ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից, քանի որ չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։
Բորդյուժայի խոսքով՝ Հայաստանը հայտարարել է անդամակցության «սառեցման» մասին, սակայն դեռևս մնում է լիիրավ անդամ, ինչը խանգարում է որոշումների կայացմանը։ Նա նշել է, որ Երևանը պետք է ինքնուրույն դուրս գա, իսկ եթե ոչ՝ ՀԱՊԿ-ը պետք է հեռացնի Հայաստանին։
Հավելենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտնել էր, որ Հայաստանի հեռացման հարցը կարող է բարձրացվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ձորաղբյուր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ՝ անդրադառնալով «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիներին և TRIPP նախագծին։
Աշոտյանի պնդմամբ՝ թղթի վրա որպես «խաղաղության ուղի» ներկայացվող ամերիկյան TRIPP նախագիծն իրականում կոշտ քաղաքական գամբիտ է։ Այն զրկում է Հայաստանին ձայնի իրավունքից և վերածվում է պանթյուրքական աշխարհաքաղաքական դաշինքի գործիքի՝ ամերիկյան ֆինանսական փաթեթավորման ներքո միմյանց կապելով Բաքուն ու Անկարան։
Ըստ վերլուծության՝ Սյունիքում ավելի քան 2.4 միլիարդ դոլարով կառուցվելիք այս ճանապարհը տնտեսապես անմրցունակ է, քանի որ չի կարողանալու մրցել Բաքու-Թբիլիսի-Կարսի, Անակլիայի նավահանգստի և Իրանի Արաքսի միջանցքի հետ։
Աշոտյանը շեշտում է, որ կառավարող ընկերությունում ունենալով ընդամենը 26% բաժնետոմս՝ Հայաստանը վերածվում է սոսկ վարձակալի, իսկ Սյունիքը 49 տարով հանձնվում է արտաքին կառավարման։ Արդյունքում՝ Հայաստանը հայտնվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի թիրախում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ աղմկոտ հայտարարություն է արել Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա հակամարտության վերաբերյալ։
Թրամփն ընդգծել է, որ պատերազմի ավարտը կախված է բացառապես իր որոշումից։ «Մեկն ինձ հարցրեց՝ երբ կավարտվի պատերազմն Իրանի հետ։ Ես պատասխանեցի՝ այն ժամանակ, երբ ես կցանկանամ, որ այն ավարտվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանում գտնվող թիրախներին, ինչին ի պատասխան՝ իրանական կողմը ևս պատասխան հարվածներ էր հասցրել։ Թեև այժմ հակամարտությունում դադար է նկատվում, իրավիճակը շարունակում է մնալ լարված ու չկարգավորված։
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրեն Վիկտոր Ավիլայի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին և տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը։
Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, իսկ Վիկտոր Ավիլան վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանը։
Հայաստանի դեղերի շուկայում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Քաղաքացիները կենսական նշանակության դեղերի համար վճարում են աստղաբաշխական գումարներ, մինչդեռ հարևան Վրաստանում կամ Ռուսաստանում նույն դեղերը հասանելի են 2-ից 3 անգամ ավելի էժան։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի փոխանցմամբ՝ շուկայում անհրաժեշտ 8000 անուն դեղի փոխարեն գրանցված է ընդամենը 3500-ից 6000-ը։ Պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերով գրանցման բարդ ու մեկ տարի ձգվող ընթացակարգն է, բարձր պետական տուրքերն ու փոքր շուկան։
Արդյունքում՝ քանի որ պաշտոնական գրանցում չկա, իսկ պահանջարկը հսկայական է, դեղերը Ռուսաստանից, Վրաստանից ու Եվրոպայից ներկրվում են անօրինական ճանապարհով։ Ոլորտը փաստացի կառավարվում է սև շուկայի կողմից, որի կազմակերպիչները գերշահույթներ են ստանում։
Ավելին՝ ըստ իրավապաշտպանի, պետության կողմից սահմանված կենսական նշանակության 700 անուն դեղերի 50%-ը Հայաստանում ընդհանրապես գրանցում չունի։
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի դպրոցը փակման վտանգի առաջ է։ Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանությունները սկսել են 63 աշակերտ ունեցող կրթօջախի օպտիմալացումը, ինչը մեծ բողոք է բարձրացրել գյուղում։
Մարմարիկի դպրոցի տնօրեն Նոնա Արզումանյանը փորձում է հանդարտեցնել իրավիճակը․ նա պնդում է, թե պաշտոնական հրաման չկա, բայց ընդունում է, որ երեխաներին 2000-ական դրամով Մեղրաձոր տեղափոխելու առաջարկ է եղել, որը ծնողները կտրուկ մերժել են։
Մինչդեռ Մեղրաձորի դպրոցի տնօրեն Անահիտ Մալյանը լրիվ հակառակն է փաստում։ Նա Oragir.News-ին հայտնել է, որ Նախարարությունից արդեն ստացել են շրջաբերականը՝ երկու դպրոցները միավորելու և դասապրոցեսը Մեղրաձորում անցկացնելու վերաբերյալ։
Փաստորեն, մինչ պաշտոնյաները հերքում են լուրերը, օպտիմալացման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Իսկ մարմարիկցիները պնդում են՝ թույլ չեն տալու դպրոցի փակումը։
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ի ընտրական գործընթացներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ակտիվորեն պատրաստվում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Իշխանական շրջանակներում քննարկումների առանցքում երեք համայնք է՝ Սյունիքի մարզի Կապանը, Արագածոտնի մարզի Ապարանն ու Գեղարքունիքի մարզի Սևանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է այս համայնքներում իրենց թեկնածուների հաղթանակն ապահովելը։
Հատկապես կարևորվում է Կապանի համայնքապետի ընտրությունը, որտեղ ՔՊ-ն ամեն գնով փորձում է թույլ չտալ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի հաղթանակը։ Մինչդեռ ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանը, ըստ հրապարակման, քաղաքում ընդունված կերպար չէ և ասոցացվում է կոռուպցիոն ռիսկերի հետ։
Օրաթերթը նկատում է, որ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ն, ինչպես խոստովանեց Փաշինյանը, արդեն ասոցացվում է ավտորիտար իշխանության հետ, որտեղ «ինչքան ուզում, այնքան խփում են»։
Ազգային ժողովում ընտանեկան բռնության դեմ օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ծավալուն ու էմոցիոնալ ելույթով հանդես է եկել պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը ցավով արձանագրել է, որ այս կարևոր ու զգայուն հարցը գերքաղաքականացվել է ու կառուցվել մեկ անձի քարոզարշավի շուրջ, ինչը բացասաբար է ազդել օրենքի բովանդակության վրա։
Անդրադառնալով շրջանառվող թեզերին՝ Գրիգորյանը շեշտել է, որ հայկական ընտանիքի մոդելը բռնության մասին չէ․ «Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել»,- հայտարարել է պատգամավորը՝ միաժամանակ կոչ անելով կանանց երբեք չհանդուրժել բռնությունը։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել։ Որդուն ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստի ավարտից հետո դատարանի դահլիճում վիճաբանություն ու ծեծկռտուք է բռնկվել, որի հետևանքով կան տուժածներ։
Ըստ տուժող կողմի հայտնած տեղեկությունների՝ մեղադրյալի ծնողները ներս են մտել դահլիճ, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել տուժողի ծնողների և մեղադրող դատախազի հասցեին, ապա հարձակվել նրանց վրա։ Քաշքշուկի ընթացքում հարվածներ են հասցվել նաև 71-ամյա պապիկին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Դեպքին միջամտել են դատարանի կարգադրիչները, սակայն մասնակիցները չեն ենթարկվել նրանց պահանջներին։ Ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենան և մարդատար «Գազել»-ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով երկու վարորդներն ու «Գազել»-ի 8 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Պարեկային ծառայության, Ոստիկանության Ճամբարակի բաժնի և Քննչական կոմիտեի ծառայողները։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում փաստաթղթեր են կազմվում։