Ներքին 10 ամիս առաջ - 11:55 21-11-2025

ՀՀ նախագահը վստահ է, որ TRIPP-ի իրագործումը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի երկրների համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահ է, որ Հայաստանի տարածքում TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրագործումը ոչ թե վտանգներ կամ խնդիրներ կստեղծի, այլ նոր հնարավորություններ կբացի Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե կարելի՞ է արդյոք արձանագրել, որ Թբիլիսիում փարատվել են այն մտահոգությունները, թե Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրագործումը կարող է ինչ-որ առումով նվազեցնել Վրաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում, ՀՀ նախագահը պատասխանել է.

«Կարող եմ ասել, որ վտանգ չի լինի նրանց համար, նրանք որևիցե կորուստ չեն ունենա։ Ընդհակառակը՝ Վրաստանի նշանակությունն ավելի է մեծանալու։ Եթե ստացվի այն ամենը, ինչի մասին խոսում ենք, այսինքն՝ իսկապես սահմանները բացվեն, TRIPP-ը իրականություն դառնա և սկսի աշխատել, նոր հնարավորություններ են բացվելու Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի Վրաստանի, ինչու չէ՝ նաև Ռուսաստանի համար։ Դրանից հետո մենք բոլորս ինքներս մեզ քննադատելու ենք, թե ինչու նախկինում մենք չէինք օգտագործում այդ հնարավորությունները»,-նշել է Հայաստանի նախագահը։

Նախագահը հավելել է, որ Թբիլիսիում իր հանդիպումների ժամանակ վրացի պաշտոնյաներից նման մտահոգություններ չի լսել, նրանց մոտ անհանգստություն այդ հարցով չի նկատել։ «Ամեն ինչ կախված է լինելու մեզնից․եթե մենք ցանկանում ենք իսկապես խաղաղ ապրել, ցանկանում ենք հարևանների հետ խնդիրները լուծելու ճանապարհով գնալ, այլ ոչ թե ավելի մեծացնել դրանք, մենք հաջողություն կունենանք, բայց եթե տրամադրված չենք, այդ դեպքում պրոբլեմներ կունենանք և կհայտնվենք այն միջավայրում, որը կար նախկինում»,-շեշտել է ՀՀ նախագահը։

Նա նաև հայտնել է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարբեր հարցերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առումով։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվել նոյեմբերի 19-ից 20-ը։ Նա Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ «Թրամփի ուղի» երթուղով նախատեսվում է նաև ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին