Ներքին 1 տարի առաջ - 12:14 22-10-2025

ԱՄՆ բանկային ոլորտում հայերի հանդեպ խտրականության մասին հաղորդումները շարունակվում են

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակը (ANCA-WR) խստորեն դատապարտում է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի (CFPB) որոշումը, որը նախատեսում է ժամկետից երեք տարի շուտ դադարեցնել «Սիթիբանկի» նկատմամբ կիրառված հակախտրական վերահսկողական որոշումը՝ այն դեպքում, երբ բանկը մեղադրվում էր հայ-ամերիկացիների նկատմամբ խտրական վարկային քաղաքականություն իրականացնելու մեջ։

2023 թվականին «Սիթիբանկը» համաձայնագիր էր կնքել՝ համաձայնվելով վճարել մոտ 26 միլիոն դոլարի տուգանք և փոխհատուցում, քանի որ պարզվել էր՝ բանկը դիտավորությամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերել այն դիմորդների նկատմամբ, որոնց ազգանունները ավարտվում էին «-յան» և «-եան» վերջավորություններով։ Զեկույցների համաձայն՝ բանկի աշխատակիցները նպատակաուղղված թիրախավորել են նման ազգանուններ ունեցող անձանց՝ մերժելով վարկերի հայտերը, կեղծելով փաստաթղթերը և փորձելով թաքցնել իրենց գործողությունները։ Նախատեսվում էր, որ համաձայնագիրը գործելու է մինչև 2028 թվականը՝ ապահովելու համար երկարաժամկետ վերահսկողություն և պատասխանատվություն։

Այս որոշումը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ բանկային ոլորտում հակահայ, խտրականության մասին հաղորդումները շարունակվել են նույնիսկ 2025 թվականին։ Այս տարվա սկզբին Լոս Անջելեսի Քաղաքացիական և մարդու իրավունքների վարչությունը հաստատեց, որ շարունակում է ստանալ հայ-ամերիկացիներից բողոքներ՝ ֆինանսական հաստատությունների կողմից անարդար վերաբերմունքի վերաբերյալ։ Այս պահին «Սիթիբանկի» նկատմամբ վերահսկողությունը վաղաժամ դադարեցնելը, երբ նման հաղորդումները դեռ շարունակվում են, նշանակում է վտանգավոր նահանջ պատասխանատվությունից և թուլացնում է վստահությունը կառավարության՝ արդար վարկային քաղաքականության և հավասար վերաբերմունքի հանձնառության նկատմամբ։

«Այս որոշումը մտահոգիչ ուղերձ է, որ հայ-ամերիկացիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը չի հանդիպելու լիարժեք պատասխանատվության»,- հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ Արևմտյան ափի գրասենյակի վարչության նախագահ Օշին Հարութունեանը։

Նա նշել է, որ կարգավորող մարմինները պարտավոր են հավասարապես պաշտպանել բոլոր համայնքները և երաշխավորել, որ ոչ մի հաստատություն չկարողանա խուսափել նախապաշարմունքի և խտրականության հետևանքներից։

ANCA-WR-ը կոչ է անում CFPB-ին՝ վերանայել իր որոշումը, հրապարակավ ներկայացնել այդ քայլի հիմնավորումները, վերահաստատել իր հանձնառությունը արդար վարկային քաղաքականությանը, և ապահովել, որ ապագա խտրական դեպքերը՝ հատկապես հայ-ամերիկացիների դեմ ուղղվածները, քննվեն թափանցիկության, պատասխանատվության և արդարության սկզբունքներով։

Միևնույն ժամանակ ANCA-WR-ը հորդորում է դաշնային և նահանգային օրենսդիրներին ուժեղացնել օրենսդրական պաշտպանությունները, որպեսզի ֆինանսական հաստատությունները չկարողանան խտրական վերաբերմունք դրսևորել հայ-ամերիկացիների և բոլոր փոքրամասնությունների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie