ՔՊ-ին պաշտպանող ռեժիսոր Ռուբեն Բաբայանը դեկտեմբերի 11-ին Հ1-ի եթերում սկանդալային հայտարարություն է արել։ Անդրադառնալով Միքայել Սրբազանի նկատմամբ 2 տարի ազատազրկման դատավճռին, Ռուբեն Բաբայանն ասել է, որ նրան 2 տարի տալը ճիշտ է։
«Եվ այդ տեսակետից ես կառաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց՝ փայտով խփել, փայտի 10 կամ 20 հարված հասցնել։ Այսպիսի հանցանքի համար ոչ այն է՝ անպատիժ թողնես, ոչ այն է՝ բանտ նստեցնես։ Ես կարծում եմ, որ մեր շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից»,- ասել է անվանի մտավորականը:
Ապշել կարելի է, որ ՔՊ-ամերձ մտավորականը միջնադարյան պատկերացումներ ունի մարդու, օրենքի նկատմամբ։ Ինչքա՞ն պետք է նա ատի մարդուն, որ առաջարկի մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատիժ, ինչքա՞ն պետք է ատի ժողովրդավարությունը, որ առաջարկի փայտի հարված խոսքի դեմ։
Նկատենք, որ մինչև քաղքենիա-ժողովրդավարական հեղափոխությունները՝ մտավորական չկար, հոգևորականն էր զբաղվում գիտության, կրթության, մշակույթի գործով։ Սոցիալական վերափոխումների շնորհիվ արվեստի, գիտության գործիչն ազատվեց եկեղեցու դիկտատից ու դարձավ հասարակության առաջամարտիկը։ Հումանիզմի, լուսավորության գաղափարների տարածողը մտավորականն էր։ Նա մարդասիրության մարմնացումն էր, ազգի խիղճը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Թումանյանը կամ Աղայանը առաջարկեին փայտով ծեծել ցարին կամ սուլթանին քննադատողին։ Այս աստիճան հետընթաց մղձավանջային երազում դժվար է պատկերացնելը։
Խորհրդային բռնազավթման շրջանում հոգևոր իշխանությունը կազմված էր միայն մտավորականներից, մտավորականությունը խավ էր։ Հոգևորականը իշխանություն չուներ, հալածվում էր։ Եկեղեցիները քանդվում, պղծվում էին մարտնչող անաստվածների ձեռքով։ Այդ թվերին Չարենցի, Բակունցի վրա մատնագիր գրողներ կային։ Բայց նրանք չեն առաջարկել փայտով ծեծել սոցռեալիզմից շեղվող Չարենցին, Բակունցին, հարյուրավոր այլ մտավորականներին։ Այս առումով՝ Ռուբեն Բաբայանը մատնագիր գրողներից ու մարտնչող անաստվածներից էապես տարբերվում է։
Չինական մշակութային հեղափոխության տարիներին հեղափոխությամբ ոգևորվածը միայն Մաո էր կարդում, նրա փոքրիկ կարմիր գրքույկը։ Մնացած ամեն ինչն արգելված էր։ Խունվեյբինները հրապարակավ նվաստացնում էին այլ գիրք կարդացողին, այլ երգ լսողին, այլ գաղափարի մասին մտածողին։ 3 մլն մարդ է զոհ գնացել այս շրջանում։ Սարսափելի է մտածելը, թե ինչ պատժի տեսակներ կառաջարկի Ռուբեն Բաբայանը, եթե ծանոթանա խունվեյբինների պատմությանը։
Որոշ տեղերում պատժի այլ անմարդկային տեսակներ էլ կան։ Օրինակ՝ քարկոծելը, ձեռք կտրելը և այլն։ Չի բացառվում, որ ՔՊ-ականները կոգևորվեն իրենց կողմից հարգված, սիրված Ռուբեն Բաբայանի՝ ամբաղ-զամբաղ խոսողներին փայտով ծեծելու մասին առաջարկից և կառաջարկեն կիրառել անմարդկային այլ պատժի տեսակներ ՔՊ համակիրների, գործընկերների նկատմամբ։ Օրինակ՝ կարող են առաջարկել քարկոծել «Իմ քայլին» չարամտորեն փող չտվողին, իսկ այլ քաղաքական ուժին փող տվողի ձեռքը կտրել։ Այսինքն՝ ամբաղ-զամբաղ խոսողին այսօր փայտով ծեծելու առաջարկը նորմալ համարողը վաղը կարող է քարկոծել ու ձեռք կտրել։ Այս առումով՝ Ռուբեն Բաբայանի առաջարկը կարող է ընկալվել որպես սպառնալիքի ակնարկ ուղղված ՔՊ-ի և «Իմ Քայլի» պոտենցիալ նվիրատուներին։
Հին ու բարի Անգլիայում մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատժի տեսակ կար՝ անարգանքի սյուն։ Դանիել Դեֆոյի «Ձոն անարգանքի սյանը» պոեմի լույս տեսնելուց հետո պատժի այս տեսակը վերացվեց։ Այսպես մտավորականը աշխարհն ազատեց պատժի անմարդկային, ամոթալի մի տեսակից։ Մարդիկ այսօր երազում են, որ լուսավոր մի օր կվերանա նաև ազատազրկումը որպես պատժի տեսակ, կփակվեն բանտերը, որ մարդուն չնվաստացնեն, չվնասեն մարդու առողջությունը, չխեղեն ճակատագրեր։ Քաղաքակիրթ աշխարհն այսօր հանդիմանում է Իրանին՝ անմարդկային պատժի տեսակներ կիրառելու համար։ Իսկ մտավորական Ռուբեն Բաբայանը ոչ միայն ճիշտ է համարում Միքայել Սրբազանին 2 տարի ազատազրկելն, այլև առաջարկում փայտով ծեծել։
Մի խոսքով՝ խիղճ ունեցող մտավորականը կարող է վատ զգալ, որ գործընկերն առաջարկում է անմարդկային պատիժ կիրառել՝ փայտով ծեծել։ Իսկ եթե օտարերկրացին փորձի ճանաչել հայ ժողովրդին նրա մտավորական Ռուբեն Բաբայանով, ապա կարող է կարծել, թե հայ ժողովուրդն անքաղաքակիրթ, մարդատյաց, հակաժողովրդավար, անխիղճ, անաստված զանգված է։
Թաթուլ Մկրտչյան