Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաստատում է, որ Հայաստանում մի շարք ապօրինի գործեր կան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Վերջերս ստացվել է կարծիքը, որով հաստատվել է թե՛ դիմումատուների, թե իրավապաշտպանների համատեղ այն տեսակետը, որ չի կարող հավաքների կազմակերպման անցկացման նյութական շահագրգռվածության վերաբերյալ առկա ձևակերպումը լինել իրավաչափ։ Այդ հոդվածը օգտագործվել է ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի հարուցվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ։ ՀՀ իրավակիրառ պրակտիկայում սխալ կիրառման հետևանքով բազմաթիվ ապօրինի քրեական հետապնդումներ են նախաձեռնվել»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ հավաքներին մասնակցելուն շահագրգռելու հոդվածը սահմանադրականության խնդիր ունի․ անհստակությունն օգտագործվել է քաղաքական իշխանության կողմից։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նշեց, որ 2019-2020 թթ․ ՔՕ-ում եղել է այդ հանցակազմը, իսկ 2021 թվականին ընդունված ՔՕ-ում այս հանցակազմը բացակայում էր։ Փաստաբանը հիշեցրեց, որ քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման պահից (2022 թ․ մայիսին) Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից զեկույց էր կազմվել, որում կազմակերպությունը բացահայտել էր, որ «նյութապես շահագրգռելու» հանցակազմն առեղծվածային կերպով ներմուծվել է ՔՕ։ Այդ ժամանակ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողով այս հանցակազմի վերաբերյալ դիմում ուղարկելու պահին անգլերեն թարգմանությունը չի համապատասխանել հանցակազմի նորմատիվ տեքստին։
«Թարգմանության մեջ ավելացվել էր «հարկադրել» տերմինը, ու ստացվել էր այսպես՝ «նյութապես շահագրգռելը՝ անձին հարկադրելու հավաքին մասնակցելու համար»։ Բնականաբար, այդ ժամանակ Վենետիկի հանձնաժողովը կարծիք էր տվել, որ ՔՕ-ում նման հանցակազմ ներմուծելը միջազգային չափանիշներին համապատասխանում է։ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսելուց ու 2 ամսով կալանք նշանակելուց ընդամենը 1 ամիս անց նոր քրեական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտներ, որտեղ տվյալ հանցակազմը չկար։ Մենք էլ դատարանին հայտնեցինք ՝ 1 ամսից հոդվածն ապաքրեական է լինելու, հնարավոր չէ 2 ամսով կալանք տալ։ Ընդամենը 1 շաբաթ անց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրատապ կերպով օրինագիծ բերեց, ու կրկին «նյութապես շահագրգռելու» հանցակազմը ավելացվեց»,- ասաց Հարությունյանը։