նման պնդումներ մենք առավել հաճախ սկսեցինք լսել օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության հռչակագիրը։ Ավելին՝ մեզ սկսեցին վստահեցնել, որ խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, պարզապես մենք դեռ դա չենք նկատում, քանի որ այն մեզ համար խորթ երևույթ է։
Հարաբերական խաղաղության հաստատման ֆոնին հայ հանրությունն առնվազն կարող է լեգիտիմ մտավախություններ ունենալ, մասնավորապես այն հարցում, թե դրա դիմաց ի՞նչ գին է վճարել, կամ էլ՝ առաջիկայում վճարելու։ Այս մտավախությունների պատճառն անցյալի դառը փորձն է․ 2018-2020 թվականներին՝ Փաշինյանի կառավարման առաջին շրջանում, թվում էր, թե կրկին խաղաղություն է հաստատվել, մեր զինվորները թշնամու կրակոցներից չէին մահանում, սակայն դա ավարտվեց 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմով, որը մեր պետականության համար աղետալի հետևանքներ ունեցավ։
Ինչևէ,
Oragir.News-ը ևս որոշեց ամփոփել 2025 թվականը և առերեսվեց մի ողջունելի իրողության, որով որոշեց կիսվել իր ընթերցողների հետ․ 2025-ը Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ տարին էր, երբ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չհանձնեց, տարածքային ու մարդկային կորուստներ չունեցավ․
2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ Փաշինյանի իշխանության առաջին օրերին, հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում բախումներ տեղի ունեցան, որոնց հետևանքով Ադրբեջանը գրավեց չեզոք տարածքում գտնվող Գյուննուտ նախկին բնակավայրը, ինչպես նաև միջսահմանային որոշ այլ դիրքեր։ Գյուննուտը հայկական կողմի վերահսկողության տակ էր անցել դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներին, իսկ հարակից հատվածները՝ 2013-2015 թվականներին, երբ ՀՀ զինված ուժերն արդյունավետ կերպով հակազդում էր թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձերին։
Թեպետ նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ 2013-2015 թվականներին հայկական բանակը Նախիջևանի ուղղությամբ շուրջ 500 քառակուսի կմ տարածք է ազատագրել, ինչը, բնականաբար
իրականությանը չէր համապատասխանում (
Նախիջևանի հետ սահմանին առաջխաղացում եղել է, սակայն ոչ 500 քառակուսի կմ), այնուամենայնիվ դա ռազմավարական նշանակություն ունեցող տարածք էր, որն ապահովում էր Հայաստանի անվտանգությունը, և որը դարձավ Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանի ունեցած առաջին լուրջ կորուստը։
Միջանկյալ նաև նշենք, որ Նախիջևանի տարածքը կազմում է 5500 քառակուսի կմ, և եթե ՀՀ-ն իսկապես Նախիջևանից 500 քառակուսի կմ գրաված լիներ, ապա դա պետք է կազմեր վերջինիս տարածքի 1/11-րդ մասը։ Ստորև ներկայացված քարտեզում պատկերել ենք նաև, թե դա մոտավորապես որքան տարածք է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ-ն չէր կարող 500 քառակուսի կմ տարածք գրավել։
2019 թվականն առերևույթ խաղաղ էր, ու Հայաստանը մեծ հաշվով կորուստներ չունեցավ, սակայն հարկ է հիշել, որ սա հենց այն տարեթիվն էր, երբ Փաշինյանը մերժեց Արցախի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հայանպաստ առաջարկը, իսկ դրանից երկու ամիս անց՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սրանով նա փաստացի լեգիտիմացրեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումը՝ այն դարձնելով պարզապես ժամանակի հարց։ Նշենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունները Արցախի դեմ 44-օրյա ագրեսիան հիմնավորում են Նիկոլ Փաշինյանի՝
Արցախը Հայաստան է, և վերջ, ինչպես նաև պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի՝
նոր պատերազմ, նոր տարածքներ արտահայտություններով՝ պնդելով, որ դրանք փաստացի վիժեցրել էին բանակցային գործընթացը։
2020 թվականը Հայաստանի նորագույն պատմության ամենաաղետալի տարիներից մեկն էր․ նույն թվականի հուլիսին տավուշյան մարտերում թեպետ հայկական բանակը 1 դիրք ազատագրեց, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունի, բնականաբար՝ իր գերագույն գլխավոր հրամանատարությամբ, այնուամենայնիվ արդեն աշնանը տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ջախջախիչ պարտություն կրեց, իսկ Փաշինյանն էլ պնդեց, որ ինքը մարտական գործողությունների կառավարմանը չի միջամտել, պարզապես մոդերացիա է արել։
44-օրյա պատերազմում հայկական կողմը կորցրեց Արցախի անվտանգության գոտու 7 շրջաններից 4-ը՝ Մեխակավանը (Ջաբրայիլ), Վարանդան (Ֆիզուլի), Կովսականը (Զանգելան) և Որոտանը (Կուբաթլու), իսկ արդեն բուն Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքից Հադրութի գրեթե ամբողջ շրջանը, ինչպես նաև Արցախի խորհրդանիշ Շուշի քաղաքը և հարակից Քարինտակ գյուղը։ Պատերազմը դադարեցնելու գինը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումն էր, որով առանց մեկ կրակոցի Ադրբեջանին հանձնվեցին անվտանգության գոտու մյուս 3 շրջանները՝ Քարվաճառը (Քելբաջար), Ակնան (Աղդամ, որը ժամանակին Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊ-ականների հայրենիքն էր), ինչպես նաև Քաշաթաղ-Բերձորը (Լաչին), իսկ Հայաստանի և Արցախի կապն ապահովելու էր 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը, որը շրջանցելու էր Շուշի քաղաքը։
Ցավոք 2020-ի կորուստներն այսքանով չավարտվեցին․ Արցախում ռազմական գործողությունների ավարտից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժը հարձակում գործեց և գրավեց Հադրութի շրջանի հայկական մնացած վերջին 2 գյուղը՝
Հին Թաղերը և Խծաբերդը՝ գերեվարելով շուրջ 6 տասնյակ հայ զինծառայողների։ Բացի այդ, չնայած ադրբեջանական կողմը 44-օրյա պատերազմում Կովսականի և Որոտանի շրջանների հիմնական մասը գրավել էր, սակայն Հայաստանի Հանրապետության հետ սահմանակից հատվածները չէր կարողացել գրավել, իսկ այդ հատվածները Ադրբեջանին հանձնելու մասին որևէ դրույթ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկար։ Այս իրողությունը սակայն չկաշկանդեց Նիկոլ Փաշինյանին, ում հրամանով 2020-ի դեկտեմբերի 18-ին
Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որը մասամբ շոշափում էր հիշյալ 2 շրջանների տարածքը, հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։ Այս որոշումը հիմնավորվում էր նոր պատերազմը կանխելու անհրաժեշտությամբ։
2020-ի դեկտեմբերի վերջին Ադրբեջանը պահանջեց իրեն հանձնել
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը, որը, խորհրդային տարիներին գտնվում էր նախկին Կուբաթուլի շրջանի կազմում։ Պաշտոնական Երևանը Բաքվի այս պահանջը ևս կատարեց․ 2021 թվականի հունվարի 5-ին, երբ լրացավ Շուռնուխը հանձնելու վերջնաժամկետը, գյուղացիները, միայնակ մնալով գյուղ մտած ադրբեջանցի զինվորների հետ, սպիտված եղան լքել իրենց տները, իսկ գյուղապետի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը, սեփական ձեռքերով այրեց իր տունը։
2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատեցին Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և դիրքավորվեցին։
Հայաստանը խնդրի լուծման հարցով ռազմական օգնություն է խնդրեց ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից, սակայն համարժեք պատասխան չստացավ, իսկ ռուսական կողմն էլ առաջարկեց կատարել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։ Հայաստանին ռազմական օգնություն էր առաջարկել Ֆրանսիան՝ հայտնելով, որ պատրաստ է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԱՄՆ-ն և Հնդկաստանը Ադրբեջանին կոչ արեցին իր զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, սակայն այս կոչերը արդյունք չունեցան, քանի որ Նիկոլ Փաշինյանը նույն շրջանում Ադրբեջանին առաջարկեց զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմաններից՝ փաստացի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը դարձնելով հակամարտության առարկա։ Այս առաջարկը ևս Ադրբեջանը մերժեց։
Ադրբեջանի հարձակման հետևանքով Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում զոհվեց 1 պայմանագրային զինծառայող, Գեղարքունիքի տարածքում էլ 6 զինծառայող գերեվարվեց։
Ճգնաժամն էլ ավելի սրվեց հուլիսին, երբ Հայաստան-Նախիջևան սահմանին, բախումներ տեղի ունեցան։ Այնուհետև բախումները տարածվեցին Գեղարքունիքի մարզի և Քարվաճառի սահմանին, որոնց հետևանքով երկու կողմն էլ կորուստներ ունեցան։
Նույն թվականի նոյեմբերի 15-ին ադրբեջանական զինուժը Լաչինից ներխուժեց Սյունիքի մարզի տարածք և 4 մարտական դիրք գրավեց։
2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական զինուժը Արցախի ուղղությամբ առաջխաղացում ունեցավ՝ գրավելով
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը։ Սա Հին Թաղերի և Խծաբերդի գրավումից հետո Արցախի ուղղությամբ հրադադարի առաջին լուրջ խախտումն էր, որից հետո նման միջադեպերը հաճախակիացան, քանի որ ռուս խաղաղապահները ի զորու չեղան, կամ պարզապես չցանկացան պատշաճ կերպով հակազդել դրանց։ Արդեն օգոստոսի սկզբին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց
Բերձորի ուղղությամբ՝ պահանջելով
համանուն քաղաքը, հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերը սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի շուտ հանձնել իրեն ու միջանցքի երթուղին տեղափոխել։ Հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս պահանջը ևս կատարեց ու օգոստոսի վերջին հիշյալ բնակավայրերն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էին, իսկ հիմնավորումը կրկին նույնն էր․ նոր պատերազմ թույլ չտալ։
2022 թվականը նշանավորվեց նաև Հայաստանի տարածք Ադրբեջանի ամենալայնամասշտաբ ներխուժմամբ, որը 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական ամենախոշոր բախումն էր։ Սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուժը
Գորիսի, Կապանի, Իշխանասարի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի և Վերին Շորժայի ուղղություններով ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով խոշոր տարածքներ, ինչպես նաև պատճառելով բնակֆոնդի ու ենթակառուցվածքների խոշոր ավերածություններ։
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը պաշտոնապես ունեցել է 207 զոհ, որոնց անուններն առ այսօր չեն հրապարակվել, ինչպես նաև 293 վիրավոր և ավելի քան 20 գերեվարված։
2022-ի հարձակման գլխավոր ուղղությունը Ջերմուկն էր, որտեղ ադրբեջանական զինուժը մեծ առաջխաղացում ունեցավ, զգալի ավերածություններ պատճառեց։ Այս ամենի պատճառով քաղաքը տևական ժամանակ զրկվել էր զբոսաշրջային հոսքերից, որոնք վերջին շրջանում աստիճանաբար վերականգնվում են։
Ընդհանուր առմամբ 2021-2022 թվականների 3 ներխուժումների ժամանակ Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է շուրջ 200 քառակուսի կմ տարածք, որն առ այսօր չի վերադարձրել։ Պաշտոնական Երևանի հույսն այս հարցում սահմանազատման և սահմանագծման գործընթացն է, սակայն նշենք՝ այս գործընթացը կարող է տասնամյակներ տևել, իսկ Բաքուն էլ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանից օկուպացրած տարածքները վերադարձնելու մտադրություն չունի։Սեպտեմբերյան բախումներից մոտ 1 ամիս անց՝
2022-ի հոկտեմբերի 6-ին,
Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, որից ընդամենը 2 ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը շրջափակեց և ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ պահեց տեղի ավելի քան 120 հազար հայ բնակչությանը։ Սրա համար Բաքուն պատասխանատվության չենթարկվեց՝ պնդելով, որ գործում է իր երկրի տարածքում, և այս իրողությունը կասկածի տակ չի առնում անգամ Երևանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ վերահաստատում է այն։
2023 թվականը Հայաստանի նորագույն պատմության ամենաաղետալի տարին էր․ Արցախն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո նույն թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինուժը հարձակման անցավ։ Ռազմական գործողությունները 1 օր տևեցին, որի ընթացքում Արցախի ՊԲ-ն խոշոր կորուստներ պատճառեց իրեն անգամներով գերազանցող ադրբեջանական զինուժին, սակայն ուժերի անհավասարությունն ու Հայաստանից սպասվող օգնության բացակայությունը Արցախի իշխանություններին ստիպեցին ընդունել Ադրբեջանի վերջանգիրը, որպեսզի տեղի 120 հազար հայ բնակչությունը Հայաստան տեղափոխվելու հնարավորություն ունենա։ Հաջորդիվ սկսվեց բռնի տեղահանությունը, որի հետևանքով բառացիորեն մի քանի օրում Արցախը հայաթափվեց և ամբողջովին հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։
Փաստացի Նիկոլ Փաշինյանը դարձավ այն ղեկավարը, ում որոք վերջին 3 հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախն ամբողջովին հայաթափվեց, և արդեն այսօր այնտեղ ապրող հայերի թիվը չի գերազանցում 1 տասնյակը։Հայ հասարակության մի հատվածն ակնկալում էր, որ գոնե Արցախի լիակատար հանձնումից հետո Հայաստանի կորուստները կավարտվեն, իշխանությունը ևս ակտիվորեն տարածում էր այս քարոզչական թեզը, այնուամենայնիվ, արդեն 2024-ի սկզբին Ադրբեջանը պահանջեց անհապաղ իրեն հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը, որոնք ժամանակին ընդգրկվել էին խորհրդային Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմ թույլ չտալու հիմնավորմամբ 2024-ի մարտին համաձայնեց բավարարել այս պահանջը, և արդեն մայիսին
Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքբեր գյուղերին հարակից տարածքները՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անվան տակ, հանձնվեցին Ադրեջանին։ Այս գործընթացը վիժեցնելու նպատակով Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Հայաստանում պայքար սկսվեց, որը, ցավոք սրտի, հաջողությամբ չպասակվեց։
Այսպիսով՝ 2025 թվականը Փաշինյանի կառավարման այն բացառիկ տարին էր, երբ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չհանձնեց, թեպետ մի շարք զիջումներ Ադրբեջանին այնուամենայնիվ կատարեց։ Խոսքը մասնավորապես այդ երկրի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին էր, որոնց արդյունքում խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց։ Ուշադրության է արժանի Վաշինգտոնյան հռչակագրի շրջանակներում Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն տրամադրելու հանձնառությունը, որը, մի շարք փորձագետների գնահատմամբ, իրականում նույն «Զանգեզուրի միջանցքն» է՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ։
Քանի որ 2025 թվականի ավարտին դեռևս 2-3 օր կա, լավատես լինենք, որ այդ ընթացքում մեր այս հոդվածը հրապարակումից հետո ժամանակավրեպ չի դառնա, և Հայաստանը ոչինչ չի հանձնի։
Հույս ունենանք նաև, որ 2025-ը չի կրկնի 2019-ի օրինակը․ ինչպես արդեն ամփոփեցինք, 2019-ին ևս Հայաստանն ու Արցախը առերևույթ կորուստեր չունեցան, բայց այս ամենն ավարտվեց 2020-ի աղետով և դրան հաջորդած ոչ պակաս աղետալի զարգացումներով ․․․Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան