Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 24-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հրցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ККБ-ի գործակալ է։ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը Փաշինյանը հիմնավորեց՝ հղում անելով «մամուլում հայտնված» տեղեկություններին` դժգոհելով, որ ոչ ոք այդ մասին հարց չի բարձրացնում։ Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի վերաբերյալ՝ անպարկեշտ բառապաշարով դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։ CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում Փաշինյանը և ում հետ են դրանք կապված։ Պարզվում է, որ ՔՊ-ի խոսափող լրատվամիջոցում՝ Civic.am-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը» վերտառությամբ հոդված։ Հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը «անանուն նամակ է ստացել» Եզրաս Ներսիսյանի մասին։ Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից «Կարո» գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին «գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն»՝ նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո հանրապետության 2-րդ խոշոր համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ երեկոյան Քնչական կոմիտեից հայտնել էին, որ համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ ձերբակալվածները կանայք են․ Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելլա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։ Ուշագրավ է, որ ձերբակալված Վարդուհի Փիլոյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Սարուխանյանը հաստատել է այս տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հերքելով այն պնդումները, որ զոքանչը Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար է ձերբակալվել։ «Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։ Դա նաև խոսում է այն մասին որ իրականում կապ չունի, թե ով է, եթե օրենքի խախտում է լինում, բոլորը օրենքի առաջ հավասար են»,- ասել է նա։ ՔՊ-ական հավելել է նաև, որ չի պատրաստվում իր իշխանական լծակներն օգտագործել զոքանչի ազատ արձակմանը նպաստելու համար և ընդունելու է այն որոշումը, որը կկայացնեն իրավապահները։
Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում է ընդդիմության նախաձեռնած իմփիչմենթի գործընթացն անվանել է «քաղաքական օպերացիա»: «Ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա։ Այդ իմփիչմենթն ակնհայտորեն շինծու գործընթաց էր։ Պարզ էր, որ դրա նպատակը քաղաքական շահարկումն էր, ոչ թե սկզբունքայնությունը»,- նշել է նա: Սիմոնյանը պնդել է, որ ընդդիմությունը պետական լծակներ չունենալու պայմաններում «զրոյական արդյունավետություն» է ցուցաբերում․ «Դուք ապացուցել եք, որ առանց իշխանական ռեսուրսների զրո ՕԳԳ ունեք։ Երբ դուք պետական լծակ չունեք, որևէ արդյունք չեք տալիս։ Դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում»,- շեշտել է ՍիմոնյանըԼ։ Խոսելով նախկին իշխանությունների մասին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին չի աջակցել Սերժ Սարգսյանին՝ դրանով փաստացի աջակցելով իշխանափոխության օրակարգին։ Այո, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը և Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ արեցին՝ աջակցելու հեղափոխությանը։ Դա փաստ է, և այդ բանավեճը պետք է ավարտել։ Դուք նույն համակարգի ներկայացուցիչներն եք, որը մարդկանց վրա է կրակել և բանտեր նետել»,- նշել է նա։
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը: Նախագիծը հեղինակել էին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Ներկայումս հանրային երեք ալիքներն են «Առաջին ալիքը»՝ որպես հիմնական հեռարձակող, Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ալիքը, և հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթը»։ Նախագծով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի ժուռնալիստների միությունն բողոքել են այս նախագծի դեմ և պահանջել հետ կանչել այն ԱԺ–ից, սակայն այս ամենը չկաշկանդեց իշխանականներին։
Մանրամասները՝ տեսանյութում։