Ներքին Տեսանյութ 45 րոպե առաջ - 19:49 18-11-2025

Արցախահայության թիվ 1 խնդիրը՝ չլքել Հայաստանը. «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկում

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրային քննարկում:

Արցախի բռնի տեղահանման, առնչվող մարտահրավերների և հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկման ընթացքում պատրաստված զեկույցի շրջանակում բանախոսները ներկայացրեցին Միջազգային քրեական դատարանի ապացույցների հավաքագրման մեթոդաբանություը, որն ընդգրկում էր թե՛ տեղահանությունից առաջ եղած, թե՛ տեղահանման ժամանակ, և թե՛ Հայաստանում տեղավորվելուց հետո առկա խնդիրները՝ մարդու իրավունքների տեսանկյունից:

Քննարկման բանախոս, Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ զեկույցի պատրաստման համար իրականացվել են 83 խորքային հարցազրույցներ տեղահանված արցախցիների հետ՝ օգտագործելով նախապես մշակված հարցաթերթիկներ, որոնք ընդգրկել են կյանքի ու անվտանգության իրավիճակը շրջափակման փուլում, ապաստարանների և տարհանման գործընթացների մանրամասները, ադրբեջանական հարձակումների և սահմանային անցումների հետ կապված փորձառությունները, ինչպես նաև արցախցիների վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների քաղաքականության նկատմամբ:

Հարցվողների ընտրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ հաշվի առնելով սեռային, տարիքային և բնակավայրերի բազմազանությունը. «Նշեմ, որ 83 տեղահանվածի հետ խորքային հարցազրույցներ ենք իրականացրել։ Նախապես մշակված հարցաթերթիկներ ենք օգտագործել, որոնք դետալային տեղեկատվություն են պարունակել և՛ շրջափակման փուլում կյանքի վերաբերյալ, անվտանգային միջավայրի, և՛ տեղահանման ընթացքում ապաստարանների, տարհանման գործընթացների վերաբերյալ, ադրբեջանական հարձակումների, Հագարի կամրջի անցման պրոցեսում, արցախցիների նկատմամբ վերաբերմունքի, և ինչո՞ւ ոչ նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, և այս 83 հարցազրույցներն օգնել են մեզ բացահայտել օրինաչափություններ, ապահովել ենք նաև պատշաճ սեռային ներկայացվածությունը, տարիքային ներկայացվածությունը, ներառել ենք հարցվողներ 5-ը քաղաքներից և 37 գյուղական բնակավայրերից, այսինքն՝ ընտրանքը ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին»։

Նա նաև զրույցում անդրադարձավ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող կեղծ դատավարություններին և դրանց կանխատեսելի ավարտներին. հավելեց նաև, որ դատավարությունների մեկնարկի ժամանակ ինքը անձամբ հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ այս դատավարությունների ելքը կանխորոշված է եղել ի սկզբանե, և վստահորեն պնդեց, որ լինելու են մեղադրական դատավճիռներ և ցմահ ազատազրկումներ: «Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի պարագայում առաջարկել են 20 տարի, սա ընդամենը օրենսդրական կարգավորումների խնդիր է՝ ԱՆ 2 նախագահների 65 տարին լրացել է, իսկ ադրբեջանական օրենսդրությունը արգելում է տարեցների նկատմամբ ցմահ ազատազրկման կիրառումը։

Բայց Ադրբեջանի մոտեցումը հետևյալն է՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ցմահ ազատազրկվի, իսկ այն անձինք, որոնք մասնակցություն են ունեցել, բայց ոչ կարևոր դերերում, նրանց առնչությամբ առաջարկվել է երկարատև ազատազրկում՝ 20, 19, 16, 14 տարի, սակայն բոլոր դեպքերում՝ խոսքը տեղական ազատազրկումների մասին է»:

Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական դատարանները անկախ չեն և քաղաքական պատվերի հիման վրա են իրականացնում դատավճիռները: Նա հավելեց նաև, որ իրենց գնահատմամբ՝ մինչև տարեվերջ ադրբեջանական դատարանները կհրապարակեն մեղադրական դատավճիռներ, որտեղ դատախազի առաջարկած պատժատեսակները կվավերացվեն դատարանների կողմից:

Oragir.News-ը զրուցեց բանախոսներից ևս մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։

Վերջինս նշեց, որ այս քննարկումը հիմնականում վերաբերում է Արցախի հայերի իրավունքներին՝ գույքային իրավունքներին, վերադարձի իրավունքին, ռազմագերիների և պատանդների հիմնախնդրին, անհայտ կորածների հիմնախնդրին, ինչպես նաև մշակութային ժառանգության այն մարտահրավերներին, որոն առջև հայտնվել են արցախցիները։

Նա ընդգծեց, որ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է հարցը միջազգային ատյաններում բարձրացնել՝ տարբեր գործիքակազմերի կիրառմամբ։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ արցախցիները հիմնականում բախվում են իրենց իրավունքների պահպանման խնդիրներին Հայաստանում, և անհրաժեշտ է ապահովել, որ նրանք չլքեն երկրի տարածքը՝ պահպանելով իրենց ինքնությունը. «Ես Ձեզ ասեմ, որ որպես արցախցի, առաջին հերթին իրավունքիների պահպանությունն այն է, որ արցախահայությունը չլքի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սա թիվ 1 խնդիրն է մեր առջև կանգնած, որովհետև արտագաղթը կթուլացնի մեր թե՛ ինքնության պահպանման հարցերը, և թե՛ նաև մեր այն իրավունքները, որոնց մասին այսօր խոսեցին մեր իրավաբան գործընկերները»:

Իսկ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ նշեց նման միջոցառումների կարևորության մասին և անդրադարձավ, իր խոսքով՝ Հայաստանի այս իշխանությունների որդեգրած անմարդկային, իրավական իմաստով հանցավոր և գործունեության իմաստով անթույլատրելի վարքագծին:

«Դա հանցագործություն է, որը իրագործողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ իմ ընկալումներում այդ հանցանքի գլխավոր կազմակերպիչներն ու իրագործողները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն են: Հանցանքի հետևանքները պետք է վերացվեն՝ ապահովելով արցախահայության իրավունքների վերականգնումը և նրանց հայրենիքում խաղաղ, ապահով, անվտանգ կյանքի իրավունքը: Շուտով այս իրավունքը իրացվելու է, ինչքան էլ որ դա հիմա դժվար ու անիրատեսական թվա»,- ասաց Ղազարյանը։

Նա հավելեց, որ նման միջոցառումները կարևոր են, քանի որ դրանք հանրային ու քաղաքական շրջանակներում նպաստում են գիտակցված մոտեցումների ձևավորմանը և հետևողական քայլերի իրականացմանը:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը