Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 15:30 10-11-2025

Կոտրված ոտքիս ոսկորները սխալմամբ հեռացրել են, դարձել եմ հաշմանդամ, առողջ ոտքիցս էլ ասեղ դուրս եկավ

Արթուր Արզումանյանը պնդում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Կիրակոսի Մանուկյանը և նույն բաժանմունքի օրդինատոր Լևոն Սամվելի Մկրտչյանը, իր իսկ խոսքերով՝ հանցավոր համաձայնությամբ և ոչ սթափ վիճակում, վիրահատության ժամանակ իր նկատմամբ գործադրել են բռնություններ՝ պատճառելով ծանր առողջական վնասներ։

Արզումանյանի հայտարարությամբ՝ վիրահատության ընթացքում բժիշկները վիրաբուժական աքցանով կտրատել և հեռացրել են իր ձախ սրունքի կողային մասի ոսկորի մի հատված՝ մոտ 11 սմ երկարությամբ և 2 սմ լայնությամբ, ինչի հետևանքով բացվել է ոսկրածուծը, առաջացել է դատարկ տարածություն և հետագայում՝ բորբոքում ու ինֆեկցիա։ Նրա պնդմամբ՝ բժիշկները չնկատելով կամ թաքցնելով խնդիրները, ամիսներ շարունակ վստահեցրել են, թե բուժման դրական դինամիկա կա, մինչդեռ ինքը տառապել է ուժեղ ցավերից և ի վերջո զարգացել է օստեոմիելիտ (ոսկրային թարախակալում)։

Արզումանյանը նաև նշում է, որ մետաղական կոնստրուկցիա տեղադրելու նպատակով կտրվածքը շարունակվել է մինչև կոճը, ինչի հետևանքով վնասվել են նյարդային թելերն ու հանգույցները․ ոտնաթաթը կորցրել է զգայությունն ու շարժունակությունը, իսկ մատերը կծկվել են։ Բացի այդ, նա պնդում է, որ վիրահատության ընթացքում կտրատված կարելու ասեղի մի կտոր բժիշկները խրել են իր առողջ՝ աջ ոտքի մեջ, որը, իր խոսքերով, 11 ամիս անց է հայտնաբերվել և այդ ընթացքում սևացել էր։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ նշված վիրահատությունը կատարվել է դեռևս 2016 թվականին, և Արթուր Արզումանյանը հետագայում դիմել է բոլոր հնարավոր ատյաններին՝ իրավապահ մարմիններին և դատարաններին։ ԲԿ-ի տեղեկացմամբ՝ վճռաբեկ դատարանը վերջնականապես մերժել է Արզումանյանի հայցը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացու մասնակցությամբ անցկացված բոլոր դատաբժշկական և թունաբանական փորձաքննությունները որևէ պատճառահետևանքային կապ չեն հաստատել բժիշկների գործողությունների և ստացված վնասվածքների միջև։

Բժշկական կենտրոնի ներկայացուցիչները նշում են, որ հիվանդանոցի ղեկավարությունը բազմիցս հանդիպել է Արզումանյանի հետ, լսել նրա բողոքներն ու փորձել պարզել իրավիճակը։ Սակայն այժմ ԲԿ-ում դիտարկում են հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունը՝ զրպարտության համար։