Ներքին 1 տարի առաջ - 16:59 28-10-2025

Հրազդանի նախկին համայնքապետն ազատվել է քրեական պատասխանատվությունից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավարը համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի հետ, երկու անձանց օժանդակությամբ ապօրինի կերպով օտարել են 11 հա ընդհանուր մակերեսով անտառային հողատարածքը:

Մասնավորապես՝ Հրազդանի համայնքապետարանի վերը նշված իրավասու պաշտոնատար անձինք ձևական աճուրդով վաճառել են համայնքային սեփականություն հանդիսացող 11 հա մակերեսով հողամասը, որում ներառված են եղել 9.79 հա հատուկ պահպանվող տարածքի հողեր հանգստի գոտու համար, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում ներառված պետական նշանակության և օտարման ոչ ենթակա՝ ընդհանուր 1.21 հա անտառային հողեր: Ընդ որում՝ համայնքի նախկին ղեկավարը հողամասը վաճառելու փաստը թաքցրել է ավագանու անդամներից, և հողամասն օտարելու մասին ավագանու կողմից որոշում կայացված չի եղել:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ աճուրդին մասնակցելու հայտեր են ընդունվել երկու անձանցից այն դեպքում, երբ վերջիններս աճուրդին մասնակցելու ու այդ հողամասը ձեռք բերելու որևէ մտադրություն չեն ունեցել: Դրանից հետո՝ 2008 թ. հուլիսի 7-ին, Հրազդանի համայնքապետարանի՝ աճուրդն անցկացնող վերը նշված պաշտոնատար անձինք կազմակերպել են ձևական աճուրդ, որի մասնակիցները փաստացի ներկա չեն եղել, նրանց կողմից աճուրդային քայլեր չեն կատարվել, մինչդեռ պաշտոնատար անձինք կազմել են հողամասն աճուրդով վաճառելու վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդում 41 մլն ՀՀ դրամի չափով առավելագույն գին է առաջարկել աճուրդի մասնակիցներից մեկը, ում հետագայում օտարվել է հիշյալ հողամասը:

Վերը նշված հանցանքների կատարման համար Հրազդան համայնքի նախկին ղեկավարին և համայնքապետարանի բաժնի պետին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած երկու անձանց՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Հրազդան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է: Վերջինս ազատվել է քրեական պատասխանատվությունից ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հետևանքով:

Հրազդանի համայնքապետարանի բաժնի պետի և վերջինիս օժանդակած երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»