Ներքին 6 ամիս առաջ - 17:40 03-12-2025

Ինչու է Temu-ից արված պատվերը հարկվել, երբ այն չի գերազանցել 200 եվրոն․ մաքսատան պարզաբանումը

Oragir.News-ն օրեր առաջ անդրադարձել էր Temu կայքից պատվեր կատարած քաղաքացու խնդրին։ ՊԵԿ-ն նրանից պահանջում է մաքսատուրք, հաշվի չառնելով, որ պատվերի արժեքը 200 եվրոյից և քաշը՝ 31 կիլոգրամից չի անցնում։

Oragir.News-ի հետ զրույցում մաքսատան աշխատակիցը պարզաբանեց, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։

Մաքսատան աշխատակիցը նշում է, որ գնահատվում է ոչ միայն տվյալ պատվերի արժեքը, այլ նաև՝ նախկինում նույն անձի կողմից արված նմանատիպ պատվերների հաճախականությունը։

Եթե մարդը մի քանի անգամ նույն տեսակի ապրանք է բերել, ապա դա կարող է ընկալվել ոչ թե «անձնական օգտագործման», այլ «վաճառքի» նպատակով։ Այդ պատճառով էլ մաքսատուրք է դրվում։

Մաքսային տեսուչները ընդգծում են․ «Մենք հայտարարագիրը քաղաքացիների փոխարեն լրացնում ենք անվճար։ Քաղաքացին պետք է միայն պետական տուրքերն ու հարկերը վճարի»։

Եթե քաղաքացին ցանկանում է ապրանքը վերադարձնել Temu-ին, կա հատուկ կարգ ՝ պետք է դիմում գրել, մաքսային տեսուչը պետք է վերադարձվող ապրանքը տանի ՀայՓոստ, իսկ ՀայՓոստին պետք է վճարել վերադարձի գումարը և նախօրոք պայմանավորվել։

Միաժամանակ, մաքսատանը նշում են, որ տվյալ դեպքում, հավանաբար, աշխատակիցն ասել է «եթե վերադարձ չեն անում, ապա վճարեք մաքսատուրքը և վերցրեք ապրանքը» այն պատճառով, որ վերադարձի արժեքը, որը պետք է վճարեր ՀայՓոստին գրեթե նույնն է եղել, ինչ մաքսատուրքի վճարը։

Փոխադրող ծառայությունը՝ TEX-ը Oragir.News-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ընկերությունը չի վերահսկում գնորդների պատվերների սահմանաչափերը, իսկ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը սահմանվում է մաքսային օրենսդրությամբ.

«Եթե մաքսային հսկողության ընթացքում մաքսատան կողմից առաքանիները պահվում են դրանց առևտրային շեմի սահմանչափը գերազանցելու կամ այլ պատճառով, ապա նշված խնդիրը գտնվում է մաքսատան և ստացողի միջև, մենք որպես առաքող կազմակերպություն իրավասություն չունենք ստացողի փոխարեն իրականացնել մաքսատանը պահված բեռների հայտարարագրում։ Եթե անձը դիմում է մեզ խորհրդատվություն ստանալու նպատակով, մենք անպայման պատասխանում ենք բոլոր հարցերին։ Մնացած բոլոր դեպքերում հաճախորդը կարող է ինքնուրույն, նախօրոք, մինչ նման պատվեր կատարելը ծանոթանալ գործող կանոնակարգին»։

Այսպիսով՝ եթե հաճախ եք պատվիրում նույն տեսակի ապրանքներ, մաքսատանը կարող են ինքնագլուխ, կասկածել, որ դրանք վաճառքի համար են, ու նշանակել հարկ։ Իսկ Temu-ն կամ փոխադրողը չեն կարող նախապես ասել՝ Ձեր պատվերը կհարկվի՞, թե՞ ոչ։ Ուստի՝ լավ կլինի, եթե ՊԵԿ-ն ու առցանց առևտրային ծառայություն մատուցողները նախապես պատշաճ իրազեկեն քաղաքացուն նման ռիսկերի մասին, ծանոթացնեն օրենքներին, կարգին, քաղաքացու իրավունքներին, համապատասխան խորհուրդներ տան, որ քաղաքացին նման տհաճ անակնկալների չբախվի։